Ինչպե՞ս կարող է արևը փայլել գիշերվա կեսին
«ՄԻ՞ԹԵ հնարավոր է, որ արևը երբեք մայր չմտնի»։ Այսպիսի հարց հաճախ եմ լսում Պապուա Նոր Գվինեայում իմ միսիոներական ծառայությունը կատարելիս, և դրա պատճառն այն է, որ ես Ֆինլանդիայից եմ։ Արևադարձային գոտիներում ցերեկվա տևողությունը տարվա ընթացքում գրեթե չի փոխվում։ Ուստի այնտեղի բնակիչներին դժվար է պատկերացնել, որ հյուսիսում արևը ամիսներ շարունակ մայր չի մտնում։ Իսկ երբ ես փորձում եմ բացատրել, որ ձմռանը արևը երբեք չի ծագում, շատերն է՛լ ավելի են ընկնում շփոթության մեջ։
Ուրեմն ինչպե՞ս է արևը փայլում գիշերվա կեսին։ Այս արտառոց երևույթը պայմանավորված է նրանով, որ Երկիր մոլորակը տարվա ընթացքում պտտվում է արևի շուրջ 23,5 աստիճան թեքությամբ։ Հետևաբար երբ հյուսիսային կիսագնդում ամառ է, Հյուսիսային բևեռը թեքված է արևի կողմը, իսկ երբ այնտեղ ձմեռ է՝ հակառակ կողմը։ Քանի որ Երկիրը օրվա ընթացքում պտտվում է նաև իր առանցքի շուրջ, Հյուսիսային բևեռային շրջագծում տարին մեկ անգամ՝ մոտավորապես հունիսի 21–ին, արևն ընդհանրապես մայր չի մտնում։ Նմանապես, տարին մեկ անգամ՝ մոտավորապես դեկտեմբերի 21–ին, արևն այնտեղ չի ծագում, չնայած որ կեսօրին հորիզոնը մի փոքր լուսավորվում է։
Որքան ավելի ես մոտենում Հյուսիսային բևեռին, ամռան ընթացքում ավելի են շատանում սպիտակ գիշերները, իսկ ձմռան ընթացքում՝ խավար բևեռային գիշերները։ Բևեռներում թե՛ գիշերը, թե՛ ցերեկը տևում են վեց ամիս։a
Ինչպե՞ս են բևեռային գոտիների բնակիչները կարողանում քնել ամռանը և ինչպե՞ս են դիմանում երկար ձմեռային գիշերներին։ Անցյալում որոշ ժողովուրդների մոտ ընդունված էր ձմռան խավար ամիսների ընթացքում երկու անգամ ավելի շատ քնել, քան ամռանը։ Սակայն մեր օրերում շատերը փոխել են իրենց ապրելակերպը և նույնչափ են քնում թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։ Այնուամենայնիվ, երկար ամառային օրերը հյուսիսի բնակիչներին մեծ եռանդ են հաղորդում։ «Երբ երեկոյան ժամը 11–ին ցերեկվա պես լույս է, ես քնելու ցանկություն չեմ ունենում,— ասում է Պատրիկը, որն ապրում է Ալյասկայում։— Դրա փոխարեն՝ խոտ եմ հնձում կամ մեկ ուրիշ գործ եմ անում»։
Մյուս կողմից՝ ամիսներ տևող ցերեկը կամ գիշերը կարող են հոգնեցուցիչ լինել՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն։ Այդ պատճառով ոմանք ամռան գիշերներին ծածկում են իրենց ննջասենյակի պատուհանները, որպեսզի լույսը ներս չթափանցի։ Իսկ ձմռանը արհեստական լույսեր են միացնում։ Եվ այս ամենն անում են իրենց քունը կարգավորելու, ինչպես նաև դեպրեսիայի մեջ չընկնելու և ուժասպառ չլինելու համար։ Չնայած այս բոլոր դժվարություններին՝ թե՛ հյուսիսի բնակիչները, թե՛ զբոսաշրջիկները ընդունում են, որ գիշերային երկնքում փայլող արևը անմոռանալի տեսարան է։ (Ուղարկված է)։
[Ծանոթագրություն]
a Անտարկտիկայում նկատվում է նույն երևույթը այն տարբերությամբ, որ երբ այնտեղ ամառ է, Արկտիկայում ձմեռ է։
[Սխեմա/նկար 31–րդ էջի վրա]
(Սխեման տեսնելու համար նայիր պարբերագրում)
Երկրի առանցքի թեքության պատճառով Հյուսիսային բևեռը ամռան ընթացքում մշտապես լուսավոր է, իսկ ձմռանն ընկղմված է մշտական խավարի մեջ (նկարը պատկերված է հյուսիսային կիսագնդի օրինակով)
Ձմեռ
Աշուն
Ամառ
Գարուն
Օրվա ընթացքում Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ
[Նկար 31–րդ էջի վրա]
Նկարում պատկերված է արևի հետագիծը գիշերվա ընթացքում
[Թույլտվությամբ]
© Paul Souders/WorldFoto