Նրանք քաջաբար քարոզեցին Աստծու Խոսքը
Քաջություն և համարձակություն՝ չնայած հակառակությանը։ Ինչպես ակնհայտ է դառնում ««Հիմնովին վկայություն տանք» Աստծու Թագավորության մասին» և «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքերից (անգլ., ռուս.), հենց այսպիսի հատկություններ են դրսևորել ճշմարիտ քրիստոնյաները։ Առաջին դարում ապրած մեր հավատակիցների պես՝ մենք աղոթքով խնդրում ենք Եհովային, որ տա իր ոգին և օգնի մեզ համարձակությամբ քարոզելու իր խոսքը (Գործ. 4։23–31)։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մեր քարոզչական ծառայության վերաբերյալ մի եղբայր գրեց. «Աստծու ծառաները եռանդորեն տարածում էին «Գրությունների ուսումնասիրության» յոթերորդ հատորը, որը կոչվում էր «Գաղտնիքը բացահայտված է»։ Նրանք այդ գիրքը տարածեցին մեծ թվերի հասնող օրինակներով։ 1918 թ.-ին լույս տեսավ «Թագավորության լուրը», No.1 թերթիկը։ Հետո լույս տեսավ No.2 թերթիկը, որտեղ բացատրվում էր, թե ինչու էին իշխանությունները արգելքի տակ դրել «Գաղտնիքը բացահայտված է» գիրքը։ Դրան հաջորդեց No.3 թերթիկը։ Հավատարիմ օծյալ դասակարգը մեծ քանակությամբ տարածեց այս հրատարակությունները։ Հավատ ու քաջություն էր պահանջվում «Թագավորության լուրը» թերթիկը հրատարակելու և տարածելու համար»։
Այսօր Թագավորության նոր քարոզիչները կրթություն են ստանում իրենց ծառայությունը կատարելու համար, բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ Հիշելով իր առաջին քարոզչական ծառայությունը 1922-ին՝ մի լեհ եղբայր, որն ապրում է Միացյալ Նահանգներում, գրեց. «Չիմանալով՝ ինչպես ներկայացնել գրականությունը և շատ վատ խոսելով անգլերեն՝ ես կանգնեցի բժշկի դռան առաջ ու թակեցի։ Դուռը բացեց մի բուժքույր։ Երբեք չեմ մոռանա այդ դեպքը, քանի որ հուզված ու վախեցած էի։ Երբ ուզեցի բացել իմ պայուսակը, բոլոր գրքերը թափվեցին բուժքրոջ ոտքերի մոտ։ Չգիտեմ, թե ինչ ասացի, բայց գրականություն տվեցի նրան։ Հեռանալիս խիզախությամբ էի լցված ու զգում էի, որ Եհովան օրհնել է ինձ։ Այդ օրը ես շատ գրքույկներ բաժանեցի գործարար տարածքում»։
«1933-ին շատ եղբայրներ Թագավորության լուրը տարածում էին ձայնափողով ավտոմեքենաների միջոցով»,— պատմում է մի քույր։ Մի անգամ նա ու մի Վկա զույգ քարոզում էին Կալիֆորնիայի (ԱՄՆ) լեռնային տարածքում։ «Եղբայրը ավտոմեքենայով բարձրացավ լեռները, իսկ մենք մնացինք ներքևում՝ քաղաքում,— հիշում է նա։— Երբ նա միացրեց ձայնագրությունը, թվաց, թե ձայնը երկնքից է գալիս։ Բնակիչները փորձեցին գտնել եղբորը, բայց չկարողացան։ Վերջում մենք այցելեցինք մարդկանց ու վկայություն տվեցինք։ Ես քարոզելիս օգտվում էի երկու այլ ձայնափողով ավտոմեքենաներից։ Վստահեցնում եմ ձեզ, որ շատերը չէին ցանկանում լսել լուրը։ Սակայն նրանք չէին կարող չլսել ելույթները, քանի որ այդ մեքենաներից եկող ձայնը լսվում էր իրենց տներում։ Ամեն անգամ համոզվում էինք, որ Եհովան ճիշտ ժամանակին ճիշտ մեթոդ է օգտագործում։ Այդ մեթոդը կիրառելու համար մեզնից մեծ քաջություն էր պահանջվում, բայց այն միշտ հասնում էր իր նպատակին, ու Եհովայի անունը փառավորվում էր»։
1930-ականներին ու 1940-ականների սկզբում ծառայության մեջ ձայնափողով նվագարկիչներ ու ձայնագրված աստվածաշնչյան ելույթներ էին օգտագործվում։ Քույրերից մեկը հիշում է. «Մի երիտասարդ քույր նվագարկիչով քարոզում էր տնից տուն։ Երբ մի դռան մոտ նա միացրեց այն, տանտերը այնքան բարկացավ, որ նվագարկիչը մի կողմ շպրտեց։ Սակայն ոչինչ չկոտրվեց։ Այդ ժամանակ երեք տղամարդ, որոնք ճաշում էին մոտակա կայանատեղում կանգնեցված բեռնատարում, խնդրեցին քրոջը, որ միացնի ելույթը, և նրանից գրականություն վերցրին։ Դա կարծես փոխհատուցում եղավ նրա հանդեպ վատ վերաբերմունքի համար»։ Ինչ խոսք, խիզախություն էր հարկավոր այդպիսի փորձություններին դիմագրավելու համար։
Այդ նույն քույրն ավելացնում է. «Հիշում եմ, թե ինչպես 1940-ին սկսեցինք փողոցում պարբերագրեր առաջարկել։ Մինչ այդ ինֆորմացիոն երթեր էին կազմակերպվում։ Քույրերն ու եղբայրները մեկ շարքով քայլում էին մայթով՝ կրելով ցուցանակներ, որոնց վրա գրված էր՝ «Կրոնը թակարդ է և խաբեբայություն» և «Ծառայեցե՛ք Աստծուն և Քրիստոսին՝ Թագավորին»։ Միևնույն ժամանակ անվճար թերթիկներ էինք բաժանում մարդկանց։ Քաջություն էր պահանջվում ծառայության այս ձևերին մասնակցելու համար։ Բայց դրանց նպատակն էր, որ մարդիկ հիշեն Եհովայի անունը և տեսնեն նրա ժողովրդին»։
«Փոքր քաղաքներում պարբերագրերով ծառայելը շատ դժվար էր,— պատմում է մեկ ուրիշ քույր,— հատկապես երբ ուժեղ հակառակություն կար Վկաների դեմ։ Մեծ քաջություն էր հարկավոր, որ պարբերագրեր բռնած՝ կանգնեինք փողոցի անկյունում և բարձրաձայն ասեինք այն լոզունգները, որոնք առաջարկվում էին օգտագործել։ Սակայն մենք հազվադեպ էինք բաց թողնում շաբաթ օրերը։ Երբեմն մարդիկ բարեհամբույր էին, բայց լինում էր, որ բարկացած ամբոխներ էին խմբվում մեր շուրջը, ու մենք աննկատ հեռանում էինք, որպեսզի խուսափենք նրանց դաժան վերաբերմունքից»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եհովայի վկաները, չնայած հալածանքին, խիզախորեն ծառայում էին։ 43 օր տևող քարոզարշավի ընթացքում (1940թ. դեկտեմբերի 1-ից 1941թ. հունվարի 12-ը) Միացյալ Նահանգներում մոտ 50000 քարոզիչներ տարածեցին գրեթե ութ միլիոն գրքույկներ։ Դա մի ժամանակահատված էր, որը կոչվում էր ««Քաջությունը» փաստելու ժամանակ»։
Աստծու կազմակերպությունում շատ տարեցներ լավ հիշում են անցյալի դժվարությունները, որոնց դիմագրավելու համար խիզախություն էր անհրաժեշտ։ Ոմանք հիշում են, որ տարիներ շարունակ իրենց քաջ ոգին արտահայտվում էր հաճախ կրկնվող այս խոսքերում. «Պատերազմը մղիր մինչև դարպասը»։ Թե ինչպես Աստծու տված պատգամը կհնչի մինչև այս ամբարիշտ համակարգի վախճանը, կերևա ապագայում։ Սակայն Եհովայի օգնությամբ մենք կշարունակենք հավատով ու քաջությամբ հռչակել նրա խոսքը։
[մեջբերում 9-րդ էջի վրա]
Թագավորության քարոզչության գործին մասնակցելու համար միշտ քաջություն է պահանջվել