Առատորեն սերմենք, որ առատ օրհնություններ հնձենք
1 Բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում այն չքնաղ խոստումների իրականացմանը, որ գրված են Աստծո Խոսքում։ Սակայն ներկայումս էլ Եհովան մեզ շատ օրհնություններ է տալիս, որոնք մեր կյանքը ուրախությամբ են լցնում։ Բայց թե անձամբ մենք որքան օրհնություններ կստանանք, մեծապես կախված է այն բանից, թե ինչ ջանքեր կգործադրենք դրա համար։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, «առատութեամբ սերմողը, առատութեամբ էլ կ’հնձէ» (Բ Կորնթ. 9։6, ԱԹ)։ Քննարկենք երկու ոլորտ, որտեղ կարող ենք կիրառել այս սկզբունքը։
2 Մեր անհատական ծառայությունը։ Բարի լուրը կարելույն չափ քարոզելը բազմաթիվ օրհնություններ է բերում (Առակ. 3։27, Արևմտ. Աստ., 28)։ Գովելի է, որ շատերը առատորեն սերմում են՝ ընդարձակելով իրենց ծառայությունը՝ ներառյալ ենթառահվիրայություն կամ ընդհանուր ռահվիրայություն վերցնելը։ Ամենքս կարող ենք առատորեն սերմել՝ բարեխղճորեն վերայցելություններ կատարելով թեկուզ մի փոքր հետաքրքրություն ցուցաբերած անձանց՝ օգնելու նրանց ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը, ինչպես նաև՝ ամեն հնարավոր առիթներով Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելով (Հռովմ. 12։11)։ Նման ջանքեր գործադրելով՝ մենք շատ քաջալերական դեպքերի կհանդիպենք ու ավելի շատ ուրախություն կստանանք ծառայությունից։
3 Սատարենք Թագավորության շահերին։ Նվիրատվությունների հետ կապված էր, որ Պողոսը խոսեց ‘առատությամբ սերմելու’ մասին (Բ Կորնթ. 9։6, 7, 11, 13)։ Այսօր մենք մեր անձով ու նյութականով շատ բան կարող ենք անել, որպեսզի սատարենք Թագավորության շահերին։ Կարող ենք մասնակցել Թագավորության սրահների ու Համաժողովների սրահների շինարարությանը։ Նաև կարող ենք բաժին ունենալ ճշմարիտ երկրպագության այս վայրերի մաքրության ու սպասարկման մեջ։ Եվ ի վերջո, կարող ենք ֆինանսապես աջակցել ինչպես տեղի ժողովին, այնպես էլ Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու համաշխարհային գործին։ Եթե ամեն մեկս իր բաժինը բերի, ապա մեծ ուրախությամբ կտեսնենք, թե Եհովան ինչպես է առատորեն օրհնում այս գործը (Մաղ. 3։10; Ղուկ. 6։38)։
4 Աստծո Խոսքը հորդորում է մեզ «բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն.... ունեցածից ուրիշին էլ բաժին հանել»։ Ականջ դնելով այս հորդորին՝ մենք առատ օրհնություններ կունենանք հենց այսօր։ Միևնույն ժամանակ մեզ համար գանձեր կհավաքենք, որոնք հաստատուն հիմք են ապագա ‘ճշմարիտ կյանքի’ (Ա Տիմոթ. 6։18, 19)։