Քարոզում ենք սիրուց մղված
1 Մենք՝ Եհովայի վկաներս, հայտնի ենք որպես Թագավորության պատգամի եռանդուն քարոզիչներ (Մատթ. 24։14)։ Ամբողջ աշխարհում ավելի քան վեց միլիոն ակտիվ քարոզիչներ կան, որոնց օր–օրի միանում են նորերը։ Քարոզիչների ընդհանուր թիվը հաշվարկվում է՝ այդ գործում նրանց մասնակցությունը հաշվի առնելով։
2 Ի՞նչն է մղում մեզ կամավոր մասնակցություն ունենալ այս դժվարին գործում։ Մեզ ոչ ոք չի ստիպում քարոզել, չի հրապուրում վարձատրությամբ կամ հատուկ մեծարանք չի խոստանում։ Սկզբում մեզանից շատերին ընկճում էր անվստահության զգացումը, քանի որ կարծում էինք, թե համապատասխան որակումներ չունենք քարոզելու համար, և մարդիկ հաճախ մերժում էին մեր լուրը (Մատթ. 24։9)։ Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում՝ ինչն է մղում մեզ այդ գործը կատարել. նրանց կարծիքով, այդ գործը շարունակելու համար ծանրակշիռ պատճառ պետք է ունենանք։
3 Սիրո ուժը։ Հիսուսը հաստատեց մեծագույն հրահանգը, երբ ասաց, որ մենք պետք է ‘սիրենք մեր Տեր Աստծուն մեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ զորությամբ’ (Մարկ. 12։30)։ Եհովայի հանդեպ մեր սերը բխում է մեր խորը զգացմունքներից. զգացմունքներն իրենց հերթին բխում են այն բանի գնահատանքից, թե ով է նա և ինչպիսի Աստված է։ Մենք գիտակցում ենք, որ նա Գերիշխան է, ամեն բանի Արարիչը և «արժանի.... ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն» (Յայտն. 4։11)։ Նրա սքանչելի հատկությունները անզուգական են (Ել. 34։6, 7)։
4 Եհովային ճանաչելուց ու նրան սիրելուց մղված՝ մենք մեր լույսը փայլեցնում ենք մարդկանց առաջ (Մատթ. 5։16)։ Մեր լույսը փայլում է, երբ մենք հանրորեն փառաբանում ենք նրան, պատմում ենք նրա հրաշալի գործերի մասին և տարածում նրա Թագավորության մասին պատգամը։ Երկնքում թռչող հրեշտակի նման մենք էլ «հաւիտենական աւետիս ուն[ենք] քարոզելու.... բոլոր ազգերին եւ լեզուներին» (Յայտն. 14։6)։ Մենք սիրուց մղված ենք կատարում աշխարհածավալ քարոզչական աշխատանքը։
5 Աշխարհը մեր քարոզը «յիմարութիւն» է համարում և գտնում է, որ այն պետք է անտեսել (Ա Կորնթ. 1։18)։ Շատ վայրերում ամեն ջանք գործադրվել է մեր գործը դադարեցնելու համար։ Մեր անկեղծ սերը զորացնում է մեզ, որպեսզի մենք էլ առաքյալների նման հայտարարենք. «Մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել։ ....Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 4։20; 5։29)։ Չնայած հակառակությանը՝ քարոզչական գործունեությունը շարունակ ընդարձակվում է աշխարհի բոլոր մասերում։
6 Եհովայի հանդեպ մեր սերը բոցավառ կրակի է նման, որ մեզ մղում է հռչակել նրա առաքինությունները (Երեմ. 20։9; Ա Պետ. 2։9, Արևմտ. Աստ.)։ Մենք շարունակելու ենք ‘ազգերի մեջ պատմել նրա գործերի’ մասին, քանի որ նա «մեծամեծ բաներ է արել» (Ես. 12։4, 5)։