Եհովայի ստեղծագործությունների շքեղությունը
Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՛վ Եհովա
ԱՆԿԱԽ այն բանից՝ ապրում ենք գյուղում թե քաղաքում, լեռներում թե ծովի մոտ՝ մենք շրջապատված ենք ակնածանք ներշնչող շքեղ ստեղծագործություններով։ Ուստի տեղին է, որ «Եհովայի վկաների 2004 թ. օրացույցում» ներկայացված է Եհովա Աստծո ապշեցուցիչ գործերի մի համայնապատկեր։
Երախտագետ մարդիկ միշտ էլ հետաքրքրություն են ցուցաբերել Աստծո գործերի հանդեպ։ Օրինակ՝ խորհենք Սողոմոնի մասին, որի իմաստությունը «բոլոր արեւելցիների իմաստութիւնից.... շատ էր»։ Աստվածաշունչն ասում է.«[Նա] խօսեց ծառերի վերայ՝ Լիբանանի եղեւինից մինչեւ պատի վերայ բուսնող զոպան, նաեւ խօսեց կենդանիների եւ թռչունների եւ զեռունների ու ձկների վերայ» (Գ Թագաւորաց 4։30, 33)։ Սողոմոնի հայրը՝ Դավիթ թագավորը, հաճախ էր խորհում Աստծո գլուխգործոցների մասին, և նա այսպիսի խոսքեր հղեց իր Արարչին. «Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր [«Եհովա», ՆԱ]. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը» (Սաղմոս 104։24)։a
Լավ կլինի, որ մենք նույնպես դիտենք և ուսումնասիրենք ստեղծագործությունները։ Օրինակ՝ կարող ենք ‘վեր բարձրացնել մեր աչքերը’ և հարց տալ ինքներս մեզ, թե ‘ո՞վ է ստեղծել սրանք’։ Ստեղծողը Եհովա Աստվածն է, որը ունի «մեծ իշխանութ[յուն]» և իսկապես «սաստիկ զօրութ[յուն]» (Եսայիա 40։26)։
Եհովայի ստեղծագործությունների շուրջ խորհելն ինչպե՞ս պետք է ազդի մեզ վրա. առնվազն երեք ձևով։ Այն կարող է՝ 1) մեզ հիշեցնել մեր կյանքը բարձր գնահատելու մասին, 2) մղել, որ օգնենք մարդկանց սովորելու արարչագործությունից և 3) ցանկություն առաջացնել ավելի լավ ճանաչելու մեր Արարչին ու ավելի շատ գնահատելու նրան։
Մենք շատ ավելի իմաստալից կյանքով ենք ապրում, քան բանականությունից զուրկ կենդանիները, ուստի կարող ենք դիտել ու գնահատել հրաշք–ստեղծագործությունները (Բ Պետրոս 2։12)։ Աչքերով տեսնում ենք հիասքանչ բնապատկերներ, ականջներով լսում ենք թռչունների քաղցրահնչուն դայլայլը։ Տարածությունն ու ժամանակը ընկալելու զգացողության շնորհիվ մեր մտքում տպավորվում են իրադարձություններ, որոնք հետագայում դառնում են հաճելի հիշողություններ։ Թեև ներկայումս կատարյալ կյանքով չենք ապրում, սակայն արժե՛ ապրել։
Ծնողները ուրախություն են ապրում՝ տեսնելով, որ երեխաները բնականից մեծապես հետաքրքրվում են արարչագործությամբ։ Որքա՜ն են նրանք սիրում խխունջներ փնտրել ծովափին, կենդանիներ պահել, ծառ բարձրանալ։ Ծնողները հավանաբար կցանկանան օգնել իրենց փոքրիկներին տեսնելու ստեղծագործությունների և Ստեղծիչի միջև եղած կապը։ Ստեղծագործությունների միջոցով երեխաների մեջ երկյուղածության և ակնածանքի զգացում կզարգանա Եհովայի հանդեպ, և այդ զգացումը կարող է առաջնորդել նրանց ամբողջ կյանքում (Սաղմոս 111։2, 10)։
Եթե մենք միայն հիանայինք արարչագործությամբ, սակայն պատիվը չտայինք Արարչին, դա ցույց կտար, որ շատ «կարճատես» ենք։ Եսայիայի մարգարեությունը օգնում է մեզ խորհել հենց այս մտքի շուրջ։ Այնտեղ ասվում է. «Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է» (Եսայիա 40։28)։
Այո՛, Եհովայի գործերը վկայում են նրա անզուգական իմաստության, անգերազանցելի զորության և մեր հանդեպ ունեցած խորը սիրո մասին։ Նայելով մեր շրջապատի գեղեցկությանը և հասկանալով, թե ինչ հատկությունների տեր է այդ ամենը Ստեղծողը՝ թող որ մենք էլ մղվենք Դավիթի պես փառաբանելու Աստծուն. «Քեզ նմանը չ’կայ.... Տէր [«Եհովա», ՆԱ], եւ չ’կայ քո գործքերի պէս» (Սաղմոս 86։8)։
Մենք կարող ենք վստահ լինել, որ հնազանդ մարդիկ կշարունակեն հիանալ Եհովայի ստեղծագործություններով։ Ողջ հավիտենականության ընթացքում մենք անթիվ հնարավորություններ կունենանք ավելին սովորելու Եհովայի մասին (Ժողովող 3։11)։ Եվ որքան շատ իմանանք, այնքան ավելի կսիրենք մեր Արարչին։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաների 2004 թ. օրացույցը», նոյեմբեր–դեկտեմբեր (ռուս.)։
[շրջանակ 9–րդ էջի վրա]
Գովեստի խոսքեր Արարչին
Բազմաթիվ երախտագետ գիտնականներ արարչագործության մեջ տեսնում են Աստծո «ձեռագիրը»։ Ահա մի քանի արձագանքներ.
«Ես այն պահերին եմ ուրախություն զգում գիտության իմ բնագավառում և հասկանում դրա կարևորությունը, երբ ինչ–որ նոր բան եմ հայտնագործում ու ինքս ինձ ասում. «Ահա թե ինչպես է Աստված ստեղծել այն»։ Իմ նպատակն է հասկանալ Աստծո ստեղծագործական մեծ աշխատանքի մի փոքրիկ մասը» (Հենրի Շեֆր, քիմիայի պրոֆեսոր )։
«Թե ինչու է Տիեզերքն ընդարձակվում, թող ընթերցողը եզրակացության հանգի, սակայն առանց Նրա [Աստծո]՝ մեր պատկերացումը թերի կլինի» (Էդուարդ Միլն, անգլիացի աստղաֆիզիկոս)։
«Մենք գիտենք, որ բնության մեջ հիանալի մաթեմատիկա է գործում, քանի որ Աստված է ստեղծել այն» (Ալեքսանդր Պոլյակով, ռուս մաթեմատիկոս)։
«Բնական օբյեկտներն ուսումնասիրելիս մենք մոտենում ենք Արարչի մտքերին, ծանոթանում նրա մտահղացումներին և մեկնաբանություններ տալիս մի համակարգի մասին, որը ոչ թե մերն է, այլ նրանը» (Լուի Ագասսիզ, ամերիկացի կենսաբան)։
[նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Պապուական պինգվիններ, Անտարկտիկական թերակղզի
[նկար 9–րդ էջի վրա]
Գրանդ Տիտոն ազգային պարկ, Վայոմինգ, ԱՄՆ
[թույլտվությամբ]
Jack Hoehn/Index Stock Photography