Հովհաննես
2 Երրորդ օրը Գալիլեայի Կանայում+ մի հարսանեկան խնջույք եղավ, և Հիսուսի մայրն+ էլ էր այնտեղ։ 2 Հիսուսն ու իր աշակերտները նույնպես հրավիրված էին այդ հարսանեկան խնջույքին։
3 Երբ գինին արդեն վերջանալու վրա էր, Հիսուսի մայրն+ ասաց նրան. «Գինի չունեն»։ 4 Բայց Հիսուսն ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ կին+։ Իմ ժամը դեռ չի եկել»+։ 5 Նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»+։ 6 Այնտեղ ջրի՝ քարե վեց կարասներ կային (ինչպես որ պահանջվում էր հրեաների մաքրվելու+ կանոններով), որոնցից յուրաքանչյուրը կարող էր պարունակել երկուսից երեք մար* հեղուկ։ 7 Հիսուսն ասաց նրանց. «Այդ կարասները ջրով լցրեք»։ Եվ նրանք բերնեբերան լցրին դրանք։ 8 Ապա ասաց. «Այժմ մի քիչ հանեք ու տարեք խնջույքը կազմակերպողին»։ Նրանք էլ տարան։ 9 Երբ խնջույքը կազմակերպողը համտեսեց այդ ջուրը, որը գինի էր դարձել+ (նա չգիտեր, թե որտեղից է այն, բայց սպասավորները, որոնք հանել էին ջուրը, գիտեին), իր մոտ կանչեց փեսային 10 ու ասաց. «Ուրիշները սկզբում լավ գինին+ են մատուցում, և երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են դնում։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։ 11 Գալիլեայի Կանայում սա անելով՝ Հիսուսն իր հրաշքների սկիզբը դրեց, և այդպիսով նա իր փառքը+ հայտնի դարձրեց, ու նրա աշակերտները հավատացին նրան։
12 Դրանից հետո նա իր մոր, եղբայրների+ և աշակերտների հետ գնաց Կափառնայում+, սակայն նրանք երկար չմնացին այնտեղ։
13 Այժմ երբ հրեաների Պասեքը+ մոտ էր, Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ+։ 14 Տաճարում նա տեսավ եզներ, ոչխարներ ու աղավնիներ+ վաճառողների և դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ։ 15 Պարաններից մի մտրակ պատրաստելով՝ նա տաճարից դուրս վռնդեց բոլորին իրենց եզների ու ոչխարների հետ, ցիրուցան արեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները+։ 16 Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը+ այլևս առևտրի տուն մի՛ դարձրեք»+։ 17 Եվ նրա աշակերտները հիշեցին գրվածը. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը պիտի ուտի ինձ»+։
18 Հրեաները հարցրին նրան. «Ի՞նչ նշան+ ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդպես վարվելու»։ 19 Հիսուսը պատասխանեց նրանց. «Քանդե՛ք այս տաճարը+, և ես երեք օրում կկանգնեցնեմ այն»։ 20 Հրեաներն ասացին. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, և դու երեք օրո՞ւմ ես կանգնեցնելու»։ 21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում+։ 22 Եվ երբ նա հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին+, որ ասում էր այդ մասին. այդպիսով նրանք հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։
23 Երբ նա Պասեքի տոնին+ Երուսաղեմում էր, շատերը, տեսնելով նրա կատարած նշանները+, հավատացին նրա անվանը+։ 24 Սակայն Հիսուսը լիովին չէր վստահում նրանց+, քանի որ գիտեր նրանց բոլորին 25 և կարիք չուներ, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, որովհետև անձամբ գիտեր, թե ինչ կա մարդու սրտում+։