Խաղաղությո՞ւն է խոստանում նոր հազարամյակը
Փարիզում և Նյու–Յորքում 1999 թ. սեպտեմբերի 14–ին տեղի ունեցավ հանդիսավոր բացման արարողություն՝ նվիրված «Խաղաղ կեցության կուլտուրայի միջազգային տարվան»։ Այսպես էր հռչակվել 2000 թ.–ը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։ ՅՈՒՆԵՍԿՈ–ի նախկին գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայորը հանդես եկավ չափազանց լուրջ մի կոչով. «Առաջ բերել համընդհանուր շարժում, որի նպատակը լինի զարգացնել բռնությունից զերծ, խաղաղ կեցության կուլտուրա»։
ՅՈՒՆԵՍԿՈ–ն այսպիսի մի սկզբունք ունի. «Քանի որ պատերազմները ծնունդ են առնում մարդկային ուղեղից, ուստի խաղաղության պաշտպանությունը նույնպես պետք է այնտեղից սկսել»։ Սրա հետ ներդաշնակ, կազմակերպությունը մտադիր է գործել ի նպաստ խաղաղ կեցության կուլտուրայի՝ «կրթության, կարծիքների փոխանակության ու համագործակցության միջոցով»։ Պարոն Մայորը նշեց, որ դրա համար բավարար չէ լինել ուղղակի «խաղաղաբարո, կամ նույնիսկ՝ խաղաղատենչ. անհրաժեշտ է ավելին՝ լինել խաղաղարար»։
Ցավոք, 2000–ը հեռու էր խաղաղության տարի լինելուց։ Ժամանակակից պատմությունը, այդ թվում նաև 2000 թ. ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են այն մասին, որ մարդը ի վիճակի չէ կանխել պատերազմներն ու բռնությունը, որքան էլ որ անկեղծ լինեն այդ ուղղությամբ ներդրված ջանքերը։
Սակայն, հարկ է նշել, որ խաղաղությունն իսկապես կապված է կրթության հետ։ Մոտ 2700 տարի առաջ Եսայիա մարգարեն այդ մասին հետևյալն է գրել. «Եւ քո բոլոր որդիքը Տէրից ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը» (Եսայիա 54։13)։ Նույն մարգարեին հնարավորություն տրվեց նախապես «տեսնել» այն ժամանակները, երբ բոլոր ազգերի ժողովուրդները «հոսելու էին» դեպի Եհովա Աստծո ճշմարիտ երկրպագությունը՝ սովորելու Նրա ճանապարհները։ Իսկ ի՞նչ նպատակով. «Նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։2–4)։ Գործելով այս մարգարեությանը ներդաշնակ՝ Եհովայի վկաներն ընդգրկված են համաշխարհային կրթական ծրագրի մեջ, որի օգնությամբ միլիոնավոր մարդկանց հաջողվել է հաղթահարել ազգային ու ռասայական ատելությունը. մի բան, որից էլ հիմնականում ծնունդ են առնում ամեն տեսակի պատերազմները։
Պատերազմներին հիմնավորապես վերջ կդրվի Աստծո Թագավորության ներքո, երբ երկրի վրա ամենուր կտիրեն տևական խաղաղությունն ու ապահովությունը (Սաղմոս 72։7; Դանիէլ 2։44)։ Այդ ժամանակ իրականություն կդառնան սաղմոսերգուի խոսքերը՝ գրի առնված Սաղմոս 46։8, 9–ում. «Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ, որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը»։