ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն
Հրեշտակների մասին ճշմարտությունը
Կցանկանայի՞ք իմանալ ճշմարտությունը հրեշտակների մասին. ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են առաջացել, և ո՞րն է նրանց դերը։ Այս հարցերին գոհացուցիչ պատասխան կարող է տալ միայն Աստծու ներշնչյալ Խոսքը՝ Աստվածաշունչը (2 Տիմոթեոս 3։16)։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հրեշտակների մասին։
Հրեշտակները, ինչպես Աստված, անտեսանելի ոգիներ են և չունեն «մարմին ու ոսկոր»։ Հավատարիմ հրեշտակները ապրում են երկնքում և ազատ ելումուտ ունեն Աստծու բնակության սուրբ վայր (Ղուկաս 24։39; Մատթեոս 18։10; Հովհաննես 4։24)։
Հնում հրեշտակները երբեմն մարդկային մարմիններ էին հագնում և գալիս երկիր, որպեսզի կատարեին Աստծու տված հանձնարարությունները, իսկ հետո կրկին փոխակերպվում էին (Դատավորներ 6։11–23; 13։15–20)։
Թեև Աստվածաշնչում հրեշտակները ներկայացված են արական սեռով և միշտ տղամարդու տեսքով են հայտնվել մարդկանց, բայց, իրականում, նրանք որևէ սեռ չունեն։ Նրանք չեն ամուսնանում և սերունդ չեն տալիս։ Բացի այդ՝ հրեշտակները նախկինում չեն ապրել մարդկային կյանքով՝ որպես նորածիններ, երեխաներ կամ չափահաս մարդիկ, ինչպես ոմանք են կարծում։ Հրեշտակներին ստեղծել է Եհովան, այդ պատճառով Աստվածաշունչը նրանց կոչում է «ճշմարիտ Աստծու որդիներ» (Հոբ 1։6; Սաղմոս 148։2, 5)։
Աստվածաշունչը խոսում է «մարդկանց և հրեշտակների լեզուների» մասին, ինչը ցույց է տալիս, որ ոգեղեն արարածները լեզու և խոսք ունեն։ Ճիշտ է, Աստված հրեշտակների միջոցով հաղորդակցվել է մարդկանց հետ, բայց նա թույլ չի տալիս, որ երկրպագենք հրեշտակներին կամ աղոթենք նրանց (1 Կորնթացիներ 13։1; Հայտնություն 22։8, 9)։
Գոյություն ունեն բյուր բյուրավոր հրեշտակներ։ Նրանց թիվը թերևս հասնում է միլիարդների (Դանիել 7։10; Հայտնություն 5։11)։a
Հրեշտակները «ուժով զորավոր են», շատ ավելի զորեղ, քան մարդիկ։ Նրանք իրենց մտային ունակություններով անհամեմատ գերազանցում են մարդկանց։ Ըստ ամենայնի, նրանք կարողանում են տեղաշարժվել այնպիսի ահռելի արագությամբ, որը մարդկային պատկերացումից վեր է (Սաղմոս 103։20; Դանիել 9։20–23)։
Չնայած հրեշտակները ավելի բարձր բանականություն ունեն և ավելի զորեղ են, քան մենք, բայց նրանք նույնպես սահմանափակ հնարավորություններ ունեն, և կան բաներ, որ չգիտեն (Մատթեոս 24։36; 1 Պետրոս 1։12)։
Յուրաքանչյուր հրեշտակ առանձին անհատականություն է, ունի ազատ կամք և օժտված է այնպիսի հատկություններով, ինչպիսիք ունի Աստված։ Ուստի մարդկանց պես՝ նրանք էլ կարող են ընտրել ճիշտ վարվել, թե սխալ։ Ցավոք, նրանցից ոմանք որոշեցին ըմբոստանալ Աստծու դեմ (Հուդա 6)։
a Բյուրը տասը հազարն է։ Տասը հազար անգամ տասը հազար հավասար է հարյուր միլիոն։ Բայց «Հայտնություն» գրքում խոսվում է «բյուր բյուրավոր», այսինքն՝ հարյուր միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր հրեշտակների մասին։