ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Դիտավորյալ ստելը, թյուրիմացության՝ մոլորության մեջ գցելը կամ ճշմարտությունն աղավաղելը՝ նպատակ ունենալով դիմացինին դրդել, որ հրաժարվի իրեն պատկանող ինչ-որ թանկ բանից կամ օրինական իրավունքից։ «Խարդախություն անել» թարգմանված եբրայերեն բառը (աշակ; 2Օր 24։14) հիմնականում ունի ուժը, իշխանությունը կամ հեղինակությունը չարաշահելու միտք։ Ուստի այն թարգմանվում է նաև «ճնշել» (Ժղ 4։1; Ես 52։4)։ Հունարեն ապոստերեո բայը նշանակում է «զրկել», «խաբեությամբ կորզել» (1Կթ 7։5; Մկ 10։19)։ Հունարեն դոլոս գոյականը նույնպես թարգմանվել է «խաբեություն» (Մկ 7։22; Գրծ 13։10)։
Աստվածաշնչում խաբեությունը հիշատակվում է գլխավորապես գործնական հարաբերությունների առնչությամբ։ Աստծու օրենքն արգելում էր անազնիվ գործարքներ անել։ Իսրայելացիները պետք է ազնվությամբ վարվեին միմյանց հանդեպ։ Օրենքը պաշտպանում էր վարձու աշխատողի իրավունքները (Ղև 19։13; 2Օր 24։14; հմմտ. Հկ 5։4)։ Աստծու «պատվիրանները» հիշատակելիս Հիսուս Քրիստոսը նշեց «Ոչ մեկից խաբեությամբ ոչինչ մի՛ կորզիր» պատվիրանը (Մկ 10։19)։ Օրենքի ուխտի համաձայն՝ եթե մեկը խարդախությամբ մի բան շորթեր իր դրացուց, բայց հետո զղջար ու խոստովաներ իր արածը, պետք է տուժածին ամբողջությամբ փոխհատուցեր վնասի դիմաց ու ավելացներ դրա արժեքի հինգերորդ մասը, ինչպես նաև հանցանքի զոհ մատուցեր Եհովային (Ղև 6։1-7)։
Աստվածաշունչը խաբեության ձև է համարում նաև կեղծ կրոնները։ Պողոսը խիստ դատապարտեց կախարդ Ելիմասին, և վերջինս կուրացավ, քանի որ խաբեությամբ ու չարությամբ լցված մարդ էր, ով «խեղաթյուրում էր Եհովայի ուղիղ ճանապարհները» (Գրծ 13։8-11)։ Պողոսը նաև նախատեց Կորնթոսի քրիստոնյաներին, ովքեր մեկը մյուսին դատի էին տալիս։ Առաքյալն ասաց, որ նրանք վնաս էին պատճառում ու խաբում էին իրենց եղբայրներին, երբ սրբերի մոտ գնալու փոխարեն դիմում էին անհավատների օգնությանը։ Ավելի լավ կլիներ, որ իրենք վնաս կրեին ու խաբված դուրս գային, քան նման հարցերը ներկայացնեին Աստծուն չծառայող մարդկանց (1Կթ 6։1-8)։
Աստվածաշունչը բազմիցս հորդորում է հեռու մնալ խաբեությունից ու խարդախությունից և դատապարտում է դրանք։ Այն նաև հայտնում է, որ Աստված դատելու է խաբեբաներին ու խարդախներին և իր ժողովրդին փրկելու է նրանց ձեռքից (Սղ 62։10; 72։4; 103։6; Առ 14։31; 22։16; 28։16; Մք 2։1, 2; Մղք 3։5)։