Նահատակված Եհովայի վկաներին չեն մոռացել
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ արևմտյան մասում գտնվող Կյորմենդ քաղաքում 2002 թ. մարտի 7–ին տեղի ունեցավ մի հուշատախտակի բացում։ Այն նվիրված էր երեք Եհովայի վկաների հիշատակին, որոնք նահատակվել էին 1945 թ.–ին նացիստների ձեռքով։
Հուշատախտակը փակցվեց Հունյադի փողոցի վրա գտնվող հրշեջ ծառայության ներկայիս գլխավոր վարչության պատին. այն տեղում, որտեղ հանրության առջև կատարվել են մահապատիժները։ Հուշատախտակը պատրաստվել էր ի հիշատակ այն «քրիստոնյաների, որոնք 1945 թ. մարտին կրոնական համոզմունքների համար զինծառայությունից հրաժարվելու պատճառով մահապատժի ենթարկվեցին։ Անտալ Հոնիչ (1911–1945), Բերտալան Սաբո (1921–1945), Յանոս Ժոնդոր (1923–1945), 2002, Եհովայի վկաներ»։
Այդ մահապատիժներն ի կատար ածվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ընդամենը 2 ամիս առաջ։ Ինչո՞ւ այս քրիստոնյաները նահատակվեցին։ Հունգարական «Վաշ նե՛պե» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Գերմանիայում իշխանության գլուխ անցավ Հիտլերը, հալածանքի ու չարչարանքի, համակենտրոնացման ճամբարների ու մահվան թիրախ էին դառնում ոչ միայն հրեաները, այլ նաև Եհովայի վկաները՝ իրենց կրոնական համոզմունքներից չհրաժարվելու դեպքում։ ....1945–ի մարտին Հունգարիայի արևմտյան մասում համատարած ահաբեկչություն էր տիրում։ ....Ահաբեկչական գործողություններից էին Եհովայի վկաներին աքսորելն ու սպանելը»։
Հուշատախտակի բացման արարողությունը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասը տեղի ունեցավ Բատտյանի դղյակի թատրոնում, որտեղ ելույթ ունեցան պրոֆեսոր Սաբոչ Սիտան, որը Բուդապեշտում գտնվող՝ Հոլոքոստի փաստաթղթերի կենտրոնի նախագահն է, Լասլո Դոնաչը, որը Փոքրամասնությունների և կրոնական հարցերով մարդու իրավունքների պառլամենտական կոմիտեի անդամ է, և կատարված իրադարձությունների ականատես, ներկայումս այդ քաղաքի պատմաբան Կալման Կամյաչին։ Ներկաները՝ թվով 500–ից ավելի, շարժվեցին դեպի մեկ այլ թաղամաս, որպեսզի ներկա գտնվեն ծրագրի երկրորդ մասին, որտեղ և Կյորմենդի քաղաքապետ Յոժեֆ Հոնֆին պետք է կատարեր հուշատախտակի բացումը։
Իր հրաժեշտի նամակում նահատակ Յան Ժոնդորը (Յանոս Ժոնդոր) հորդորել էր քրիստոնյա քույր–եղբայրներին, որ վերջիններս չվհատվեն։ Նա գրել էր. «Հիշողությանս մեջ վառ են Յայտնութիւն 2։10–ում արձանագրված Հովհաննեսի խոսքերը. «Հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ»։ ....Մտերիմներիս հայտնեք, որ չվհատվեն, քանի որ ես նահատակվում եմ ճշմարտության և ոչ թե ոճրագործության համար»։
[նկար 32–րդ էջի վրա]
Բերտալան Սաբո
[նկար 32–րդ էջի վրա]
Անտալ Հոնիչ
[նկար 32–րդ էջի վրա]
Յան Ժոնդոր