Ձեր խոսքերով խոցո՞ւմ եք, թե՞ բուժում
ԱՅՍ դժվարին ժամանակներում հասկանալի է, որ շատերն են ‘սրտով կոտրուած’ ու ‘հոգով փշրուած’ (Սաղմոս 34։18)։ Ի զուր չէր, որ Պողոս առաքյալը շեշտեց ‘փոքրասիրտներին մխիթարելու’ և ‘տկարներին օգնական լինելու’ մշտական անհրաժեշտությունը (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱԹ)։ Բայց ինչպե՞ս պիտի վարվենք, եթե մեր ընկերը վիրավորում է մեզ խոսքով կամ ինչ–որ մեծ սխալ է գործում։ Միգուցե այդ դեպքում տեղին համարենք նրան ուղղակի կշտամբելը։ Բայց տվյալ պարագայում զգուշություն է պահանջվում։ Նույնիսկ տեղին տրված խորհուրդը կարող է վնասակար լինել, եթե խստությամբ մատուցվի։ Առակաց 12։18–ում կարդում ենք. «Մարդիկ կան, որ իրենց խօսքով խոցում են թրի պէս» (ԷԹ)։
Ուստի, երբ մտադիր ենք ուրիշին ուղղել կամ որևէ թյուրիմացություն պարզել, անհրաժեշտ է հիշել Առակաց 12։18 համարի վերջին խոսքերը. «Իմաստունների լեզուները բուժում են»։ Խորհուրդ տալուց միշտ պիտի մտածենք այն մասին, թե եթե հարկավոր լիներ մեզ խրատ տալ, ապա ինչպե՞ս կցանկանայինք, որ վարվեին մեզ հետ։ Ընդհանրապես մենք ավելի պատրաստ ենք խրախուսանքներ լսելու, քան քննադատություններ։ Ուրեմն, եկեք չխնայենք քաջալերանքի խոսքերը։ Շատ դեպքերում դրանք կմղեն մեղավորին ուղղվելու, և նա, գուցե, շնորհակալ լինի ամեն մի ստացած օգնության համար։
Որքա՜ն կարևոր է, որ մեր խոսքերն անընդհատ համեմենք քաղցրությամբ։ Բուժիչ խոսքերը մեր ունկնդրի սրտում հնարավոր է առաջացնեն այնպիսի զգացումներ, ինչպիսիք ուներ սաղմոսերգուն, երբ գրեց. «Արդարը թող խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. իմ գլուխը չի մերժիլ» (Սաղմոս 141։5)։