Հարգանք իշխանության հանդեպ. ինչո՞ւ է պակասել
«Կրոնական և աշխարհիկ, սոցիալական և քաղաքական իշխանության հանդեպ արհամարհական վերաբերմունքը, որպես համաշխարհային երևույթ, մի գեղեցիկ օր վերջին տասնամյակի ուշագրավ իրողությունը կդառնա»։
ՊԱՏՄԱԲԱՆ և փիլիսոփա Աննա Արենտի՝ վերեվում հիշատակած 1960–ականների այդ տասնամյակից տարիներ են անցել։ Եվ այսօր իշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունքն ավելի քան երբևէ նկատելի է դառնում։
Օրինակ՝ վերջերս լոնդոնյան «Թայմզ» օրաթերթը գրեց. «Կան ծնողներ, որոնք չեն ուզում ընդունել, որ ուսուցիչը իրավունքներ ունի իրենց երեխայի նկատմամբ և գանգատվում են, երբ նա փորձում է կարգի հրավիրել նրան»։ Այսպիսի դեպքերում հաճախ ծնողները գնում են դպրոց ոչ թե պարզապես ուսուցչին սպառնալու նպատակով, այլ՝ ուղղակի հարձակվելու նրա վրա։
Իսկ ահա թե ինչպես է արտահայտվել Մեծ Բրիտանիայի Դպրոցների տնօրենների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչը. «Ժողովուրդն ասում է. «Ես ավելի շուտ ունեմ իրավունքներ, քան թե՝ պարտականություններ»»։ Որոշ ծնողներ իրենց երեխաներին ոչ միայն չեն սովորեցնում հարգել իշխանությունը, այլ ընդհանրապես չեն դաստիարակում նրանց և ոչ էլ թույլ են տալիս, որ ուրիշները դա անեն։ Իրենց «իրավունքները» պահանջող երեխաները քամահրանքով են վերաբերվում թե՛ ծնողների, և թե՛ ուսուցիչների իշխանությանը, ուստիև հետևանքը դժվար չէ կռահել. «Ձևավորվում է մի նոր սերունդ, որը բացարձակապես հարգանք չի տածում իշխանության հանդեպ և գաղափար անգամ չունի ճշտի ու սխալի մասին»,— գրում է մամուլի տեսաբան Մարգարետ Դրիսկոլը։
«Թայմ» հանդեսը «Այլասերված սերունդ» հոդվածում անդրադառնում է ռուս երիտասարդության մեծամասնության ապրած հիասթափությանը՝ մեջբերելով հայտնի ռեփ–երաժշտի խոսքերը. «Մարդ, որ ծնվել է մի աշխարհում, որտեղ ոչ մի բան հարատև չէ և արդարություն չկա, ինչպե՞ս կարող է ապավինել հասարակությանը»։ Սոցիոլոգ Միխայիլ Տոպալովը համամիտ է նրա հետ. «Երիտասարդությունը խելազուրկ չէ։ Նրանք տեսել են, թե պետությունն ինչպես է խաբել իրենց ծնողներին, և թե վերջիններս ինչպես են կորցրել աշխատանքն ու խնայողությունները։ Այդքանից հետո կարելի՞ է ակնկալել, որ նոր սերունդը հարգի իշխանությունը»։
Սակայն, սխալ կլիներ եզրակացնել, որ իշխանության հանդեպ անվստահությունը հատկանշական է միայն երիտասարդ սերնդին։ Այսօր բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, անվստահությամբ, նույնիսկ արհամարհանքով են վերաբերվում ցանկացած տեսակի իշխանության։ Այդ դեպքում արդյոք պե՞տք է հետևություն անել, որ չարժե ընդհանրապես վստահել նրանց։ Եթե իշխանությունը, որը սահմանվում է որպես «ուժ կամ իրավունք՝ վերահսկելու, դատելու կամ ոմանց գործողությունները արգելելու», ճիշտ կերպով գործադրվի, ապա այն կարող է ծառայել բարի նպատակների համար։ Սա օգտակար կլինի և՛ առանձին անհատներին, և՛ հասարակությանը։ Հաջորդ հոդվածում կքննարկվի հենց դրա մասին։