Անուն ունենալու իրավունք
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ անձնավորություն իրավունք ունի անուն ունենալ։ Օրինակ՝ Թաիթիում նույնիսկ նորածին որբ երեխային, որի հայրն ու մայրը հայտնի չէ, թե ովքեր են, անուն են տալիս։ Զագսում փոքրիկի համար անուն և ազգանուն է որոշվում։
Սակայն գոյություն ունի մի անձնավորություն, որին զրկել են այդ իրավունքից. իրավունք, որը տրված է գրեթե յուրաքանչյուր մարդու։ Զարմանալի է, բայց նա «[Հայրն է], որից ամեն նահապետութիւն երկնքումը եւ երկրումս անուն է առնում» (Եփեսացիս 3։14, 15)։ Շատերը հրաժարվում են օգտագործել Ստեղծիչի անունը, որը գրված է Աստվածաշնչում։ Նրանք նախընտրում են փոխարինել այդ անունը այնպիսի տիտղոսներով, ինչպիսիք են՝ «Աստված», «Տեր» կամ «Հավիտենականը»։ Իսկ ի՞նչ է նրա անունը։ Սաղմոսերգուն պատասխանում է այդ հարցին. «Քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18)։
19–րդ դարի առաջին կեսին, երբ Լոնդոնի Միսիոներական ընկերության միսիոներները մեկնեցին Թաիթի, պոլինեզիացիները երկրպագում էին տարբեր աստվածների։ Դրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ անուն ուներ. գլխավոր աստվածներն էին Օրոն և Տաարոան։ Աստվածաշնչի Աստծուն մյուս աստվածներից տարբերելու համար այդ միսիոներները սկսեցին լայնորեն օգտագործել Աստծու անունը, որը թաիթերեն տառադարձվում է Իեհովա։
Այդ անունը տարածված է և օգտագործվում է ամենօրյա խոսակցություններում և նամակագրության մեջ։ Օրինակ՝ Թաիթիի Պոմար II թագավորը, որը իշխել է 19–րդ դարի սկզբին, հաճախ է օգտագործել այդ անունը իր նամակագրության մեջ։ Դրա ապացույցը կարելի է գտնել նրա նամակներից մեկում, որը պատկերված է այս էջի վրա։ Այն գրված է անգլերեն լեզվով և ցուցադրված է Թաիթիի և դրա մեջ մտնող կղզիների թանգարանում։ Նամակը վկայում է, որ այն ժամանակ Աստծու անունը օգտագործելու հետ կապված նախապաշարումներ չեն եղել։ Եվ որ ամենակարևորն է, Աստծու անձնական անունը հազարավոր անգամներ հանդիպում է թաիթերեն Աստվածաշնչի առաջին հրատարակության մեջ, որի թարգմանությունն ավարտվել է 1835 թ.–ին։
[նկար 32-րդ էջի վրա]
Թագավոր Պոմար II
[նկար 32-րդ էջի վրա, թույլտվությամբ]
King and letter: Collection du Musée de Tahiti et de ses Îles, Punaauia, Tahiti