Նամակ Կառավարիչ Մարմնի Կողմից
Սիրելի՛ եղբայրներ ու քույրեր
«Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը» (Ա Կորնթ. 1։3)։ Ինչպիսի՜ բաղձանքով ենք սպասում այն ժամանակին, երբ ամեն կենդանի արարած փառք կբերի Եհովային, ինչին նա արժանի է (Սաղ. 150։6)։ Մինչ սպասում ենք այդ մեծ օրվան, շարունակում ենք հռչակել Աստծո Թագավորության բարի լուրը, ինչպես նաև աշակերտներ պատրաստել։
Քարոզչական ծառայությունը մեր օրերում կատարվող կարևորագույն գործն է, որ Եհովան իրագործում է երկրի վրա (Մարկ. 13։10)։ Քանի որ մենք քաջատեղյակ ենք, որ Եհովան հետաքրքրվում է այս գործով, ուստի մենք աղոթում ենք նրան այդ գործի համար և գիտակցում, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի օգտվելու փրկանքի միջոցառումից (Յայտն. 14։6, 7, 14, 15)։ Ճիշտ է, մենք դժվարությունների ենք հանդիպում, բայց որքան երախտապարտ ենք, որ «վերեւիցը զօրութիւն [ենք հագել]», որպեսզի կատարենք մեր ծառայությունը (Ղուկ. 24։49)։
Ետ նայելով նախորդ ծառայողական տարվա գործունեությանը՝ մենք բավականության զգացում ենք ապրում, երբ տեսնում ենք, թե ինչ գործ է կատարել Եհովան իր անձնվեր ծառաների միջոցով։ Սուրբ ոգուց զորություն ստանալով՝ ամենուրեք Աստծո ժողովուրդը, հաղթահարելով իր հանդեպ ցույց տրված ատելությունը, այնպիսի սեր է դրսևորել, ինչպիսին Քրիստոսն է ցուցաբերել։ Այդ սերը բացահայտ երևում էր համաժողովներին։ 2003 թ. հունիսից մինչև դեկտեմբեր հարյուրից ավելի երկրներից պատվիրակներ ճանապարհորդեցին, որպեսզի ներկա լինեին 32 միջազգային համաժողովներին, որոնք անցկացվեցին 6 մայրցամաքներում։ Միսիոներների, միջազգային ծառայողների և օտար երկրներում ծառայող բեթելցիների հետ հարցազրույցներ անցկացվեցին մարզային և միջազգային համաժողովներին։
Այս համաժողովներին մենք ստացանք «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկը և «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Նաև հայտարարվեց, որ 2004 թ. ծառայողական տարվա վերջին գործածության մեջ կմտնի Ռահվիրայական ծառայության դպրոցի դասագրքի վերանայված հրատարակությունը։ Վաղուց ռահվիրա ծառայող բոլոր քարոզիչները, որ արդեն սովորել են Ռահվիրայական ծառայության դպրոցում, աստիճանաբար կմիանան նոր ռահվիրաներին՝ Դպրոցում սովորելու նպատակով։
Աստծո աջակցության և մարդկանց առատաձեռնության շնորհիվ հնարավոր է եղել բազմաթիվ Թագավորության սրահներ կառուցել, հատկապես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում։ Քանի որ ամբողջ աշխարհում հոգևոր սննդի կարիքը գնալով մեծանում է, շատ երկրներում ընթացքի մեջ են մասնաճյուղերը ընդարձակելու ծրագրերը։ «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկը լույս է տեսել 299 լեզուներով՝ 139 միլիոն օրինակով, «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը տպագրվել է 161 լեզուներով՝ 93 միլիոնից ավելի օրինակով, և 200 միլիոնից ավելի օրինակով տպագրվել է «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը՝ 267 լեզուներով։
Մենք մեր ջերմ ողջույնն ենք հղում 258 845 քարոզիչներին, ովքեր նախորդ ծառայողական տարում ջրի մկրտությամբ խորհրդանշեցին իրենց նվիրումը։ Թեպետ Աստծո Թագավորությանը աջակցելով՝ Սատանայի ատելության թիրախն եք դարձել, սակայն Եհովայից օրհնություններ, ինչպես նաև հոգևոր աջակցություն եք ստացել, մինչ վազում եք ձեր առջև դրված ասպարեզի ընթացքը (Եբր. 12։1, 2; Յայտն. 12։17)։ Այո՛, վստահ եղեք, որ ձեր «պահապանը չի քնիլ» (Սաղ. 121։3)։
2004 թ. տարվա խոսքը՝ «Արթո՛ւն կացեք.... պատրա՛ստ եղեք», շատ ժամանակահարմար է (Մատթ. 24։42, 44, ԱՆԹ)։ Քրիստոնյաները Աստծո Խոսքում նկարագրվում են որպես օտարականներ, որ ժամանակավորապես ապրում են դեպի կործանում ընթացող այս համակարգում (Ա Պետ. 2։11; 4։7)։ Հետևաբար հոգևորի վրա կենտրոնանալու, պարզ կյանք վարելու և ուշադրությամբ մեր սրտերը քննելու կարիք ունենք։ «Մեծ վիշապը» ցանկանում է կուլ տալ և ներքաշել մեզ իր աշխարհը (Յայտն. 12։9)։
Զգոնություն պահպանելու համար շատ կարևոր է Աստվածաշունչը ամեն օր կարդալը։ Դա կօգնի մեզ, որ ‘մեր այոն այո’ լինի, ինչ վերաբերում է մեր նվիրմանը, ինչպես նաև կօգնի մեզ մինչև վերջ «հաստատ պահե[լ] այն վստահութիւնը, որ ունեցել ենք սկզբից» (Յակ. 5։12; Եբր. 3։14, ԷԹ)։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը կօգնի մեզ միշտ հիշել, թե որքան է աշխարհը հեռացել Աստծո անփոփոխ չափանիշներից (Մաղ. 3։6; Բ Տիմոթ. 3։1, 13)։ Սուրբգրային գիտելիքները կօգնեն մեզ խուսափել «վարպետութեամբ շինուած առասպելներ[ից]» և հավատարիմ մնալ Եհովային (Բ Պետ. 1։16, ԱԱ; 3։11)։
Ծնողնե՛ր, մինչ դաստիարակում եք ձեր երեխաներին «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը», օգնո՞ւմ եք նրանց հոգևոր նպատակներ հետապնդել և ‘արթուն մնալ’ (Եփես. 6։4)։ Սովորեցնո՞ւմ եք նրանց ապագային նայել այնպես, ինչպես երկրի վրա երբևիցե ապրած ամենաիմաստուն մարդն էր նայում։ Հիսուսը կարող էր լինել պատմության մեջ մեծագույն ատաղձագործը, գյուտարարը կամ բժիշկը, բայց փոխարենը՝ նա լիաժամ ծառայությունն ընտրեց։ Թող որ նրա օրինակը ձեզ էլ մղի օգնելու ձեր երեխաներին Թագավորության շահերը կյանքում առաջին տեղում դասել։
Հավատարիմ ծառա դասակարգը, որին ներկայացնում է Կառավարիչ մարմինը, երախտագիտության մեծ զգացումով է լցված ‘մեծ բազմության’ հանդեպ, որն օգնում է կատարելու իր վրա դրված պատասխանատվությունը, այն է՝ քարոզել «արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը.... վկայութիւն լինելու համար» (Յայտն. 7։9, ԱԱ; Մատթ. 24։14, 45)։ Սիրելինե՛ր, Եհովան հավաստիացնում է, որ հիշում է «ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբր. 6։10)։
Համարձակությամբ նայեք ապագային, մինչ «աչք դրած մտիկ է[ք] տալիս վարձքի հատուցմանը», և թույլ մի՛ տվեք, որ որևէ մարդ կամ դև զրկի ձեզ դրանից (Եբր. 11։26; Կող. 2։18)։ Ուրեմն՝ ապավինեք Եհովային, վստահ եղեք, որ նա բոլոր նրանց, որ սիրում են իրեն, կօգնի հասնել լիակատար կյանքին (Յովհ. 6։48–54)։
Վստահեցնում ենք, որ ուրախ ենք ծառայել ձեզ հետ միասին, որպեսզի փառք բերենք Եհովային։
Ձեր եղբայրներ՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին