Ներքին գեղեցկությունը մնայուն արժեք ունի
«Երիտասարդ տարիքում գեղեցկությունը համարվում է արժանիք»,— նկատեց մի տարեց հավատարիմ քրիստոնյա։
ԱՅՈ, մարդը հնուց ի վեր հակված է չափից դուրս ընդգծել արտաքին գեղեցկությունը, ինչի պատճառով հաճախ թերագնահատվում են ներքին արժանիքները։ Սակայն մեր Ստեղծիչը տեսնում է մեր էությունը, ինչպիսին որ իրականում ենք՝ անկախ մեր արտաքին տեսքից։ Դրանով նա հասուն դատողության հրաշալի օրինակ է հանդիսանում։ Աստվածաշնչում կարդում ենք հենց իր՝ Աստծո խոսքերը. «Այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։7)։
Աստված մարդկային գեղեցկության ճշմարիտ Աղբյուրն է, և նրա Խոսքը ցույց է տալիս, որ մարդու իսկական արժանիքները որոշվում են առաջին հերթին նրա հոգևոր հատկություններով։ Աստվածաշունչն ասում է. «Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կ’գովուի» (Առակաց 31։30)։ Եվ իրոք, արտաքին գրավչությունը կարող է դիմակի նման ծածկել ներքին տգեղությունը (Եսթեր 1։10–12; Առակաց 11։22)։ Ֆիզիկական գեղեցկությունը ժամանակի ընթացքում թոշնում է, մինչդեռ ներքինը՝ սրտի հատկությունները, կարող են բարգավաճել և հարատևել։
Ուստի, որքան խելամիտ կլինի մեր մեջ զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, բարությունը, գթասրտությունը, հավատը, հեզությունը և ժուժկալությունը (Գաղատացիս 5։22, 23)։ Այդպիսով մենք կկարողանանք ձեռք բերել մնայուն արժեք ունեցող ներքին գեղեցկություն (Ա Պետրոս 3։3, 4)։