Ղուկաս
8 Դրանից հետո նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը+։ Եվ տասներկու առաքյալները նրա հետ էին, 2 նաև մի քանի կանայք+, որ ազատվել էին չար ոգիներից ու բուժվել հիվանդություններից՝ Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, և որից յոթ դև էր դուրս եկել+, 3 Հովհաննան+՝ Հերովդեսի գործավար Քուզայի կինը, Սուսաննան և ուրիշ շատ կանայք, որոնք ծառայում էին նրանց՝ կիսելով նրանց հետ իրենց ունեցածը։
4 Երբ Հիսուսի շուրջը մարդկանց մեծ բազմություն հավաքվեց, որոնց մեջ կային նաև մարդիկ, ովքեր տարբեր քաղաքներից նրա մոտ էին եկել, նա սկսեց մի առակ պատմել+. 5 «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու։ Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին ու կոխկռտվեցին, և երկնքի թռչունները կերան+։ 6 Մի մասն ընկավ ապառաժի վրա, ծիլ տվեց և խոնավություն չլինելու պատճառով չորացավ+։ 7 Մյուս մասն ընկավ փշերի մեջ, և փշերը, որ դրանց հետ աճեցին, խեղդեցին դրանց+։ 8 Մյուս մասն էլ ընկավ լավ հողի մեջ և ծիլ տալով՝ հարյուրապատիկ պտուղ տվեց»+։ Այս բաներն ասելուց հետո նա բացականչեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։
9 Աշակերտները հարցրին նրան, թե ինչ է նշանակում այդ առակը+։ 10 Նա էլ ասաց. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքները, բայց ուրիշների համար դրանք պարզապես առակներ են+, որպեսզի նայելով զուր տեղը նայեն և լսելով իմաստը չըմբռնեն+։ 11 Առակի նշանակությունը+ սա է. սերմը Աստծու խոսքն է+։ 12 Ճանապարհի եզրին ընկած սերմերը նրանք են, որ լսում են խոսքը+, հետո Բանսարկուն+ գալիս է և նրանց սրտերից այն տանում է, որպեսզի նրանք չհավատան ու չփրկվեն+։ 13 Ապառաժի վրա ընկած սերմերը նրանք են, որ երբ խոսքը լսում են, ուրախությամբ ընդունում են այն, բայց արմատ չունեն։ Մի որոշ ժամանակ հավատում են, սակայն փորձության ժամանակ հեռանում են+։ 14 Փշերի մեջ ընկածները նրանք են, որ լսում են, բայց հոգսերից, հարստությունից և այս կյանքի հաճույքներից+ տարվելով՝ ամբողջությամբ խեղդվում են և նրանց պտուղը չի հասցնում հասունանալ+։ 15 Իսկ լավ հողի մեջ ընկածները նրանք են, որ լավ և բարի սիրտ ունեն+, և խոսքը լսելուց հետո պահում են այն ու տոկունություն դրսևորելով՝ պտուղ բերում+։
16 Ոչ ոք ճրագը չի վառում և հետո անոթով ծածկում կամ մահճի տակ դնում, այլ դնում է ճրագակալի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն+, 17 որովհետև չկա մի թաքուն բան+, որ հայտնի չդառնա, և պահված մի բան, որ երբևէ չիմացվի ու չբացահայտվի+։ 18 Ուստի ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում. որովհետև ով ունի, նրան ավելին կտրվի+, իսկ ով չունի, նույնիսկ այն, ինչ որ կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»+։
19 Հիսուսի մայրն ու եղբայրները+ նրա մոտ եկան, բայց ամբոխի պատճառով չկարողացան նրան մոտենալ+։ 20 Նրան ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են տեսնել քեզ»+։ 21 Նա էլ ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ լսում են Աստծու խոսքը և կատարում»+։
22 Մի օր նա իր աշակերտների հետ նավ մտավ ու ասաց նրանց. «Եկեք լճի մյուս կողմն անցնենք»։ Եվ նրանք ճանապարհ ընկան+։ 23 Մինչ աշակերտները նավարկում էին, Հիսուսը քնեց։ Հանկարծ մի ուժգին փոթորիկ բարձրացավ լճի վրա. նավը ջրով էր լցվում, և նրանք վտանգի մեջ էին+։ 24 Այդ ժամանակ նրանք մոտեցան ու վեր կացրին Հիսուսին՝ ասելով. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կործանվո՛ւմ ենք»+։ Վեր կենալով նա քամուն ու մոլեգնած ջրերին սաստեց+։ Փոթորիկը խաղաղվեց, ու հանդարտություն տիրեց։ 25 Ապա ասաց նրանց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Իսկ նրանք, վախով բռնված, զարմացած ասում էին իրար. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամիներին ու ջրին է հրամայում, և դրանք հնազանդվում են նրան»+։
26 Հետո նավարկելով հասան գերասացիների երկիրը, որը Գալիլեայի հանդիպակաց կողմում է+։ 27 Բայց երբ նա ափ դուրս եկավ, քաղաքից մի մարդ հանդիպեց նրան, որը դևեր ուներ։ Արդեն բավական ժամանակ էր, որ նա հագուստ չէր հագնում և տանը չէր ապրում, այլ գերեզմաններում էր մնում+։ 28 Հիսուսին տեսնելով՝ նա աղաղակեց և նրա առաջ ընկնելով՝ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ+, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Աղաչո՛ւմ եմ քեզ, մի՛ տանջիր ինձ»+ 29 (որովհետև նա հրամայում էր անմաքուր ոգուն, որ դուրս գա այդ մարդու միջից։ Արդեն երկար ժամանակ էր, ինչ այդ ոգին նրան իր իշխանության տակ էր պահում+։ Շատ անգամ էին փորձել այդ մարդուն շղթաներով ու ոտնակապերով կապել և պահել հսկողության տակ, բայց կտրել էր կապանքները և դևի կողմից տարվել անբնակ վայրեր)։ 30 Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»։ Նա էլ ասաց՝ Լեգեոն, որովհետև շատ դևեր էին մտել նրա մեջ+։ 31 Եվ նրանք աղաչում էին+, որ իրենց չհրամայի անդունդը+ գնալ։ 32 Այնտեղ խոզերի+ մի մեծ երամակ կար, որ արածում էր լեռան վրա, ուստի աղաչեցին նրան, որ իրենց թույլ տա խոզերի մեջ մտնել+։ Եվ նա թույլ տվեց։ 33 Դևերն էլ դուրս եկան այդ մարդու միջից ու խոզերի մեջ մտան։ Եվ երամակը գահավեժ տեղից ցած նետվեց լիճը ու խեղդվեց+։ 34 Իսկ խոզարածները, տեսնելով պատահածը, փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում+։
35 Այդ ժամանակ մարդիկ դուրս ելան պատահածը տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը դուրս էին եկել։ Նա, հագնված ու խելքը տեղը եկած, նստել էր Հիսուսի ոտքերի մոտ, ուստի նրանք վախով լցվեցին+։ 36 Ականատեսներն էլ նրանց իմացրին, թե ինչպես դիվահար մարդը բուժվեց+։ 37 Ուստի գերասացիների շրջակա վայրերից եկած ողջ բազմությունը խնդրեց Հիսուսին, որ իրենց մոտից հեռանա, որովհետև նրանք շատ էին վախեցել+։ Նա էլ մտավ նավը ու հետ դարձավ։ 38 Սակայն այն մարդը, որից դևերը դուրս էին եկել, աղերսում էր, որ թույլ տա իր հետ մնալ, բայց նա ուղարկեց նրան՝ ասելով+. 39 «Վերադարձիր քո տուն և պատմիր, թե Աստված ինչեր արեց քեզ համար»+։ Ուստի նա գնաց և ամբողջ քաղաքով մեկ պատմում էր, թե Հիսուսն ինչեր արեց իր համար+։
40 Երբ Հիսուսը վերադարձավ, բազմությունը սիրով ընդունեց նրան, որովհետև բոլորը նրան էին սպասում+։ 41 Այդ ժամանակ Հայրոս անունով մի մարդ եկավ, որը ժողովարանի պետ էր։ Նա Հիսուսի ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել նրան, որ իր տուն գա+, 42 որովհետև իր տասներկու տարեկան մինուճար աղջիկը մահամերձ էր+։
Մինչ Հիսուսը գնում էր այնտեղ, ամբոխը նեղում էր նրան+։ 43 Մի կին, որը տասներկու տարի տառապում էր արյունահոսությամբ+, և ոչ մեկը չէր կարողացել նրան բուժել+, 44 հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի վերնահագուստի+ ծոպերին+, և արյունահոսությունն իսկույն դադարեց+։ 45 Հիսուսը հարցրեց. «Այդ ո՞վ դիպավ ինձ»+։ Բոլորը սկսեցին հերքել, իսկ Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, ամբոխն է սեղմում քեզ ու նեղում»+։ 46 Բայց Հիսուսն ասաց. «Ինչ-որ մեկը դիպավ ինձ, որովհետև ես զգացի, որ ինձանից զորություն+ դուրս եկավ»+։ 47 Տեսնելով, որ աննկատ չի մնացել՝ կինը դողալով մոտեցավ և ընկավ նրա առաջ ու բոլորի ներկայությամբ պատմեց, թե ինչու դիպավ նրան և թե ինչպես իսկույն բուժվեց+։ 48 Նա էլ ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ+։ Գնա խաղաղությամբ»+։
49 Երբ նա դեռ խոսում էր, ժողովարանի պետի մարդկանցից մեկը եկավ ու ասաց. «Աղջիկդ մահացավ, էլ մի՛ անհանգստացրու ուսուցչին»+։ 50 Սա լսելով՝ Հիսուսն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, միայն հավատա+, և նա կփրկվի»։ 51 Երբ տուն հասավ, ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ ներս մտնի, բացի Պետրոսից, Հովհաննեսից, Հակոբոսից և աղջկա ծնողներից+։ 52 Այնտեղ եղող բոլոր մարդիկ ողբում էին ու վշտից կուրծք ծեծում։ Նա ասաց. «Լաց մի՛ եղեք+, որովհետև նա չի մահացել, այլ քնած է»+։ 53 Սա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա, քանի որ գիտեին, որ աղջիկը մահացել է+։ 54 Իսկ նա բռնեց աղջկա ձեռքից ու կանչեց. «Աղջի՛կ, վե՛ր կաց»+։ 55 Նրա ոգին*+ հետ եկավ, և նա իսկույն վեր կացավ+։ Հիսուսն էլ պատվիրեց, որ նրան ուտելու բան տան+։ 56 Նրա ծնողները ապշահար եղան, իսկ նա պատվիրեց ոչ մեկի չպատմել պատահածի մասին+։