Ավելի շա՛տ ուրախություն ստացեք քարոզելուց
1 Բարի լուրը քարոզելիս ուրախության զգացում ապրո՞ւմ եք։ Եթե զգուշություն չցուցաբերենք, շրջապատող չար աշխարհը կարող է մեզ երկչոտ դարձնել քարոզելու մեջ և խլել մեր ուրախությունը։ Բարի լուրի նկատմամբ մարդկանց անտարբեր վերաբերմունքը նույնպես կարող է մեզ հուսահատեցնել։ Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք ձեռնարկել քարոզելուց ավելի շատ ուրախություն ստանալու համար։
2 Եղեք լավատես։ Իրականում, լավատեսորեն տրամադրված լինելը շատ է օգնում։ Այդպիսի տրամադրվածություն պահպանելու համար ճիշտ կլիներ խորհրդածել այն բանի մասին, որ առանձնաշնորհում ունենք «Աստծուն գործակից» լինելու (Ա Կորնթ. 3։9)։ Այս գործը կատարելիս մենք մենակ չենք. Հիսուսն էլ է մեզ հետ (Մատթ. 28։20)։ Եվ նա օգնում է մեզ հրեշտակների հետ միասին (Մատթ. 13։41, 49)։ Հետևաբար, կարող ենք վստահ լինել, որ մեր գործունեությունը ղեկավարվում է Աստծո կողմից (Յայտն. 14։6, 7)։ Ուստի՝ անկախ նրանից, թե որոշ մարդիկ ինչպես կարձագանքեն մեր գործունեությանը, երկնքում այն ուրախ արձագանք է գտնում։
3 Լավ նախապատրաստվեք։ Լավ պատրաստվածությունը նույնպես նպաստում է մեր ուրախությանը։ Ծառայությանը պատրաստվելը մեծ ջանքեր չի պահանջում։ Ընդամենը մի քանի րոպե է հարկավոր, որպեսզի աչքի անցկացնեք ընթացիկ պարբերագրի կամ այդ ամիս առաջարկվելիք գրականության այն թեման, որի շուրջ կցանկանայիք ծառայության ժամանակ զրուցել։ Ընտրեք մատուցումներ «Մեր Թագավորական ծառայությունը» թերթիկի «Ինչպես առաջարկել պարբերագրերը» շրջանակից։ Հաջող առաջաբան ընտրելու համար կարող եք նայել 2002 թ. հունվարի ներդիրը՝ «Մատուցումներ՝ քարոզչական ծառայության համար», կամ՝ «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը։ Եթե գիտես, թե տանտերերի կողմից սովորաբար ինչ առարկություններ են արվում, ապա նախօրոք պատասխաններ պատրաստիր՝ նկատի առնելով մարդկանց տեսակետը, և ուշադրությունդ կենտրոնացրու այն հարցերի վրա, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել դիմացինի մեջ։ «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը կարող է մեզ օգնել այս հարցում։ Այս միջոցներն օգտագործելով՝ վստահության զգացում կունենանք, որն անհրաժեշտ է, որպեսզի քարոզելուց ուրախություն ստանանք։
4 Թախանձագին աղոթեք։ Ուրախությունը պահպանելու մեջ կարևոր դեր ունի աղոթքը։ Քանի որ մենք կատարում ենք Եհովայի գործը, ուստի պետք է խնդրենք նրանից իր ոգին, իսկ ուրախությունը ոգու պտղի բաղկացուցիչ մասն է (Գաղ. 5։22)։ Եհովան մեզ զորություն կտա, որ շարունակենք քարոզել (Փիլ. 4։13)։ Երբ մեր աղոթքներում խնդրում ենք նրանից քարոզի գործում հաջողություններ ունենալ, ապա անախորժությունների հանդիպելիս միշտ կարող ենք ճիշտ տեսակետ պահպանել (Գործք 13։52; Ա Պետ. 4։13, 14)։ Եթե երբեմն մեզ համակում է վախի զգացումը, աղոթքը կօգնի համարձակություն և ուրախություն ունենալ (Գործք 4։31)։
5 Առիթներ ստեղծեք։ Ինչ խոսք, մեր ծառայությունը ավելի ուրախ է անցնում, երբ մեզ հաջողվում է մարդկանց վկայություն տալ։ Իսկ որպեսզի դրանում ավելի մեծ հաջողություն ունենաք, գուցե կարիք զգացվի ծառայության գրաֆիկում փոփոխություններ մտցնել և տնից տուն ծառայության գնալ տարբեր ժամերի, ասենք՝ երեկոյան ժամերին։ Ամեն ժամանակ՝ փողոցում քայլելիս, գնումներ կատարելիս, ավտոբուսով ինչ–որ տեղ մեկնելիս կամ այգում զբոսնելիս, ամենուրեք կարելի է հանդիպել մարդկանց։ Ինչո՞ւ հակիրճ մատուցումներ չպատրաստել նրանց հետ զրուցելու համար և չմոտենալ նրանց, ովքեր արտաքուստ բարեհամբույր են երևում։ Գուցե աշխատում եք, կամ էլ սովորում եք դպրոցում, որտեղ ամեն օր հաղորդակցվում եք մարդկանց հետ։ Կարող եք վկայություն տալու առիթ ստեղծել՝ պարզապես հետաքրքրություն առաջացնող որևէ հարց բարձրացնելով Աստվածաշնչից։ Գործնական մատուցումներ կարող եք գտնել 2002 թ. հունվարի «Մեր Թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրի առաջին էջում։ Գործադրված ամեն ջանք մեծապես կնպաստի, որ քարոզելուց ավելի շատ ուրախություն ստանաք։
6 Քանի որ ուրախությունը օգնում է մեզ համբերել, ապա որքա՜ն կարևոր է այն պահպանել։ Այդպես վարվելով՝ մենք առատորեն կվարձատրվենք, երբ այս աշխատանքը, որն էլ երբեք չի կրկնվի, մոտենա իր ավարտին։ Այս հեռանկարն ունենալով՝ ավելի շատ ուրախություն կստանանք ծառայության մեջ (Մատթ. 25։21)։