Դրախտի մի անկյուն
Մեր թղթակիցը՝ Կոտդիվուարից
ՉԷԻ՞Ք ցանկանա մտովի տեղափոխվել անցյալ և գնալ կուսական անտառներ, որ հարուստ էին կենդանական աշխարհով և լի բուսականությամբ։ Պահպանվե՞լ են այսպիսի վայրեր մինչև այժմ։ Կոտդիվուարի հարավ–արևմտյան մասում (Լիբերիայի սահմանի մոտ) գտնվող Տայի ազգային պարկում կա դրախտի այդպիսի մի անկյուն. թվում է, թե մարդը դեռ ոտք չի դրել այնտեղ։
Տայի ազգային պարկը ամենամեծ խոնավ արևադարձային անտառն է, որ մինչև օրս պահպանվել է։ Մի ժամանակ այդպիսի կուսական անտառներ ձգվում էին ներկայիս Գանայի, Լիբերիայի, Կոտդիվուարի և Սիերա Լեոնեի տարածքով։ Արևմտյան Աֆրիկայի խոնավ անտառների կեսից ավելին գտնվում է այս պարկում։ 1926 թ.–ից ի վեր ձեռք առնված բնապահպանական արդյունավետ միջոցառումների շնորհիվ բնության այս մարգարիտը հասել է մեզ։ Եկեք միասին ճանապարհ ընկնենք՝ ծանոթանալու այս պարկի հարուստ կյանքին։
Անտառի ճոխ բուսականությունը
Մենք քայլում ենք անտառի միջով՝ թռչունների բազմաձայն երգերի և կապիկների ճիչերի ներքո, զմայլված նայում ենք հինավուրց, հաստաբուն ծառերին, որ մոտ 60 մետր վեր են խոյանում։ Մեր էքսկուրսավարը պատմում է, որ 3 500 քառակուսի/կիլոմետր տարածությամբ այս պարկում աճում են 1 300 տեսակ բույսեր. դրանց կեսից ավելին բնորոշ է Արևմտյան Աֆրիկայի միայն այս շրջանին։
Բուսականությունն այստեղ առատ է և շատ բազմազան։ Խիտ անտառում աճում են փայտամշակման մեջ օգտագործվող շատ ծառատեսակներ, որոնցից են՝ կարմրածառը, էբենոսածառը, աֆրիկական պիպտադենիան և մակորեն։ Մենք ստիպված ենք հսկայական քայլերով անցնել ծառերի արմատների վրայով, որոնցից մի քանիսը հողից դուրս են ցցված մեկ մետր և ձգվում են 15 մետր։ Ծառերի արմատների արանքում գիշատիչներից խուսափելու կամ հորդառատ անձրևներից պաշտպանվելու համար երբեմն ապաստան են փնտրում կենդանիները։
Վերին շարահարկի ծառերը իրենց սաղարթներով թույլ չեն տալիս, որ լույսը հասնի հողին, և խոչընդոտում են փոքր բույսերի աճը։ Բայց այստեղ աճում են մակաբույսեր և լիաններ։ Որոշ մակաբույսեր մագլցում են ծառերի վրա՝ հենարան փնտրելով, փաթաթվում են դրանց և երբեմն նույնիսկ խեղդում։ Մեր էքսկուրսավարը ցույց է տալիս մի խեղդող ֆիկուս, որն ամուր փաթաթվել է հսկայական ծառի բնին։ Ժամանակի ընթացքում տեր–ծառը կզիջի իր դիրքերը և կչորանա։
Տայի պարկը դեղաբույսերի և սննդի շտեմարան է։ Էքսկուրսավարը պատմում է, որ կրու ցեղի մարդիկ օգտագործում են խինածառի կեղևը՝ մալարիա հիվանդությունը բուժելու համար։ Մեկ այլ ծառի պտուղ պարունակում է այնպիսի սպիտակուց, որը հազար անգամ ավելի քաղցր է, քան սովորական շաքարավազը։
Հարուստ կենդանական աշխարհը
Հանկարծ մեր գլխավերևում լսում ենք տերևների խշխշոց։ Վեր նայելով՝ տեսնում ենք դիանա և մոնա աղմկարար կապիկների մի մեծ խումբ։ Նրանք, ճիչեր արձակելով, ազդանշաններ են տալիս իրար և ցատկոտում ճյուղից ճյուղ։ Մոնա կապիկներից մեկը՝ սպիտակ զոլեր ունեցող ծիծաղաշարժ դեմքով, աչքերը հառած՝ ուշադիր նայում է մեզ, իսկ մենք՝ նրան։ Փոքրիկ կապիկները, շիմպանզեները և թռչունները սնվում են այն բազմազան մրգերով և ընկույզներով, որ կան ծառերի ճյուղերին։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են կապիկներն ու թռչունները հավաքվում մի ծառի վրա և իրար հետ միասին աղմուկ–աղաղակով «ճաշակում» նրա պտուղները։
Տայի ազգային պարկում կան 50 տեսակի կաթնասուններ, և դրանցից շատերը հանդիպում են միայն այս վայրում։ Այստեղ ապրում են գոմեշներ, անտառային փղեր, ինչպես նաև բոնգոներ, գետային խոզեր, հարավաֆրիկական այծքաղներ, անտառային հսկա խոզեր, ընձառյուծներ և թզուկ գետաձիեր։ Անտառի փոքր բնակիչներից են ցիվետան, ոսկեգույն կատուն, անտառային գենետան, մանգուստը, թեփամորթը և գալագոն։
Մեր էքսկուրսավարը ցույց է տալիս բազմաթիվ կենդանիների ոտնահետքեր, ինչպես օրինակ՝ հարավաֆրիկական փոքր այծքաղի ոտնահետքերը։ Անտառում կա այծքաղների յոթ տեսակ, այդ թվում լիբերիական, զոլավոր և Օջիլբիի։ Ճանապարհին տեսնում ենք նաև անտառային հսկա խոզերի ոտնահետքեր այն տեղում, որտեղ նրանք արմատներ են փնտրել։ Մենք զննում ենք հսկա թեփամորթի բնակարանը։ Այս սողունը սնվում է մրջյուններով և տերմիտներով։ Թեփամորթների մի զույգ գետնի տակ երկու խոռոչ ունեցող մի մեծ բույն է փորել։ Այս գետնափոր «սենյակները» ունեն մինչև 40 մետր երկարություն և 5 մետր խորություն։ Թեփամորթը սնվում է գիշերը՝ շատ թափառելով, և տուն է վերադառնում արևածագից քիչ առաջ։ Իր փոցխանման ճանկերով նա քանդում է տերմիտների բները և կպչուն լեզվով դուրս է քաշում միջատներին։
Մեր էքսկուրսավարը ցույց է տալիս մի խումբ շիմպանզեների, որոնք 20 քառակուսի/կիլոմետր տարածության սահմաններում անընդհատ փոխում են իրենց բները։ Այս ազգային պարկում ավելի քան 2 000 շիմպանզեներ կան։ Մենք լսել էինք, որ նրանք քարեր կամ ճյուղեր են օգտագործում ընկույզներ կոտրելու համար։ Ու այժմ հրճվում ենք՝ տեսնելով, թե մեզանից մոտ 5 մետր հեռավորության վրա նստած շիմպանզեն ինչպես է ճյուղը ձեռքին համառորեն փորձում կոտրել ընկույզի կեղևը։
Դրախտ՝ թռչունների սիրահարի համար
Հաջորդ օրը մենք կանոե նստած ճանապարհորդում ենք Հանա գետով։ Մեր էքսկուրսավարները հանգիստ թիավարում են։ Ընթացքում նրանք ասում են ճանապարհին հանդիպող բազմաթիվ թռչունների անունները։ Հանկարծ լսում ենք սև սաղավարտակիր ռնգեղջյուր–թռչունի ձայնը։ Նա հայտնի է իր ականջ ծակող կռնչոցով և թևերի հանած աղմուկով։ Ռնգեղջյուր–թռչունի բազմաթիվ տեսակներից յոթը ապրում են Տայի պարկում։ Ընդհանուր առմամբ այստեղ հայտնաբերվել է թռչունների ավելի քան 200 տեսակ, այդ թվում ալկիոններ (յոթ տեսակ), բազեներ, բանանակերներ, թութակներ, տատրակներ, աղավնիներ, թուրաջներ, նեկտարահավեր և ճանճորսներ։ Այստեղ նաև բնակվում են վառ գույներով զարդարված աֆրիկական հազվագյուտ տրոգոններ։ Արուներն ասես հպարտանում են իրենց փայլուն կանաչ թևերով, կարմիր լանջով և պոչի սպիտակ փետուրներով։ Մենք տեսնում ենք զարմանալի գույներ ունեցող թռչուններ, ինչպես օրինակ՝ կապույտ բանանակերին, մադագասկարական կանաչ աղավնուն, գորշագույն թութակին, կապտակուրծք ալկիոնին և մետաղափայլ կանաչ հագեդաշին։ Տայի պարկը կարծես դրախտ լինի թռչունների սիրահարի համար։
Գետափին կենդանիների ավելի շատ հետքեր կան, այդ թվում թզուկ գետաձիու՝ սովորական գետաձիու փոքր տեսակի։ Այս կենդանին խոշոր խոզի չափեր ունի։ Թզուկ գետաձին ավելի քիչ ժամանակ է անցկացնում ջրում, քան իր մեծ «զարմիկը», և չի ապրում հոտերով։ Այսպիսի գետաձի հանդիպում է միայն Արևմտյան Աֆրիկայում։ Նաև տեսնում ենք նեղոսյան վարանին՝ մեծ, բծավոր մողեսի, որը նման է կոկորդիլոսի, սակայն չափերով զգալիորեն զիջում է նրան։ Այստեղ ապրում են երեք տեսակի կոկորդիլոսներ, 34 տեսակի օձեր, բազմապիսի մողեսներ, ինչպես նաև անթիվ–անհամար միջատներ։ Անտառում նրանց բոլորի համար էլ իդեալական պայմաններ կան։ Միջատների շատ տեսակներ դեռ պետք է ուսումնասիրվեն։
Ցավոք, մեր երկրագնդի խոնավ անտառները անհետանում են տագնապալի արագությամբ։ Դրանք գլխավորապես ոչնչանում են գյուղատնտեսական հողերի ընդարձակման և անտառահատման պատճառով։ Մխիթարական է իմանալ, որ մեր երկրի ապագան Արարչի հզոր ձեռքերում է գտնվում (Սաղմոս 96։12, 13)։
[Քարտեզ 14–րդ էջի վրա]
Սիերա Լեոնե
Լիբերիա
Կոտդիվուար
Տայի ազգային պարկ
Գանա
[Նկարներ 15–րդ էջի վրա]
հողից դուրս ցցված արմատներ
կարմրածառ
փղի ձագ
աֆրիկական ոսկեգույն կատու
սևամեջք այծքաղ
զոլավոր այծքաղ
աֆրիկական գոմեշ
[Նկարներ 16–րդ էջի վրա]
աֆրիկական սանձավոր տրոգոն
արևմտաաֆրիկական ճչան ոսկրկուլ
կապույտ բանանակերներ
հագեդաշ
կապտակուրծք ալկիոն
երկարապոչ թեփամորթ
թզուկ գետաձի
ծառագորտ
նեղոսյան վարան
երկարաքիթ մանգուստ
[Նկարներ 17–րդ էջի վրա]
մոնա կապիկ
արևմտյան կարմիր գվերեց
շիմպանզե
սպիտակաքիթ փոքրիկ կապիկ
ընձառյուծ
գետային խոզ
աֆրիկական ցիվետա
[Նկար. թույլատվությամբ 14–րդ էջի վրա]
Parc National de Taï
[Նկար. թույլատվությամբ 15–րդ էջի վրա]
Golden cat: © Art Wolfe/Photo Researchers, Inc.; all other photos except elephant: Parc National de Taï
[Նկար. թույլատվությամբ 16–րդ էջի վրա]
Ibis: © Joe McDonald/Visuals Unlimited; kingfisher: Keith Warmington; hippo: © NHPA/Anthony Bannister; narina trogon: © P&H Harris; all other photos: Parc National de Taï
[Նկար. թույլատվությամբ 17–րդ էջի վրա]
Pig: © Ken Lucas/Visuals Unlimited; all other photos except chimp and leopard: Parc National de Taï