94 Ո՛վ վրեժխնդրության Աստված, Եհո՛վա+,
Ո՛վ վրեժխնդրության Աստված, փայլատակի՛ր+։
2 Վե՛ր կաց, ո՛վ երկրի Դատավոր+,
Արժանի՛ն հատուցիր ամբարտավաններին+։
3 Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա+,
Մինչև ե՞րբ պիտի չարերը ուրախանան+։
4 Նրանք բարբառում են, անզուսպ բաներ են խոսում+.
Բոլոր չարիք գործողները պարծենում են+։
5 Քո ժողովրդին, ո՛վ Եհովա, նրանք ճզմում են+,
Եվ քո ժառանգությանը՝ կեղեքում+։
6 Սպանում են այրուն ու պանդուխտին+
Եվ կոտորում են որբերին+։
7 Նրանք ասում են. «Յահը չի տեսնում+,
Հակոբի Աստվածը չի հասկանում»+։
8 Հասկացե՛ք, ո՛վ ժողովրդի միջի անմիտներ+,
Եվ դո՛ւք, հիմարնե՛ր, ե՞րբ պիտի ըմբռնեք+։
9 Մի՞թե ականջ Ստեղծողը չի կարող լսել+,
Կամ մի՞թե աչք Ձևավորողը չի կարող տեսնել+։
10 Մի՞թե ազգերին Ուղղողը չի կարող հանդիմանել+,
Նա, ով մարդկանց գիտելիք է սովորեցնում+։
11 Եհովան գիտի մարդկանց մտքերը, գիտի, որ դրանք ունայն են+։
12 Երջանիկ է այն մարդը, որին դու ուղղում ես+, ո՛վ Յահ,
Եվ որին սովորեցնում ես քո օրենքը+,
13 Որպեսզի նրան հանգստություն տաս դժբախտության օրերին+,
Մինչև որ փոս փորվի ամբարշտի համար+։
14 Եհովան չի թողնի իր ժողովրդին+,
Նա չի լքի իր ժառանգությանը+։
15 Դարձյալ արդար դատավճիռ կլինի+,
Եվ բոլոր սրտով ուղիղները նրան կհետևեն։
16 Ո՞վ ինձ համար վեր կկենա չարագործների դեմ+,
Ո՞վ ինձ համար կկանգնի ընդդեմ անօրենություն գործողների+։
17 Եթե Եհովան ինձ չաջակցեր+,
Մի փոքր ևս, և իմ հոգին լռության մեջ կբնակվեր+։
18 Երբ ասացի, թե՝ «ահա ոտքս տատանվելու է»+,
Քո սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա, նեցուկ եղավ ինձ+։
19 Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում+,
Քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս+։
20 Մի՞թե քեզ դաշնակից կդառնա այն գահը, որը թշվառություն է բերում+,
Որը չարիք է պատրաստում օրենքի միջոցով+։
21 Նրանք դաժանորեն հարձակվում են արդարի հոգու վրա+
Եվ անմեղի արյունը մեղավոր են հայտարարում+։
22 Բայց Եհովան ինձ համար ապահով բարձունք կլինի+,
Իմ Աստվածը վեմ կլինի, որտեղ կարող եմ ապաստան գտնել+։
23 Նրանց անօրենությունը նա իրենց վրա կդարձնի+
Եվ իրենց իսկ չարագործությամբ լռության կմատնի նրանց+։
Մեր Աստվածը՝ Եհովան, նրանց լռության կմատնի+։