Համագործակցող և հոգատար ծնողներ
◼ Ջերմաստիճանը Հարավային Աֆրիկայի բարձրադիր գոտիներում և սարալանջերում հասնում է զրոյի։ Երրորդ հարկում գտնվող իմ տաք գրասենյակի պատուհանից երևում է, թե ինչպես են տերևաթափ ծառի ճյուղերը ճոճվում ձմռան քամուց։ Ես հուզմունքով նայում եմ, թե ճյուղերի արանքում պատսպարված տատրակը ինչպես է տաքացնում իր երեք օրական ձագուկներին։
Նախքան առաջին անգամ ձու դնելը տատրակները միասին հյուսեցին իրենց բույնը. արուն փոքր ճյուղեր էր բերում, իսկ էգը դրանք գեղեցիկ դասավորում էր։ Նրանք միասին այնքան ամուր բույն հյուսեցին, որ նույնիսկ ցրտաշունչ քամին չկարողացավ քանդել այն։ Այդ բնում նրանք երկու անգամ ձագուկներ ունեցան։ Մայրը թուխս էր նստում գիշերը, իսկ հայրը՝ ցերեկը։ Մոտավորապես երկու շաբաթից ձագերը ձվից դուրս եկան։ Եվս երկու շաբաթ հետո ձագուկներն արդեն կկարողանան թռչել։ Հապա լսիր նրանց հաճելի ղունղունոցը. ասես ծիծաղում են։
Իր սոված ձագուկներին կերակրելու համար, էգը քուջը, կամ՝ կտնառքը լիքը կեր է բերում, թռչում է մոտակա ճյուղին և նշան է անում իր զույգին, որ հիմա նրա գնալու հերթն է։ Նույնիսկ երբ թռչնակներն արդեն կարողանում են լավ թռչել, ծնողները շարունակում են կերակրել նրանց, մինչև որ սովորեն ինքնուրույն կեր գտնել։
Հաճախ եմ հիացմունքով նայում, թե ինչպես են այս փոքրիկ թռչունները համագործակցում և սիրով հոգ տանում իրենց ձագուկներին։ Մինչդեռ դա ընդամենը բնազդ է, որ փոխանցվում է ժառանգաբար։ Սա մեզ հիշեցնում է սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Քեզ նմանը չ’կայ...., Տէր, եւ չ’կայ քո գործքերի պէս» (Սաղմոս 86։8)։
Իր Խոսքում Եհովա Աստված ծնողներին տալիս է այնպիսի առաջնորդություն, որն այնքան հուսալի է, որքան այն բնազդը, որ դրված է տատրակների մեջ։ Օրինակ՝ Աստվածաշունչը հորդորում է մայրերին «սիրել իրենց երեխաներին» (Տիտոս 2։4)։ Իսկ հայրերին ասում է. «Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակե՛ք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4; 1 Տիմոթեոս 5։8)։ Անկասկած, Աստված գնահատում է այն ծնողներին, ովքեր հետևում են այս խորհուրդներին։