Ինչի՞ց են շատերը վախենում
«Պարտադիր չէ հավատացյալ լինել՝ հասկանալու համար, որ մարդկության ապագան աղետալի է լինելու»a (ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԹԻՎԵՆ Օ’ԼԻՐԻ)։
ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ես վերը նշված խոսքերի հետ։ Այս հոդվածաշարում կքննարկենք, թե ինչու է ապագան վախեցնում շատերին։ Նաև կտեսնենք, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Երկիր մոլորակի վրայից կյանքը չի վերանա։ Ներքևում խոսվում է այն մասին, թե ինչ վտանգներ են սպառնում մարդկությանը։ Սակայն չնայած այդ ամենին՝ ամուր հիմքեր կան լավատես լինելու։
Միջուկային պատերազմի մեծ հավանականությունը։ 2007թ.-ին լույս տեսած մի հանդեսում հետևյալ նախազգուշացումն էր տրվում. «Այսօր աշխարհին ավելի մեծ վտանգ է սպառնում, քան այն ժամանակ, երբ Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա ատոմային ռումբեր գցվեցին» (Bulletin of the Atomic Scientists)։ Ինչո՞ւ էր այդ ժամանակ վտանգն այդքան մեծ։ Ըստ այդ նույն հանդեսի՝ 2007թ.-ին աշխարհում կար 27000 միջուկային ռումբ, և դրանցից 2000-ը պատրաստ էր ցանկացած րոպեի արձակվելու։ Նույնիսկ եթե այդ ռումբերից ընդամենը մի քանիսը պայթեին, հետևանքն աղետալի կլիներ։
Իսկ կարելի՞ է ասել, որ 2007թ.-ից հետո միջուկային պատերազմ սկսվելու հավանականությունը նվազել է։ Իրականությունն այն է, որ ամենաշատ միջուկային զենքեր ունեցող հինգ երկրները՝ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, «այժմ կա՛մ նոր միջուկային զենքեր են պատրաստում, կա՛մ էլ հայտարարել են, որ մտադիր են դա անելու»,— տեղեկացնում է 2009թ.-ի մի զեկույցb՝ հրատարակված Խաղաղության հիմնահարցերի ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի կողմից (SIPRI)։ Այդ զեկույցում նաև ասվում է, որ միայն այդ երկրները չեն, որ միջուկային զենքեր ունեն։ Որոշ մասնագետների հաշվարկով՝ Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը առանձին-առանձին ունեն 60–80 միջուկային ռումբեր։ Ներկայումս ամբողջ աշխարհում 8392 միջուկային զենքեր են պատրաստվում, որ ցանկացած պահի արձակվեն։
Գլոբալ տաքացման լուրջ հետևանքները։ Վերը նշված հանդեսում նաև ասվում է, որ կլիմայի փոփոխությունը նույնքան վտանգավոր է, որքան միջուկային զենքի կիրառումը։ Հարգված գիտնականներից շատերը, օրինակ՝ Քեմբրիջի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը և այդ նույն համալսարանի Թրինիթի քոլեջի ռեկտոր սըր Մարթին Ռիսը համաձայն են այդ մտքի հետ։ Նրանք ասում են, որ եթե մարդիկ շարունակեն չարաշահել տեխնոլոգիան և ապականել շրջակա միջավայրը, հետևանքը կարող է լինել այն, որ երկրի վրա կյանքն անշրջելիորեն կփոխվի կամ էլ քաղաքակրթությունը ամբողջովին կվերանա։
Շատերին են անհանգստացնում աշխարհի վերջի մասին կանխագուշակումները։ Եթե Ինտերնետում որոնես «աշխարհի վերջ» արտահայտությունը և «2012» թիվը, հարյուրավոր էջեր կգտնես, որտեղ կանխագուշակվում է, որ աշխարհի վերջը լինելու է այդ թվականին։ Բանն այն է, որ հնդկացիների մայա ցեղի կազմած օրացույցը, որի անվանումն է «Մեծ հաշվարկ», ավարտվում է 2012 թվականով։ Շատերին դա վախեցնում է, քանի որ նրանք ենթադրում են, թե այդ օրացույցը մատնացույց է անում քաղաքակրթության վերջը։
Տարբեր կրոնների մարդիկ կարծում են, թե համաձայն Աստվածաշնչի՝ երկրագունդը ոչնչանալու է։ Ոմանք էլ հավատում են, թե Աստված բոլոր հավատացյալներին երկինք է տանելու, իսկ մնացած մարդիկ կա՛մ տանջվելու են քաոսի վերածված երկրի վրա, կա՛մ էլ դժոխք են գնալու։
Բայց արդյո՞ք Աստվածաշունչը նման բան է սովորեցնում։ «Ամեն ներշնչյալ խոսքի մի՛ հավատացեք,— զգուշացնում է Հովհաննես առաքյալը,— այլ ստուգե՛ք ներշնչյալ խոսքերը՝ տեսնելու համար, թե արդյոք դրանք Աստծուց են» (1 Հովհաննես 4։1)։ Մարդկանց ասածները հալած յուղի տեղ ընդունելու փոխարեն՝ ավելի լավ չի՞ լինի անձամբ տեսնել, թե ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։ Գուցե զարմանաս՝ իմանալով, թե ինչ է գրված այնտեղ։
[Ծանոթագրություններ]
a Վերցված է մի հոդվածից, որի վերնագիրն է «Տեսնելով իրար հաջորդող աղետները՝ մարդիկ կանխազգում են աշխարհի վերջը» (19 հոկտեմբերի, 2005թ., MSNBC վեբ կայք)։
b Այս զեկույցը պատրաստել են Շանոն Քայլը, որը SIPRI-ի՝ աշխարհում միջուկային զենքերի քանակը սահմանափակելու նախագծի ղեկավարն է և ավագ հետազոտողներից մեկը, Վիտալի Ֆեդչենկոն, որն այդ նույն նախագծի հետազոտողներից է, և Հանս Քրիստենսենը, որը Ամերիկայի գիտնականների միության միջուկային գիտության նախագծի ղեկավարն է։
[Նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Mushroom cloud: U.S. National Archives photo; hurricane photos: WHO/League of Red Cross and U.S. National Archives photo