Ջրհեղեղներ Կովկասում
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ՝ Հյուսիսային Կովկասում, 2002 թվականի ամռանը ընդամենը երկու օրվա ընթացքում հորդեց այնքան անձրև, որքան սովորաբար կտեղար երեք ամսում։ Բազմաթիվ գետեր իրենց ափերից դուրս եկան։ Նույնիսկ փոքր վտակները, կատաղի հորձանքների վերածված, իրենց ճանապարհին սրբեցին– տարան ամեն բան։ Ջրի հոսանքը քանդեց ամբարտակները, փուլ տվեց տներն ու մյուս շինությունները։ Մեկ ակնթարթում հազարավոր բնակիչներ անտուն մնացին։ Շատ–շատերը, ովքեր չհասցրեցին արագ դուրս գալ տներից, մահացան։ Ուրիշները, անօգնական վիճակում կանգնած, նայում էին, թե ինչպես են ջրի ահարկու հորձանքները կլանում իրենց սիրելիներին։
Նեվինոմիսկում մի ընտանիք փորձեց փախչել տրակտորով։ Սակայն ահռելի ալիքը շուռ տվեց այդ մեքենան, և ամբողջ ընտանիքը զոհվեց։ Ոմանք էլ կորցրեցին իրենց կյանքը՝ փորձելով փրկել ուրիշներին։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ 335 000 մարդ տուժեց ջրհեղեղից։ Նրանցից ավելի քան 200–ը մահացան, շատերն էլ անհայտ կորան։
Տասնյակ հազարավոր տներ մնացին ջրի տակ։ Ջրմուղ–կոյուղու համակարգը լիովին կործանվեց։ Կատաղի ջրերը քշեցին–տարան նույնիսկ գերեզմանները՝ մարդկանց դիակներով, նաև այն կենդանիների դիակները, որ սատկել էին սիբիրյան խոցից։ Ջրհեղեղի պատճառած տնտեսական վնասը կազմեց մոտավորապես 16 000 000 000 ռուբլի (մոտ 500 միլիոն ամերիկյան դոլար)։
Երգիչների և բանաստեղծների կողմից գովերգված այս գեղեցիկ ու բերքառատ երկրամասը մի սրտաճմլիկ տեսարանի էր վերածվել։ Բայց այս աղետը չէր կարողացել կործանել մերձավորի հանդեպ իսկական սերը։
Անհապաղ օգնություն
Առաջին օրերին չկար ոչ մաքուր ջուր, ոչ էլեկտրականություն, ոչ գազ և ոչ էլ հեռախոսային կապ։ Մարդիկ չէին կարողանում կապ հաստատել իրար հետ։ Ավելի քան 3 000 Եհովայի վկա ապրում են աղետից տուժած տարածքում, 700–ից ավելին՝ Նեվինոմիսկում և նրա շրջակայքում։ Ջրհեղեղի մասին լուրը լսելուց անմիջապես հետո Վկաները կազմակերպեցին հատուկ կոմիտեներ՝ հոգ տանելու տուժածներին։ Այդ կոմիտեները սկսեցին գործի անցնել նույնիսկ մինչև փրկարար ջոկատների տեղ հասնելը։
Օրբելյանովկա փոքրիկ քաղաքում, որ գտնվում է Նեվինոմիսկից 60 կմ հարավ–արևելք, ջրերը սկսեցին սրընթաց բարձրանալ։ Ութ հոգի, որոնց մեջ էին նաև երկու կին Վկա, փորձեց ապաստան գտնել ոչ բարձր բլրի գագաթին։ Բայց այնտեղ նրանք մենակ չէին. փրկվելու հույսով բլրի գագաթն էին բարձրացել նաև փոքր կենդանիներ ու բազմաթիվ օձեր։ Ամբողջ երկար գիշերվա ընթացքում այդ ութ հոգին ստիպված էին եղել պաշտպանվել օձերի հարձակումից։
Հաջորդ առավոտյան տեղի Վկաները սկսեցին ուղիներ փնտրել՝ հասնելու ծանր կացության մեջ հայտնված իրենց երկու հավատակիցներին։ Վերջապես, մինչև կեսօր նրանք կարողացան փոքրիկ ռետինե մակույկ գտնել։ Բայց նախքան քույրերին փրկելը Վկաները ջրից դուրս հանեցին մի տարեց հաշմանդամ տղամարդու։ Այնուհետև նրանք մակույկի մեջ նստեցրին երկու քույրերին, իսկ այդ ընթացքում օգնության հասած ուղղաթիռը վեր բարձրացրեց բլրի վրա գտնվող մյուս մարդկանց։
Այդ նույն օրը՝ ավելի ուշ, մակույկի մեջ գտնվող Վկաները ուրիշ մարդկանց էլ փրկեցին։ Երբ նրանք հարցրին նստածներին. «Դուք գիտե՞ք, թե ով ենք մենք», վերջիններս պատասխանեցին. «Անշուշտ, Արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատողները»։ Որքան մեծ եղավ նրանց զարմանքը, երբ իմացան, որ իրենց փրկողները Եհովայի վկաներ են։
Նեվինոմիսկում Վկաները ձեռք բերեցին շարժական խոհանոց, որտեղ տաք կերակուր էին պատրաստում նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեին։ Նրանք ոչ միայն սնունդ էին մատակարարում, այլև ջուր, հագուստ և դեղորայք։ Բացի դրանից, Վկաներից բաղկացած կամավորների խմբերը ավերակներից մաքրում էին տներն ու տնամերձ հողամասերը։
Զելենոկումսկից Վկա ամուսիններ, որ բիզնեսով էին զբաղվում, իրենց մեքենայով ջուր, սննդամթերք ու հագուստեղեն էին մատակարարում տուժածներին, որոնք գնում էին մեծածախ առևտրի շուկայում։ Երբ կնոջ ծանոթները հետաքրքրվեցին, թե ում համար է այդ ամենը, նա պատասխանեց. «Աղետից տուժած իմ հավատակիցների համար»։ Նրա հոգատարությունից զգացված՝ այդ մարդիկ նույնպես ցանկացան օգնության ձեռք մեկնել։ Մի ձեռներեց կին նվիրեց մի մեծ պարկ վերմիշել, մեկ ուրիշը՝ մի մեծ տուփ օճառ, իսկ մյուսները տվեցին մի քանի պարկ շաքարավազ։
Օգնություն՝ հեռու վայրերից
Քանի որ Ռուսաստանում բնակվող շատ Եհովայի վկաներ հետաքրքրվում էին, թե ինչպես կարող են օգնել ջրհեղեղից տուժածներին, այդ նպատակի համար ստեղծվեց հատուկ ֆոնդ։ Իրենց օգնությունն առաջարկեցին նույնիսկ Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնի կամավոր աշխատողները։ Նրանցից ոմանք տուժածներին նվիրաբերեցին իրենց բոլորովին նոր իրերը։ Մասնաճյուղում աշխատող քույրերից մեկը պատմում է. «Ես տվեցի իմ լավագույն իրերը, որովհետև ես էլի ինչ–որ բան ունեմ, բայց իմ եղբայրներն ու քույրերը ոչինչ չունեն»։
Վարչական կենտրոնը նաև նամակներ ուղարկեց Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի մոտ 150 ժողովներին՝ բացատրելով, թե ինչպես կարող էին եղբայրները նվիրաբերել դրամ, սնունդ և հագուստեղեն։ Չնայած Ռուսաստանի տնտեսական վիճակը հեռու է մխիթարական լինելուց, և Վկաների մեծ մասը համեստ եկամտով է ապրում, սակայն դա չխանգարեց, որ նրանք առատաձեռնություն ցուցաբերեին։ Դա հիշեցնում էր Մակեդոնիայի ծայրաստիճան աղքատության մեջ գտնվող քրիստոնյաների առատաձեռնությունը, որ նրանք ցույց տվեցին Հուդայում ապրող իրենց կարիքավոր եղբայրների ու քույրերի հանդեպ (Բ Կորնթացիս 8։1–4)։
Այնուհետև նվիրաբերված սնունդն ու հագուստեղենը տեսակավորեցին առաքման կենտրոններում, ապա տեղավորեցին բեռնատար ավտոմեքենաների մեջ և ուղարկեցին աղետի գոտի։ Նվիրաբերված իրերից բացի՝ Վարչական կենտրոնը ձեռք բերեց տասը տոննա սննդամթերք, 500 կոմպլեկտ անկողնու սպիտակեղեն և հիգիենայի պահպանման միջոցներ, ինչպես նաև գործիքներ ու աշխատանքային հագուստներ՝ ջրհեղեղի թողած հետքերը վերացնելու աշխատանքների համար։ Ընդհանուր առմամբ, վեց բեռնատար մեքենաներով 300 տոննա հումանիտար օգնություն ուղարկվեց Հյուսիսային Կովկաս։
Առատաձեռնությունը վկայության պատճառ դարձավ
Աղետի գոտին ջրհեղեղի թողած հետևանքներից մաքրելու համար Վկաների կատարած աշխատանքը աննկատ չմնաց։ Տեսնենք, թե ինչ պատահեց գողտրիկ առողջարանային քաղաք Կիսլովոդսկում, որտեղ ապրում են ավելի քան 300 Վկաներ։ Վկաներն իրենց ծառայությունն առաջարկեցին քաղաքի ղեկավարությանը, և նրանց մաքրելու տարածք հատկացվեց։
Հունիսի 28–ին՝ առավոտյան ժամը 8–ին, մոտավորապես 150 Վկաներ, որոնց մեջ կային նաև ընտանիքներ, իրենց աշխատանքային գործիքներով զինված՝ մեկտեղ հավաքվեցին։ Ոմանք իրենց աշխատանքի վայրից արձակուրդ էին վերցրել (առանց վարձատրման), որպեսզի մասնակցեին մաքրությանը։ Շատ չանցած՝ մի մեքենա մոտեցավ, և միջից դուրս եկավ քաղաքապետի առաջին տեղակալը։
— Ովքե՞ր են այս մարդիկ,— հարցրեց նա։
— Եհովայի վկաներն են։ Հավաքվել են, որպեսզի քաղաքը մաքրեն պատահած աղետից հետո,— պատասխանեցին նրան։
Քաղաքապետի տեղակալը զարմացած մնաց՝ տեսնելով այդքան մարդ, ապա դիմելով նրանց՝ ասաց. «Կեցցե՛ք։ Շնորհակալություն։ Հրաշալի է»։
Ավելի ուշ՝ ճաշի ժամին մոտ, քաղաքի ղեկավարությունից մի կին ներկայացուցիչ իր մեքենայով անցնում էր աշխատողների կողքով։ Նա կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և, մոտենալով Վկաներին, ասաց.
— Մենք հետևում էինք ձեր աշխատանքին, և բոլորս հիացած ենք։ Երբեք չենք հանդիպել ձեզ նման աշխատող մարդկանց։ Դուք արդեն այնքա՜ն շատ գործ եք կատարել»։
Մոտավորապես այդ նույն ժամանակ մի տարեց կին, որ անցնում էր այդ կողմով, կանգ առավ ու հարցրեց. «Ոդքե՞ր են այս մարդիկ, որ այսքան ժրաջանորեն աշխատում են»։ Երբ կնոջն ասացին, որ Եհովայի վկաներն են, և օգնում են քաղաքին, նրա աչքերում արցունքներ հայտնվեցին։ «Դուք իսկական հավատացյալներ եք,— ասաց նա։— Մարդիկ դժբախտության մեջ են ճանաչվում»։ Մեկ ուրիշ կին էլ այսպիսի խոսքեր ասաց. «Ինչ հրաշալի գործ է արվում։ Վաղուց այսպիսի բան չէի տեսել»։
Հաջորդ օրը տեղական թերթերից մեկը գովասանքով արտահայտվեց Եհովայի վկաների մասին՝ նշելով, որ նրանց շնորհիվ քաղաքից դուրս է հանվել ավելի քան 100 տոննա տիղմ («На водах»)։ Կիսլովոդսկ քաղաքի ղեկավարությունը շնորհակալական նամակ ուղարկեց Վկաներին, որտեղ ասվում էր. «Ձեր անգնահատելի օգնության շնորհիվ քաղաքը վերստացավ իր նախկին գեղեցիկ տեսքը.... Կասկած չկա, որ մեր քաղաք այցելած բազմաթիվ հանգստացողների երախտագիտության խոսքերը ամենաթանկ նվերը կլինեն ձեզ համար»։
Թեպետ բնական աղետը Հյուսիսային Կովկասի որոշ շրջաններին շատ կորուստներ ու ավերածություններ պատճառեց, Եհովայի վկաները ուրախ էին, որ հնարավորություն ունեցան իրենց հավատակիցների և մերձավորների հանդեպ սեր ցուցաբերել։ Եվ հատկապես նրանք ուրախ էին այն պատճառով, որ դրսևորելով նման սեր՝ փառք բերեցին մեր Արարչին՝ Եհովային։
[Քարտեզ 12–րդ էջի վրա]
Սև ծով
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԵՌՆԵՐ
Նեվինոմիսկ
Օրբելյանովկա
Զելենոկումսկ
Կիսլովոդսկ
Կասպից ծով
[Թույլատրությամբ]
Globe: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[Նկարներ 13–րդ էջի վրա]
Վկաները գնեցին այս շարժական խոհանոցը, որպեսզի կերակուր պատրաստեին տուժածների համար
Այս Վկան իրենց սեփական փոխադրամիջոցով սննդամթերք ու հագուստ էր մատակարարում
[Նկար 14–րդ էջի վրա]
Կիսլովոդսկի ղեկավարության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Վկաներին՝ քաղաքը վերականգնելու գործում նրանց ցույց տված օգնության համար