Մոտեցեք Աստծուն
Երբ Աստված ներում է, մոռանո՞ւմ է
ԵԹԵ մի խոսքով ասենք՝ այո։ Երեմիա 31։34-ում Եհովան ասում է. «Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի»։ Ո՞ւմ մեղքերը Աստված այլևս չի հիշի։ Այն մարդկանց, ովքեր վայելում են իր բարեհաճությունը։ Սակայն դա նշանակո՞ւմ է, որ անսահման տիեզերքը Ստեղծողը դրանից հետո ի վիճակի չէ վերհիշելու այդ մեղքերը։ Տեսնենք։
Քննենք Եզեկիել 18։19–22 համարները (կարդա՛)։ Եզեկիելի միջոցով Եհովան հայտնեց անհավատարիմ Հուդայի և Երուսաղեմի դեմ կայացրած իր դատավճիռը։ Այդ ազգը թողել էր Եհովայի երկրպագությունը, երկիրը լցվել էր բռնությամբ։ Ուստի Եհովան կանխագուշակեց, որ Երուսաղեմը կործանվելու է բաբելոնացիների կողմից։ Բայց դատավճռի հետ մեկտեղ նա նաև փրկության հույս տվեց։ Յուրաքանչյուրի փրկությունը կախված էր լինելու իր բռնած ընթացքից (համար 19, 20)։
Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում այն մարդուն, ով թողնում է չար գործերը և բարին անում։ Նա ասում է. «Եթե ամբարիշտը հետ դառնա իր գործած բոլոր մեղքերից, պահի իմ բոլոր կանոնները, արդարություն ու արդարադատություն գործադրի, ապա նա անպատճառ կապրի։ Նա չի մեռնի» (համար 21)։ Այո՛, Եհովան պատրաստ է ներելու այն մեղավորին, ով թողնում է սխալ ընթացքը և անկեղծորեն զղջում է (Սաղմոս 86։5)։
Իսկ շարունակո՞ւմ է Եհովան հիշել նրա մեղքերը։ Աստված ասում է. «Նրա գործած բոլոր օրինազանցությունները չեն հիշեցվի նրան» (Եզեկիել 18։22)։ Ուշադրություն դարձրու, որ զղջացող մեղավորի մեղքերը «չեն հիշեցվի նրան»։
Աստվածաշնչում «հիշել» թարգմանված եբրայերեն բառը ավելին է նշանակում, քան պարզապես անցյալը վերհիշելը։ Այս բառի վերաբերյալ մի աշխատությունում ասվում է. «Շատ հաճախ [այս բառը] ենթադրում է գործողություն կամ օգտագործվում է բայերի հետ»։ Ուրեմն «հիշել» կարող է նշանակել «գործել»։ Այսպիսով՝ Եհովան, երբ զղջացող մարդուն ասում է, որ նրա մեղքերը «չեն հիշեցվի նրան», ուզում է ասել, որ ինքը քայլեր չի ձեռնարկի այդ մարդու դեմ՝ չի մեղադրի կամ պատժիa։
Եզեկիել 18։21, 22 համարներից երևում է, թե որքան մեծ է Եհովայի ներողամտությունը։ Եթե Եհովան ներել է մեր մեղքերը, ուրեմն՝ վե՛րջ. նա այլևս երբեք չի օգտագործի դրանք մեր դեմ. նա այդ մեղքերը գցում է «իր թիկունքի հետևը» (Եսայիա 38։17)։ Նա ջնջո՛ւմ է դրանք (Գործեր 3։19)։
Լինելով անկատար մարդիկ՝ մենք շատ ենք մեղք գործում, ուստի Եհովայի ողորմածության կարիքն ունենք (Հռոմեացիներ 3։23)։ Եհովան պատրաստ է ներելու մեզ, եթե անկեղծորեն զղջում ենք։ Երբ նա ներում է, նա մոռանում է, այսինքն՝ երբեք նորից չի հիշում մեր մեղքերը՝ մեզ մեղադրելու կամ պատժելու նպատակով։ Մխիթարակա՞ն է այս միտքը։ Իհարկե։ Աստծու ողորմածությունը մեր մեջ ցանկություն է առաջացնում մտերմություն անելու նրա հետ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀՈՒԼԻՍ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ
[ծանոթագրություն]
a Նույն ձևով «հիշել մեղքերը» կարող է նշանակել «քայլեր ձեռնարկել մեղավորի դեմ» (Երեմիա 14։10)։