Նամակ՝ Կառավարիչ մարմնից
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր
Զմյուռնիայի ժողովին հղած իր ուղերձում Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցիր այն տառապանքներից, որ կրելու ես» (Հայտն. 2։10)։ Նրա այդ քաջալերական հորդորը վերաբերում է նաև մեզ՝ «Տիրոջ օրվա» ժամանակահատվածում ապրողներիս (Հայտն. 1։10)։ Ակնհայտ է, որ այժմ մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1-5)։ Եվ ամբողջ աշխարհում մեր հավատակիցները քաջությամբ դիմագրավում են հավատի լուրջ փորձություններ ու Եհովային հավատարիմ են մնում, ինչը մեզ անչափ ուրախացնում է։
Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ ոչ մի դեպքում չլինենք վախից «նահանջողների» թվում և մինչև վերջ ամուր մնանք (Եբր. 10։39)։ Գուցե երբեմն դժվար լինի վախին տեղի չտալ, քանի որ հաճախ բախվում ենք հակառակության ու հալածանքի։ Բայց անկախ նրանից՝ բնույթով համարձակ ենք, թե ամաչկոտ, միշտ էլ կարող ենք վճռել Եհովայի կողմը կանգնել և ճիշտն անել։ Ի՞նչը կարող է օգնել մեզ այդ հարցում։
Աստծու Խոսքը կօգնի մեզ քաջությամբ լցվել։ Այնտեղ կան խիզախ մարդկանց բազմաթիվ օրինակներ։ Այս գրքի նպատակն է՝ օգնել ձեզ խորությամբ ուսումնասիրել այդ մարդկանց թողած լավ օրինակները և խորհրդածել դրանց շուրջ։ Աստվածաշնչյան այդ պատմությունները ուսումնասիրելիս աղոթեք Եհովային ու մտածեք, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ հաղթահարելու ձեր ունեցած խնդիրները և ապագայում սպասվող դժվարությունները։ Նաև մտածեք, թե Եհովայի օգնությամբ ինչպես կարող եք դուք էլ քաջ լինել, և այդ մարդկանց դրսևորած քաջությունն ու հավատը ինչպես կարող են օգնել ձեզ հետևյալ հարցերում։
Եհովայի կամքի համաձայն փոփոխություններ անել (Հակ. 3։17)։ Երբ Եհովան մերժեց Սավուղին և նրա փոխարեն թագավոր ընտրեց երիտասարդ Դավթին, Հովնաթանը, քաջություն ու նվիրվածություն դրսևորելով, սրտանց թիկունք կանգնեց Եհովայի որոշմանը։
Հավատարիմ մնալ Եհովայի սահմանած սկզբունքներին (Եբր. 11։32-34)։ Հանանիան, Միսայելը և Ազարիան նախընտրեցին մեռնել բորբոքված հնոցում, քան զիջումների գնալ իրենց սկզբունքների հարցում և կուռք պաշտել։
Համարձակորեն հայտնել աստվածաշնչյան ճշմարտությունը (Մատթ. 22։16)։ Տարսոնացի Սողոսը Հիսուսի մասին ճշմարտությունը անվախորեն հայտնեց այն մարդկանց, ովքեր ակնկալում էին, որ նա իրենց կաջակցի Հիսուսի հետևորդներին հալածելու հարցում։
Աղոթում ենք, որ այս հրատարակությունը օգնի ձեզ ավելի ամուր հավատ ունենալ և ավելի քաջ լինել (Սաղ. 27։14)։ Վստահ ենք, որ դուք կշարունակեք ձեր ընտանիքի անդամներին և ձեր հավատակիցներին օգնել, որ քաջաբար թիկունք կանգնեն Աստծու թագավորությանը։ Թող Եհովան առատորեն օրհնի ձեր ջանքերը։
Ձեր եղբայրներ՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին