Արժե՞ անհոգ լինել
Շատերին հաճելի կլիներ, եթե նրանց համարեին անվրդով, հանդարտ և հանդուրժամիտ անձնավորություն։ Դա, սակայն, կարող է վերածվել անհոգության։ Աստվածաշունչն ասում է. «Յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց» (Առակաց 1։32)։ Այսի՞նքն։
«Անհոգ» թարգմանված եբրայերեն բառը Աստվածաշնչի այլ թարգմանություններում փոխանցվում է «թեթևամտություն» և «ինքնահավանություն» ձևերով («American Standard Version», «The New English Bible»)։ Կարելի է ասել, որ այս համատեքստում անհոգությունը կապվում է ալարկոտության, թեթևամտության, ուստիև՝ հիմարության հետ։
Առաջին դարում Լավոդիկիայի ժողովի անդամները թեթևամտորեն էին վերաբերվում իրենց ոչ այնքան լավ հոգևոր վիճակին։ Ինքնահավանություն ցուցաբերելով՝ նրանք գլուխ էին գովում, թե «ոչ [մի] բանի կարօտ [չէին]»։ Հիսուս Քրիստոսը շտկեց նրանց տեսակետը՝ հորդորելով, որ վերականգնեն իրենց եռանդը (Յայտնութիւն 3։14–19)։
Թեթևամտությունը բնորոշ էր նաև Նոյի օրերում ապրող մարդկանց։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ նրանք տարված էին առօրյա հոգսերով՝ «ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում.... եւ չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ»։ Այնուհետև Հիսուսն ասաց. «Այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը» (Մատթէոս 24։37–39)։
Աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք ‘մարդի Որդու [Հիսուս Քրիստոսի] գալստյան’ օրերում։ Թող որ, ուրեմն, երբեք չլինենք թեթևամիտ և ինքնահավան, այսինքն՝ անհոգ (Ղուկաս 21։29–36)։