Երիտասարդները հարցնում են...
Ի՞նչ սխալ բան կա մինչամուսնական սեքսի մեջ
«Ես հաճախ եմ մտածում, թե իրո՞ք մինչամուսնական սեքսը այդքան վատ բան է, մանավանդ երբ ինձ երբեմն շատ տարօրինակ է թվում, որ դեռ ոչ մի անգամ սեռական հարաբերություն չեմ ունեցել» (Ջորդան)a
«Երբեմն իմ մեջ ցանկություն է առաջանում փորձելու, թե ինչ բան է սեքսը։ Ինձ թվում է՝ բոլորս էլ ունենք այդ բնական հակվածությունը,— ասում է Քելին։— Որ կողմ պտտվում ես,— շարունակում է նա,— ամեն ինչ սեքսի վրա է կենտրոնացած»։
ԾԱՆՈ՞Թ են արդյոք քեզ Ջորդանի և Քելիի զգացումները։ Նման զգացումներ ունենալը հնարավոր է բնական թվա, չէ՞ որ այսօր համարյա թե վերացել են այն ավանդական արժեքներն ու սովորությունները, որոնք մի ժամանակ դատապարտում էին մինչամուսնական սեռական հարաբերությունները (Եբրայեցիս 13։4)։ Ասիական երկրներից մեկում կատարված հարցումը ցույց է տալիս, որ 15–ից 24 տարեկան տղաների մեծամասնությունը այն կարծիքին է, թե մինչամուսնական սեռական հարաբերությունը ոչ միայն ընդունելի է, այլև ակնկալվում է իրենցից։ Ուստի զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհում երիտասարդների մեծ մասը ունեցել է սեռական հարաբերություններ մինչև 19 տարեկան դառնալը։
Կան նաև այնպիսի պատանիներ, որոնք խուսափում են սեռական հարաբերություն ունենալուց, սակայն կատարում են այնպիսի արարքներ, ինչպիսին է օրինակ՝ մեկը մյուսի սեռական օրգանները փաղաքշելը, որը երբեմն կոչում են երկկողմանի (փոխադարձ) ձեռնաշարժություն։ «Նյու Յորք թայմսի» հոդվածներից մեկը մտահոգություն պատճառող հետևյալ տեղեկությունն է տալիս. «Սեռական հարաբերության մեջ բերանային (օրալային) սեքսը սովորական երևույթ է դարձել՝ շատ պատանիների կողմից նկատվելով որպես ավելի քիչ ինտիմ և պակաս վտանգավոր, քան բուն սեռական հարաբերությունը.... [և] որպես կուսությունը պահպանելու և հղիությունից խուսափելու միջոց»։
Ուստի՝ ինչպիսի՞ տեսակետ պետք է ունենա քրիստոնյան մինչամուսնական սեքսի վերաբերյալ։ Իսկ ի՞նչ ասել սեռական գործողությունների այլ ձևերի մասին։ Ընդունելի՞ են արդյոք դրանք Աստծուն։ Անվտա՞նգ են։ Եվ իրո՞ք չեն զրկում անհատին կուսությունից։
Ի՞նչ է իրենից ներկայացնում պոռնկությունը
Այս հարցերի վերաբերյալ հեղինակավոր պատասխաններ կարող ենք ստանալ միմիայն մեր Արարչից՝ Եհովա Աստծուց։ Իր Խոսքում նա մեզ ասում է. «Փախէք պոռնկութիւնիցը» (Ա Կորնթացիս 6։18)։ Բայց ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ «Պոռնկություն» թարգմանված հունարեն բառը չի սահմանափակվում միայն բուն սեռական հարաբերությամբ, այլ իր մեջ ընդգրկում է նաև բազմաթիվ այլասերված գործողություններ։ Ուստի, եթե իրար հետ չամուսնացած երկու անհատներ զբաղվեն բերանային սեքսով կամ փաղաքշեն մեկը մյուսի վերարտադրողական օրգանները, դա նշանակում է, որ նրանք մեղավոր են պոռնկության մեջ։
Այս ամենով հանդերձ՝ կարո՞ղ են նրանք կույս համարվել Աստծո աչքում։ Աստվածաշնչում «կույս» բառը օգտագործվում է որպես բարոյական մաքրության խորհրդանիշ (Բ Կորնթացիս 11։2–6)։ Սակայն այն գործածվում է նաև ֆիզիկական իմաստով։ Աստվածաշունչը խոսում է Ռեբեկա անունով երիտասարդ մի աղջկա մասին՝ ասելով, որ նա «կոյս էր, եւ մարդ նորան գիտեցած չէր» (Ծննդոց 24։16)։ Հետաքրքրական է, որ եբրայերեն բնագրում «գիտենալ» բառը իր մեջ ընդգրկում է ամուսնու և կնոջ միջև գոյություն ունեցող սեռական հարաբերությունից բացի նաև այլ գործողություններ (Ծննդոց 19։5)։ Ուստի, ըստ Աստվածաշնչի, եթե պատանի տղան կամ աղջիկը կատարում է պոռնկություն համարվող ցանկացած արարք, ապա դժվար թե նա կույս համարվի։
Աստվածաշունչը քրիստոնյաներին կոչ է անում ոչ միայն փախչել բուն պոռնկությունից, այլ նաև ամեն տեսակ անմաքուր արարքներից, որոնք կարող են հանգեցնել պոռնկության (Կողոսացիս 3։5)։b Ոմանք գուցե ծաղրեն քեզ նման դիրքորոշման համար։ ««Դու չգիտես, թե ինչ ես կորցնում» խոսքերը անդադար լսել եմ դպրոցական տարիներիս ընթացքում»,— ասում է Քելին։ Սակայն մինչամուսնական սեքսը ոչ այլ ինչ է, քան ‘մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելելը’ (Եբրայեցիս 11։25, ԱԱ)։ Այն կարող է մնայուն ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր վնաս հասցնել։
Լուրջ սպառնալիքներ
Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ մի առիթով Սողոմոն թագավորը դիտում էր մի երիտասարդ տղայի, որը գայթակղվելով՝ սեռական հարաբերություն ունեցավ մի կնոջ հետ։ Սողոմոնը համեմատում է նրան ‘սպանդանոց գնացող արջառի’, կամ՝ ցուլի հետ։ Ցուլը, որին տանում են սպանդանոց մորթելու, գաղափար անգամ չունի, թե ինչ է պատահելու իրեն։ Մինչամուսնական սեռական հարաբերությունների մեջ մտնող պատանիները հաճախ նույն վարքագիծն են դրսևորում. նրանք շատ քիչ գիտեն կամ ընդհանրապես տեղյակ չեն այն մասին, թե ինչ լուրջ հետևանքներ են ունենալու իրենց արարքները։ Սողոմոնը այդ երիտասարդի մասին հետևյալ խոսքերն է ասում. «[Նա] չի գիտեր թէ դէպի իր անձին կորուստը կ’երթայ» (Առակաց 7։22, 23, ԱԱ)։ Այո, քո ‘անձը’՝ քո կյանքն է դրանից կախված։
Օրինակ՝ ամեն տարի միլիոնավոր երիտասարդներ հենց այդ պատճառով ձեռք են բերում վեներական հիվանդություններ։ «Երբ իմացա, որ հերպեսով եմ վարակվել, ուզում էի փախչել հեռու,— ասում է Լիդիան, ապա հառաչանքով ավելացնում է,— դա մի ցավագին հիվանդություն է, որը երբեք չի բուժվի»։ Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ–ով վարակված անհատների մեծամասնությունը (օրական 6000 հոգի) 15– 24 տարեկան պատանիներ են։
Մինչամուսնական սեքսի հետևանքով առաջ եկած խնդիրներ ավելի հաճախ ունենում են աղջիկները։ Իրականում ՄԻԱՎ–ը և վեներական հիվանդությունները ավելի շատ սպառնում են կանանց, քան տղամարդկանց։ Երբ պատանի աղջիկը հղիանում է, նա ռիսկի է ենթարկում իրեն և իր չծնված երեխային։ Ինչո՞ւ. քանի որ պատանի աղջկա մարմինը դեռ բավականաչափ զարգացած չէ, որ նա կարողանա ապահով ծննդաբերել։
Նույնիսկ եթե պատանի մայրը չունենա էլ լուրջ առողջական խնդիրներ, նա դեռ պետք է կատարի այն դժվարին պատասխանատվությունը, որ իր հետ բերում է ծնող լինելը։ Շատ աղջիկներ հետո են հասկանում, որ իրենց և իրենց նորածնին հոգ տանելը իրականում շատ ավելի դժվար է, քան իրենք կարծում էին։
Դրանից բացի, մինչամուսնական սեռական հարաբերությունները թողնում են նաև հոգևոր և էմոցիոնալ հետևանքներ։ Դավիթ թագավորի գործած ապօրինի սեռական արարքը վտանգեց նրա փոխհարաբերությունը Աստծո հետ և հոգևոր առումով գրեթե կործանեց նրան (Սաղմոս 51)։ Եվ թեպետ Դավիթը ապաքինվեց հոգևորապես, սակայն մինչև իր կյանքի վերջը նա կրեց իր գործած մեղքի հետևանքները։
Նույն կերպով կարող են տուժել նաև պատանիները մեր օրերում։ Օրինակ՝ երբ Շերին 17 տարեկան էր, սեռական կապերի մեջ մտավ մի տղայի հետ։ Նրան թվում էր, թե նա սիրում է իրեն։ Անցել են տարիներ, սակայն Շերին դեռ զղջում է իր կատարածի համար։ «Ես թերագնահատեցի Աստվածաշնչի ճշմարտությունը և կրեցի դրա հետևանքները։ Ես կորցրեցի Եհովայի հավանությունը, իսկ դա կործանարար էր»,— ասում է նա։ Թրիշ անունով մի երիտասարդ աղջիկ նույնպես խոստովանում է. «Մինչամուսնական սեքսը կյանքիս մեծագույն սխալն էր։ Ամեն ինչ կտամ, միայն թե նորից կույս լինեմ»։ Այո՛, էմոցիոնալ վերքերը դեռ երկար տարիներ իրենց զգացնել են տալիս՝ պատճառելով վհատություն և դառնություն։
Սովորել ինքնատիրապետում դրսևորել
Երիտասարդ Շանդան կարևոր հարց է բարձրացնում. «Ինչո՞ւ է Աստված պատանիներին սեռական ցանկություններ տվել՝ գիտենալով, որ նրանք չեն կարող այն իրականացնել նախքան ամուսնությունը»։ Ճիշտ է, որ սեռական ցանկությունները կարող են հատկապես զորեղ լինել ‘երիտասարդության ծաղկուն շրջանում’ (Ա Կորնթացիս 7։36, ՆԱ)։ Իրականում, պատանիները կարող են նույնիսկ հանկարծակի սեռական ուժեղ ցանկություն զգալ, գրեթե առանց ակնհայտ պատճառի։ Սակայն դա իրենից ոչ մի վատ, կամ՝ սխալ բան չի ներկայացնում։ Դա պարզապես նշան է այն բանի, որ նրանց վերարտադրողական համակարգը զարգանում է իր բնականոն ընթացքով։c
Ճիշտ է նաև այն, որ Եհովան սեռական հարաբերությունը նախատեսել էր, որպեսզի մարդիկ հաճույք ստանան դրանից, ինչը ներդաշնակ է ամբողջ երկիրը լցնելու վերաբերյալ մարդկանց առնչությամբ ունեցած նրա սկզբնական նպատակին (Ծննդոց 1։28)։ Այդուհանդերձ, Աստված երբեք չէր նպատակադրել, որ մարդիկ սխալ կերպով գործածեն իրենց վերարտադրողական կարողությունը։ Աստվածաշունչն ասում է. «Ձեզանից ամեն մէկը գիտենայ իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով» (Ա Թեսաղոնիկեցիս 4։4)։ Գոհացնել սեռական ցանկությունը ամեն անգամ, երբ այն զգում ենք, նման է՝ խփել դիմացինին ամեն անգամ, երբ նրա վրա ջղայնանում ենք։
Սեռական հարաբերություն ունենալը պարգև է, նվեր է Աստծո կողմից, և այդ նվերը պետք է վայելել ճիշտ ժամանակին՝ ամուսնության մեջ։ Իսկ ի՞նչ է զգում Աստված, երբ մենք ուզում ենք սեռական հարաբերություններ ունենալ ամուսնությունից դուրս։ Մի պահ պատկերացրեք, որ նվեր եք գնել ձեր ընկերոջ համար, սակայն նախքան ձեր նվերը նրան տալը՝ նա գողանում է այն։ Մի՞թե ձեզ վիրավորված չեք զգա։ Այժմ փորձեք պատկերացնել, թե ինչպես է Աստված իրեն զգում, երբ որևէ մեկը արտամուսնական սեռական հարաբերություններ է ունենում՝ սխալ է օգտագործում այն նվերը, որ Աստված է իրեն տվել։
Իսկ ինչպե՞ս վարվել, երբ սեռական կրքեր ես ունենում։ Մի խոսքով, սովորիր դրանք կառավարել։ Հիշեցրու ինքդ քեզ, որ Եհովան «ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից» (Սաղմոս 84։11)։ «Երբ սկսում եմ մտածել, թե մինչամուսնական սեքսը այդքան էլ վատ բան չէ,— ասում է Գորդոնը,— անդրադառնում եմ դրա հոգևոր վատ հետևանքների վրա և ընդունում, որ ոչ մի մեղք չունի այն գինը, որի պատճառով արժե կորցնել Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները»։ Հնարավոր է՝ ինքնատիրապետում դրսևորելը հեշտ չլինի։ Բայց ինչպես Ադրիանն է մեզ հիշեցնում, «դրա շնորհիվ ունենում ես մաքուր խիղճ և լավ հարաբերություններ Եհովա Աստծո հետ և ազատ ես լինում ուշադրությունդ կենտրոնացնելու ավելի կարևոր բաների վրա՝ առանց խղճի խայթի կամ մեղավորության զգացում ունենալու անցյալում կատարած քո որևէ արարքի համար» (Սաղմոս 16։11)։
Հիմնավոր պատճառներ շատ կան պոռնկության ցանկացած ձևից ետ կանգնելու համար (Ա Թեսաղոնիկեցիս 4։3)։ Պետք է խոստովանենք, սակայն, որ դա միշտ չէ, որ հեշտ է։ «Արթնացե՛ք»–ի հաջորդ համարում կքննարկենք այն հարցը, թե ինչպես կարող ենք սուրբ պահել մեր անձերը (Ա Տիմոթէոս 5։22)։
[Ծանոթագրություններ]
a Որոշ անուններ փոխված են։
b Պոռնկության, անառակ վարքի և անմաքրության վերաբերյալ տե՛ս «Արթնացե՛ք»–ի 1993 թ. հոկտեմբերի 22–ի համարում «Երիտասարդները հարցնում են... Որքա՞ն հեռուն է «շատ հեռուն»» հոդվածը, (անգլ.)։
c Տե՛ս «Երիտասարդները հարցնում են... Ի՞նչ է կատարվում իմ մարմնի հետ» հոդվածը «Արթնացե՛ք»–ի 1990 թ. փետրվարի 8–ի համարում, (անգլ.)։
[Մեջբերում 29–րդ էջի վրա]
Եթե պատանի տղան կամ աղջիկը կատարում է պոռնկություն համարվող ցանկացած արարք, կարո՞ղ ենք ասել, որ նա կույս է Աստծո աչքում։
[Նկար 29–րդ էջի վրա]
Մինչամուսնական սեքսը կարող է խեղել աստվածավախ պատանու խիղճը
[Նկար 30–րդ էջի վրա]
Նրանք, ովքեր ունենում են մինչամուսնական սեռական հարաբերություններ, գտնվում են վեներական հիվանդություններով վարակվելու վտանգի տակ