«Բռնադատեց տարաւ նորանց»
ԱՐԵՎԵԼՅԱՆ երկրներում հյուրասիրությունը մեծ տեղ ունի։ Օրինակ՝ Հնդկաստանում անսպասելի հյուրին կերակրելու համար ընտանիքը նույնիսկ կարող է սոված մնալ։ Իսկ Իրանում մայրերին բնորոշ է ուտելիք մթերել սառնարանում, որպեսզի կարողանան հյուրասիրություն ցուցաբերել անսպասելի այցելուներին։
Այսպիսի առատաձեռնություն են ցուցաբերել նաև շատ ուրիշ մարդիկ, որոնց մասին արձանագրված է Աստվածաշնչում։ Ակնառու օրինակ է Լիդիան՝ հավանաբար հրեա մի պրոզելիտ, որն ապրում էր Փիլիպպեում՝ Մակեդոնիայի շրջանի գլխավոր քաղաքում։ Մի շաբաթ օր Պողոս առաքյալը և իր հետ շրջագայողները Փիլիպպեից դուրս՝ մի գետի մոտ, հանդիպեցին Լիդիային և մի քանի ուրիշ կանանց։ Երբ Պողոսը սկսեց խոսել, Եհովան բացեց Լիդիայի սիրտը։ Արդյունքում նա իր ընտանիքի անդամների հետ միասին մկրտվեց։ Այնուհետև Լիդիան աղաչանքով ասաց նրանց. «Եթէ ինձ Տիրոջը հաւատացած համարէք, մտէք իմ տունը»։ Պողոսի գործընկեր Ղուկասը նշում է, որ նա «բռնադատեց տարաւ նորանց» (Գործք 16:11–15)։
Լիդիայի նման՝ ներկայիս քրիստոնյաները նույնպես հյուրասիրություն են ցուցաբերում իրենց հավատակիցների հանդեպ, օրինակ՝ շրջագայող վերակացուների և նրանց կանանց նկատմամբ։ Տանտերերը պարզապես ստիպում են նրանց իրենց տուն գալ։ Նման հյուրասիրություն ցույց տալու համար նրանք վարձատրվում են, քանի որ վայելում են հոգևոր ընկերակցություն և շինիչ բաների մասին են զրուցում։ Չնայած Եհովայի վկաներից շատերը սահմանափակ միջոցներ ունեն, սակայն նրանք հետևում են «հիւրասիրութեան» (Հռովմայեցիս 12:13; Եբրայեցիս 13:2)։ Այդպիսի ոգի ունենալը երջանկացնում է նրանց։ Անկասկած, Հիսուսը ճիշտ էր, երբ ասաց. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20:35)։