Գլուխ 104
Աստծու ձայնը լսվում է երրորդ անգամ
ՏԱՃԱՐՈՒՄ Հիսուսին տանջում է իր մոտալուտ մահվան միտքը։ Նրա միակ մտահոգությունն այն է, թե դա ինչպես կանդրադառնա իր Հոր հեղինակության վրա։ Ուստի նա աղոթում է. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։
Այդ պահին մի զորեղ ձայն է լսվում երկնքից. «Փառավորեցի՛ և դարձյա՛լ կփառավորեմ»։
Այնտեղ կանգնած ժողովուրդը շփոթության մեջ է։ «Հրեշտակ խոսեց նրա հետ»,— ասում են ոմանք։ Իսկ մյուսներն ասում են, թե դա որոտ էր։ Բայց իրականում Եհովա Աստված էր խոսողը։ Սակայն սա առաջին անգամը չէ, որ Հիսուսի ծառայության ընթացքում լսվում է Աստծու ձայնը։
Երբ երեքուկես տարի առաջ Հիսուսը մկրտվեց, Հովհաննես Մկրտիչը լսեց Աստծու ձայնը, որ Հիսուսի մասին ասաց. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»։ Բացի այդ, նախորդ Պասեքից որոշ ժամանակ անց, երբ Հիսուսը այլակերպվեց Հակոբոսի, Հովհաննեսի և Պետրոսի առաջ, նրանք լսեցին Աստծու ձայնը, որն ասաց. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք»։ Եվ այժմ՝ նիսանի 10–ին, Հիսուսի մահից չորս օր առաջ, մարդիկ երրորդ անգամ են լսում Աստծու ձայնը։ Սակայն այս անգամ Եհովան այնպես է խոսում, որ մարդկանց մեծ բազմություն լսի։
Հիսուսն ասում է. «Այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, այլ ձեզ համար»։ Այդ ձայնն ապացույցն է այն բանի, որ Հիսուսն իրոք Աստծու Որդին է՝ խոստացված Մեսիան։ «Հիմա դատն է այս աշխարհի,— շարունակում է Հիսուսը,— հիմա այս աշխարհի իշխանը դուրս կնետվի»։ Հիսուսի կյանքի հավատարիմ ընթացքը հաստատում է, որ Բանսարկու Սատանան՝ այս աշխարհի իշխանը, արժանի է «դուրս նետվելու», այսինքն՝ կործանվելու։
Ցույց տալով, թե ինչ կլինի իր մոտալուտ մահվան արդյունքում՝ Հիսուսն ասում է. «Սակայն երբ ես բարձրացվեմ երկրից, ամեն տեսակ մարդկանց դեպի ինձ կձգեմ»։ Նրա մահը ոչ մի դեպքում պարտություն չէ, քանի որ դրա միջոցով նա ուրիշ շատերին կձգի իր մոտ, որպեսզի նրանք հավիտյան ապրեն։
Բայց ժողովուրդն առարկում է. «Մենք Օրենքից լսել ենք, որ Քրիստոսը հավիտյան է մնալու, դու ինչպե՞ս ես ասում, թե մարդու Որդին պետք է բարձրացվի։ Ո՞վ է այդ մարդու Որդին»։
Չնայած բոլոր ապացույցներին, որոնցից մեկը անձամբ Աստծու ձայնը լսելն է՝ շատերը չեն հավատում, որ Հիսուսը ճշմարտապես մարդու Որդին է՝ խոստացված Մեսիան։ Ուստի, ինչպես վեց ամիս առաջ Տաղավարների տոնի ժամանակ, այնպես էլ հիմա Հիսուսը կրկին խոսում է իր մասին իբրև «լույսի» և հորդորում է իր ունկնդիրներին՝ ասելով. «Քանի դեռ լույսն ունեք, հավա՛տ ընծայեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։ Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը հեռանում է այդտեղից և թաքնվում հավանաբար այն պատճառով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։
Հրեաները չեն հավատում Հիսուսին, և այդպիսով կատարվում է Եսայիայի մարգարեությունն այն մասին, որ նրանց աչքերը կուրացել են և նրանց սրտերը կարծրացել են, որ ետ չդառնան ու բժշկվեն։ Եսայիան տեսիլքի միջոցով տեսավ Եհովայի երկնային գավիթները, նաև Հիսուսին իր այն փառքով, որ նախքան երկիր գալը ուներ Եհովայի մոտ։ Հրեաները, ի կատարում Եսայիայի գրած խոսքերի, համառորեն մերժում են այն փաստը, որ հենց Հիսուսն է իրենց խոստացված Ազատարարը։
Մյուս կողմից, սակայն, նույնիսկ իշխաններից շատերը (հավանաբար հրեաների գերագույն ատյանի՝ Սինեդրիոնի անդամները) հավատ են ընծայում Հիսուսին։ Նիկոդեմոսն ու արիմաթեացի Հովսեփը նրանցից երկուսն են։ Սակայն այդ իշխանները, համենայնդեպս այժմ, չեն արտահայտում իրենց հավատը՝ վախենալով կորցնել ժողովարանում իրենց ունեցած դիրքը։ Ի՜նչ մեծ բան են կորցնում այս մարդիկ։
Հիսուսը շարունակում է իր խոսքը. «Նա, ով հավատում է ինձ, ոչ միայն ինձ է հավատում, այլև նրան, ով ուղարկեց ինձ. և նա, ով տեսնում է ինձ, տեսնում է նաև նրան, ով ուղարկեց ինձ։ .... Բայց եթե մեկը լսում է իմ խոսքերը և չի պահում դրանք, ես չեմ դատում նրան, որովհետև ես եկա, որ ոչ թե աշխարհը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհը։ .... Այն խոսքը, որ ես ասացի, ա՛յն կդատի նրան վերջին օրը»։
Աշխարհի, այսինքն՝ մարդկության հանդեպ սերը Եհովային մղեց, որ ուղարկի Հիսուսին, որպեսզի նրան հավատացողները փրկվեն։ Սակայն կփրկվեն մարդիկ, թե ոչ՝ կախված է նրանից, թե արդյոք կհնազանդվեն Հիսուսի խոսքերին, որ Աստված պատվիրել է նրան ասել։ Դատաստանը կլինի «վերջին օրը»՝ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։
Հիսուսը եզրափակում է. «Ես ոչ թե ինձանից խոսեցի, այլ ինձ ուղարկող Հայրը՝ նա ինքը պատվեր տվեց ինձ, թե ի՛նչ պիտի ասեմ և ի՛նչ պիտի խոսեմ։ Նաև ես գիտեմ, որ նրա պատվերը հավիտենական կյանք է նշանակում։ Ուստի այն բաները, որ ես խոսում եմ, ինչպես որ Հայրն է ինձ ասել, այնպես եմ խոսում»։ Հովհաննես 12։28–50; 19։38, 39; Մատթեոս 3։17; 17։5; Եսայիա 6։1, 8–10։
▪ Ի՞նչ երեք առիթներով է լսվել Աստծու ձայնը։
▪ Ինչպե՞ս Եսայիա մարգարեն տեսավ Հիսուսի փառքը։
▪ Ովքե՞ր են այն իշխանները, որոնք հավատում են Հիսուսին, բայց ինչո՞ւ նրանք բացահայտ չեն արտահայտում իրենց հավատը։
▪ Ի՞նչ է «վերջին օրը», և ինչի՞ հիման վրա մարդիկ կդատվեն այդ ժամանակ։