Եզեկիել
29 Տասներորդ տարվա տասներորդ ամսում՝ ամսվա տասներկուերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ. 2 «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղիր դեպի փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը+, մարգարեացիր նրա ու ողջ Եգիպտոսի դեմ+ և 3 ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ փարավոն՝ Եգիպտոսի թագավոր+՝ մեծ ծովահրեշ+, որ փռվել ես Նեղոսի ջրանցքների վրա+ և ասում ես. «Նեղոս գետն իմն է, ե՛ս, ե՛ս եմ ստեղծել այն ինձ համար»+։ 4 Ես քո ծնոտին կարթ կանցկացնեմ+ և այնպես կանեմ, որ քո Նեղոսի ջրանցքների ձկները կպչեն թեփուկներիդ։ Ես քո Նեղոսի ջրանցքներից կհանեմ քեզ և բոլոր ձկներին, որ կպած են թեփուկներիդ։ 5 Քեզ կթողնեմ անապատում, քեզ ու քո Նեղոսի ջրանցքների բոլոր ձկներին+։ Դու կընկնես դաշտում+, և այն, ինչ կմնա քո մարմնից, չեն վերցնի ու չեն հավաքի։ Քեզ որպես կերակուր կտամ երկրի գազաններին ու երկնքի թռչուններին+։ 6 Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները պիտի իմանան, որ ես Եհովան եմ+, քանի որ նրանք Իսրայելի տան համար եղեգնյա հենարան եղան+։ 7 Երբ նրանք ձեռքով բռնվեցին քեզնից, դու կոտրվեցիր+, և քո պատճառով նրանց ուսը պատռվեց։ Երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու ջարդվեցիր+, և քո պատճառով նրանց մեջքը դողաց»+։
8 Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես սուր կբերեմ քեզ վրա+ ու քո միջից բնաջինջ կանեմ թե՛ մարդուն, թե՛ ընտանի կենդանուն+։ 9 Եգիպտոսը ամայի ու ավերված վայր կդառնա+։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, քանի որ նա ասում էր. «Նեղոս գետն իմն է, ես եմ ստեղծել այն»+։ 10 Դրա համար ես քո ու քո Նեղոսի ջրանցքների դեմ եմ+։ Եգիպտոսը Մագդոլից+ մինչև Սուհեն+ ու մինչև Եթովպիայի սահմանն ավերակ կդարձնեմ, չոր երկիր ու ամայի վայր+։ 11 Նրա միջով չի անցնի ո՛չ մարդ+ և ո՛չ էլ ընտանի կենդանի+, և այն քառասուն տարի անբնակ կլինի+։ 12 Եգիպտոսը ամայի կդարձնեմ ամայացած երկրների մեջ+, և նրա քաղաքները քառասուն տարի ամայի կլինեն ավերակ դարձած քաղաքների մեջ+։ Եգիպտացիներին ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ երկրների մեջ»+։
13 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քառասուն տարվա վերջում+ ես կհավաքեմ եգիպտացիներին այն ժողովուրդների միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան կլինեն+։ 14 Ես կվերադարձնեմ եգիպտացիների գերիներին ու հետ կբերեմ Պաթուրես+՝ իրենց ծննդավայրը, և այնտեղ նրանք աննշան թագավորություն կդառնան։ 15 Այն կցածրանա մյուս թագավորություններից և այլևս իրեն բարձր չի դասի ուրիշ ազգերից+։ Նրանց այնքան քիչ կդարձնեմ, որ ուրիշ ազգերի վրա չեն իշխի+։ 16 Իսրայելի տան համար այն այլևս ապավեն չի լինի+, և նրանք այլևս չեն դիմի նրան՝ այդպիսով հիշեցնելով իրենց հանցանքի մասին+, և պիտի իմանան, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»»։
17 Քսանյոթերորդ տարվա առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ. 18 «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ հրամայեց, որ իր զորքը մեծ աշխատանք կատարի ընդդեմ Տյուրոսի+։ Բոլորի գլուխները ճաղատացան, և բոլորի ուսերը հարվեցին+։ Սակայն նա և իր զորքը Տյուրոսից վարձ+ չստացան նրա դեմ կատարած աշխատանքի դիմաց։
19 Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին տալիս եմ Եգիպտոսը+, և նա իր հետ կտանի նրա հարստությունը, մեծ ավար կվերցնի+ ու մեծ կողոպուտ կանի. դա՛ կլինի իր զորքի վարձը»։
20 «Ես նրան Եգիպտոսն եմ տվել Տյուրոսի դեմ կատարած աշխատանքի դիմաց, որովհետև նրանք դա ինձ համար արեցին»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։
21 Այդ օրը ես այնպես կանեմ, որ մի եղջյուր աճի Իսրայելի տան համար+, և քեզ հնարավորություն կտամ, որ բերանդ բաց անես նրանց մեջ+։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»։