Ի՞նչն է ճարպակալման պատճառը
«Մենք շրջապատված ենք մի համաճարակով, որը կարող է ահռելի հետևանքներ թողնել մեր երեխաների առողջության վրա։ Եթե հասարակությունն այժմ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկի, ճարպակալման դեմն առնել հնարավոր չի լինի» (Վիլյամ Քլիշ, մանկաբուժության գծով պրոֆեսոր)։
ՔԱՇԻ հետ կապված խնդիր չունեցող որոշ մարդկանց շրջանում այնպիսի տենդենց է նկատվում, որ նրանք ավել քաշ ունեցող կամ ճարպակալված մարդկանց քննադատորեն են վերաբերվում՝ նրանց համարելով կամքից թույլ և վատ հակումներ ունեցող անձնավորություններ։ Բայց արդյո՞ք խնդիրը միայն դրանում է կայանում։ Պարտադի՞ր է, որ ճարպակալված մարդիկ իրենց խառնվածքով լինեն ծույլ և ֆիզիկական վարժություններից խուսափող անհատներ։ Կամ էլ, ինչպես դեպքերի մեծամասնությունն է ցույց տալիս, կա՞ն արդյոք ծանր հետևանքների հանգեցնող լուրջ պատճառներ, որոնք վերահսկելը շատ ավելի դժվար է։
Ժառանգականությո՞ւն, միջավա՞յր, թե՞ երկուսն էլ
«Պայքար սննդի դեմ» գրքում ասվում է. «Երկար ժամանակ է, ինչ բանավեճեր են գնում՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված ճարպակալումը՝ գենետիկակա՞ն գործոններով, թե՞ միջավայրի»։ Ի՞նչ ենք հասկանում այս համատեքստում գենետիկական գործոններ ասելով։ Ոմանք կողմնակից են այն տեսությանը, որ մարդու մարմինը բնականից իր մեջ կուտակում է մեծ քանակությամբ կալորիաներ՝ ապագայում հարկ եղած դեպքում սպառելու համար։ Նույն աղբյուրը շարունակում է. «Ճարպակալման առաջացման գենետիկական գործոնը արդեն տասնյակ տարիներ է, ինչ հետազոտվում է .... Արդեն զգալի հետազոտություններ են կատարվել մարդու գեների և ճարպակալման վերաբերյալ։ Ներկայումս կիրառվում են ժամանակակից մեթոդներ՝ գտնելու այն գեները, որոնք պատճառ են դառնում ավելցուկային քաշի և այնպիսի հիվանդության առաջացմանը, ինչպիսին է շաքարախտը։ Գիտական լեզվով ասած՝ բնակչության 25–40 տոկոսի քաշը, ընդհանուր առմամբ, գեներով է պայմանավորված։ Մինչ ճարպակալումը վերագրվում է մարդկային թուլությանը, այս թվերը ընդգծում են մարդու կենսաբանական գործոնների կարևորությունը։ Սակայն մնացած 60 տոկոս և ավել մարդկանց պարագայում վճռորոշ դեր է խաղում միջավայրը»։ Դա նշանակում է, որ ճարպակալում առաջ բերող գլխավոր գործոնը մարդու ապրելակերպն է։ Արդյո՞ք անհատը ավելի շատ կալորիաներ է ընդունում, քան նրա օրգանիզմը ի վիճակի է սպառել ամեն օր։ Արդյո՞ք նա կանոնավորաբար ոչ առողջարար սնունդ է ընդունում։ Ամեն օր նա ժամանակ հատկացնո՞ւմ է ֆիզիկական վարժություններ կատարելուն։
Մեյոյի հիվանդանոցի աշխատակիցները ճարպակալման պատճառը բացատրում են հետևյալ պարզ խոսքերով. «Գեները կարող են ավելորդ քաշի կամ ճարպակալման գործոն հանդիսանալ, բայց, վերջին հաշվով, ձեր քաշը պայմանավորված է ձեր սննդակարգով (դիետա) և ֆիզիկական ակտիվությամբ։ Երկար ժամանակ բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելը, նստակյաց կյանք վարելը կամ այդ երկուսի համակցությունը հանգեցնում է ճարպակալման» (ընդգծումը մերն է)։ Նույն աղբյուրում նաև ասվում է. «Ձեր ժառանգականությունը դեռևս չի նշանակում, որ դուք պետք է անպայման գեր լինեք։ .... Նշանակություն չունի, թե ինչպիսին է ձեր գենոտիպը։ Ի վերջո, սնվելու և ֆիզիկական ակտիվության հարցում ձեր նախընտրությունից է կախված, թե ինչ քաշ կունենաք»։
Մարմնի քաշի նվազեցումը գովազդող կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ են վաստակում այն բանի շնորհիվ, որ մարդիկ հուսալքված դիմում են նրանց՝ իրենց նախկին կազմվածքը վերագտնելու հույսով։ Բայցևայնպես, ի՞նչ են ասում մասնագետները այդ ծրագրերի կապակցությամբ։ «Իրականում շատ դժվար է պայքարել ճարպակալման դեմ, և մարդկանց մեծամասնությունը թեպետև նվազեցնում է իր քաշը, սակայն չի կարողանում երկար պահպանել այն»,— ասվում է «Պայքար սննդի դեմ» գրքում։ «Ամենալավատեսական հաշվարկները ցույց են տալիս, որ մարդկանց 25 տոկոսը [չորսից մեկը], ում հաջողվում է նվազեցնել իր քաշը և մնալ այդպիսին, հաճախ այդ արդյունքին հասնում է ոչ թե միանգամից, այլ բազմաթիվ փորձերի շնորհիվ»։
Ճարպակալման վտանգները
Ճարպակալումը կարող է առողջական լուրջ խնդիրների աղբյուր լինել։ Հարավային Կալիֆորնիայի Բժշկական կենտրոնի համալսարանի նյարդաբան դոկտոր Սքոթ Լորեն–Սելկոն նախազգուշացնում է 2–րդ կարգի շաքարախտի վտանգի մասին, որը կարող է սպառնալ նույնիսկ գիրությամբ տառապող երիտասարդներին (տե՛ս 2003 թ. մայիսի 8–ի «Արթնացե՛ք»–ը, անգլ., ռուս.)։ Նա ասում է. «Այդ վտանգը շարունակ մեր աչքի առջև է, և հավատացած եղեք՝ դա սարսափելի է։ [Ճարպակալում ունեցող] հիվանդներին ասում եմ, որ կարող եմ նրանց տանել շաքարախտով տառապող հիվանդների բաժանմունք և ցույց տալ իրենց ապագան. կույրեր, անդամահատվածներ, անհաշիվ թվով մարդիկ՝ գամված անկողնուն 2–րդ կարգի [շաքարախտ] ունենալու պատճառով. և նրանք բոլորը տառապում են ճարպակալումից»։ Ո՞րն է այդ հիվանդությանը նպաստող գործոններից մեկը։ «Նրանք կարող են իրենց թույլ տալ գնելու «տիտանական» չափերի հասնող համբուրգերներ ու կարտոֆիլ ֆրի, և հենց ցավն այն է, որ իրենց չեն զրկում նման բաներից»,— ասում է Լորեն–Սելկոն։ «Ոչ ոք չկա, որ նրանց ասի՝ դա սխալ է. անշուշտ ո՛չ նրանք, ովքեր պատրաստում են այդ սնունդը, ո՛չ էլ, անկեղծ ասած, բժիշկների մեծամասնությունը, ովքեր բավականաչափ իրազեկ չեն սնվելու հետ կապված հարցերում»։
Սնման վերաբերյալ աշխատություններից մեկի ճանաչված հեղինակ դոկտոր Էդուարդ Թոուբը հետևյալն է ասում. «Վերջին ժամանակներում մոդայիկ և նույնիսկ միանգամայն ճիշտ է համարվում այն տեսակետը, որ ավել քաշ ունենալը ժամանակակից կյանքի նորմալ և ընդունելի երևույթներից է։ Իրոք որ, սա մի հնարամիտ, շահադիտական նպատակով արված քայլ է, որի նպատակն է շահույթ ստանալ մեր ճարպակալման հաշվին»։
Մասնագետները այն կարծիքն են հայտնում, որ նրանք, ովքեր պատկանում են մարդկանց այն տիպին, որոնց ճարպը կուտակվում է ազդրերում («տանձանման» տիպ), ավելի առողջ են, քան նրանք, ում ճարպը կուտակվում է որովայնի շրջանում («խնձորանման» տիպ), հատկապես այն դեպքերում, երբ գոտկատեղի չափն անցնում է 90–100 սանտիմետրից։ Ինչո՞ւ։ Քանի որ «ձեր որովայնում գտնվող ճարպը մեծացնում է արյան բարձր ճնշման, սիրտ–անոթային հիվանդությունների, շաքարախտի, կաթվածի և քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը»,— ասվում է «Մեյոյի հիվանդանոցը՝ առողջ քաշի մասին» գրքում։ «Եթե դուք պատկանում եք «տանձանման» կառուցվածք ունեցող մարդկանց տիպին, այսինքն՝ ճարպը կուտակվում է ազդրերում և նստատեղում, ձեր առողջությանը այդքան էլ լուրջ վտանգ չի սպառնում» («Mayo Clinic on Healthy Weight»)։
Ուստի, ո՞րն է լուծումը ամբողջ աշխարհի միլիոնավոր այն չափահաս տարիքի մարդկանց ու երեխաների համար, ովքեր ավելցուկային քաշ ունեն և առողջության հետ կապված լուրջ բարդությունների առջև են կանգնած։ Կա՞ արդյոք արդյունավետ դեղամիջոց։
[Շրջանակ–աղյուսակ 5–րդ էջի վրա]
Ի՞նչ է ՄԶՑ–ն. ինչի՞ մասին է այն տեղեկացնում
ՄԶՑ–ն (մարմնի զանգվածի ցանկը) ցույց է տալիս մարդու հասակի և քաշի հարաբերությունը, ինչը օգնում է իմանալ՝ անհատը ավել քա՞շ ունի, թե՞ արդեն ճարպակալած է։ Մեյոյի հիվանդանոցի մասնագետների կարծիքով՝ ՄԶՑ–ի ամենալավ հարաբերությունը 18,5–ից 24,9–ն է։ Եթե ձեր ՄԶՑ–ն 25–29,9–ն է, ապա դուք ավել քաշ ունեք, իսկ եթե այն գերազանցում է 30–ը, դա վկայում է ճարպակալման մասին։ Աղյուսակի օգնությամբ ստուգե՞լ եք ձեր ՄԶՑ–ն։ Գուցե հարկ լինի խորհրդակցե՞լ ձեր բժշկի հետ՝ խորհուրդներ ստանալու, նաև պարզելու համար, թե ըստ այդ ցանկի՝ ո՛ր կատեգորիայի մարդկանց մեջ եք մտնում։
Ձեր ՄԶՑ–ն հաշվելու համար ձեր քաշը (կիլոգրամներով) բաժանեք ձեր հասակի վրա (մետրերով), ապա ստացված արդյունքը նորից բաժանեք ձեր հասակի վրա (մետրերով)։ Օրինակ՝ եթե 90 կիլոգրամ քաշ և 1,80 մետր հասակ ունեք, ձեր ՄԶՑ–ն 27,7 է (90։1,8։1,8=27,7)։
[Աղյուսակը]
Առողջ քաշ Ավելորդ քաշ Ճարպակալում
ՄԶՑ 18,5–24,9 25–29,9 30 և ավելի
Հասակը Քաշը կիլոգրամներով
1,47 53 և քիչ 54–64 65 և ավել
1,50 56 և քիչ 57–67 68 և ավել
1,52 57 և քիչ 58–69 70 և ավել
1,55 59 և քիչ 60–71 72 և ավել
1,57 61 և քիչ 62–73 74 և ավել
1,60 63 և քիչ 64–76 77 և ավել
1,63 66 և քիչ 67–79 80 և ավել
1,65 67 և քիչ 68–81 82 և ավել
1,68 70 և քիչ 71–84 85 և ավել
1,70 72 և քիչ 73–86 87 և ավել
1,73 74 և քիչ 75–89 90 և ավել
1,75 76 և քիչ 77–91 92 և ավել
1,78 79 և քիչ 80–94 95 և ավել
1,80 80 և քիչ 81–97 98 և ավել
1,83 83 և քիչ 84–100 101 և ավել
1,85 85 և քիչ 86–102 103 և ավել
1,88 89 և քիչ 90–106 107 և ավել
1,90 90 և քիչ 91–108 109 և ավել
[Թույլտվությամբ]
Վերցված է «Մեյոյի հիվանդանոցը՝ առողջ քաշի մասին» գրքից
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
Ի՞նչ է կիլոկալորիան
Ինչպե՞ս է այն սահմանվում։ Կիլոկալորիան ջերմային էներգիայի չափման միավորն է։ Երբ դուք քրտնում եք, ձեր օրգանիզմը ծախսում է կիլոկալորիա կամ ջերմային էներգիա։ «Կիլոկալորիան ջերմության այն քանակությունն է, որը մեկ լիտր ջրի ջերմաստիճանը բարձրացնում է մեկ ցելսիուսով» («Balance Your Body, Balance Your Life»)։ Յուրաքանչյուր մարդ օրական տարբեր քանակությամբ կիլոկալորիա կամ էներգիա է ծախսում, ինչը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են՝ հասակը, քաշը, տարիքը և ֆիզիկական ակտիվության աստիճանը։
[Շրջանակ 6–րդ էջի վրա]
Դուք նստակյաց կյանք եք վարում, եթե
◼ օրվա մեծ մասը նստած եք անցկացնում՝ հեռուստացույցի, աշխատանքային սեղանի առջև, կամ էլ մեքենա եք վարում, այլ կերպ ասած՝ չեք շարժվում
◼ 100 մետրից ավել հազվադեպ եք քայլում
◼ ձեր աշխատանքի բնույթից ելնելով՝ քիչ եք շարժվում
◼ շաբաթական ամենաքիչը մեկ անգամ 20–30 րոպե ֆիզիկական վարժություններ չեք անում
[Թույլտվությամբ]
Վերցված է «Մեյոյի հիվանդանոցը՝ առողջ քաշի մասին» գրքից