«Քո աչքերին դեղ դի՛ր»
Այս հորդորը տվեց Հիսուս Քրիստոսը Փոքր Ասիայում գտնվող առաջին դարի Լավոդիկիայի քրիստոնեական ժողովին։
Հիսուսն ասաց. «Գնի՛ր.... եւ քո աչքերին դեղ դի՛ր, որ տեսնես»։ Այստեղ խոսքը աչքի հիվանդության մասին չէր, այլ հոգևոր կուրության, որն անհրաժեշտ էր բուժել։ Լավոդիկիայի քրիստոնյաների վրա ներգործել էր երկրում տիրող նյութապաշտական ոգին, և նրանք անտարբեր էին դարձել իրենց հոգևոր կարիքների հանդեպ։
Մեկնաբանելով նրանց տեսողության կորստի պատճառը՝ Հիսուսն ասաց. «Ասում ես. «Հպարտ եմ եւ առաւել հարստացայ ու ոչ մի բանի կարօտ չեմ». բայց չգիտես, թէ ողորմելի ես դու, թշուառ եւ աղքատ, մերկ եւ կոյր»։ Չնայած նրան, որ ժողովի անդամները տեղյակ չէին դրա մասին, կարիք ունեին բուժիչ «դեղի», որը հնարավոր էր ձեռք բերել միայն Հիսուս Քրիստոսի տված պատվերներին հնազանդվելով։ «Գնի՛ր ինձնից»,— ասաց Հիսուսը (Յայտնութիւն 3։17, 18)։
Լավոդիկիայի քրիստոնյաների նման՝ այսօրվա ճշմարիտ քրիստոնյաները ևս պետք է զգոն լինեն, որ չլինի թե, գուցե ինքնաբերաբար, նրանք տարվեն նյութականով ու սկսեն վայելքներ փնտրել։ Հոգևոր լավ տեսողություն պահպանելու համար տրվում է հետևյալ հորդորը. «Գնի՛ր [Հիսուսից].... և քո աչքերին դեղ դի՛ր, որ տեսնես»։
Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս «դեղը» անհրաժեշտ է գնել։ Նշանակում է նրա դիմաց պետք է ինչ–որ բան վճարել։ Ուստի, որպես վճար, հարկավոր է ժամանակ հատկացնել ուսումնասիրելու Աստծո Խոսքը և խորհելու նրա շուրջ։ Սաղմոսերգուն վստահեցնում է մեզ, որ այս Խոսքը ‘մաքուր է, լուսավորում է [հոգևոր] աչքերը’ (Սաղմոս 19։8)։