Կարո՞ղ եք ժպտալ կոկորդիլոսին
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՛ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ
ՁԵՐ մտքով կանցնի՞ ժպտալ կոկորդիլոսին։ Մանկական «Պիտեր Պեն» պատմվածքի երաժշտական բեմականացման մեջ կերպարներից մեկը՝ կապիտան Հուկը, այսպիսի խորհուրդ է տալիս. «Երբեք մի ժպտա կոկորդիլոսին»։ Հիմնավորելով իր խոսքերը՝ կապիտանն ասում է. «[Նրա] ուշքն ու միտքը քեզ իր փորի մեջ տեղավորելն է»։
Ինչ խոսք, աշխարհում կան կոկորդիլոսների այնպիսի տեսակներ, որոնք հարձակվում են մարդու վրա, սակայն «նման դեպքերն այնքան հազվադեպ են.... որ կոկորդիլոսներին ընդհանուր առմամբ չի կարելի մարդակեր անվանել» («Encyclopædia Britannica»)։ Ու թեև ոմանք տգեղ ու ահազդու են համարում նրանց, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր հիանում են այդ արարածներով։ Եկեք խոսենք Հնդկաստանում բնակվող կոկորդիլոսների մասին։ Դրանք երեք տեսակի են՝ կատարավոր կոկորդիլոսը, մագերը (ճահճաբնակ կոկորդիլոս) և գավիալը։
Աղի ջրերի հսկա բնակիչը
Կատարավոր կոկորդիլոսը աշխարհի ամենախոշոր սողունն է։ Նա կարող է ունենալ ավելի քան 7 մետր երկարություն և կշռել գրեթե 1 000 կիլոգրամ։ Այս կենդանուն, որն ապրում է բացառապես աղի ջրերում, կարելի է հանդիպել գետաբերաններում, ծովերում և ափամերձ մանգրային ճահիճներում՝ Հնդկաստանից մինչև Ավստրալիայի հյուսիսային շրջանները։ Լինելով գիշակեր՝ նա սնվում է առնետներով, գորտերով, ձկներով, օձերով, խեցգետիններով, կրիաներով ու եղջերուներով։ Սակայն այս կոկորդիլոսը շատ չի ուտում. խոշոր արուները օրվա ընթացքում միջին հաշվով ընդունում են 500–700 գրամ սնունդ։ Հանգիստ կենսակերպի՝ արևային և ջրային լոգանքներ ընդունելու, ինչպես նաև լավ մարսողական համակարգի շնորհիվ նա սովորաբար իր էներգիան համալրելու մեծ կարիք չի զգում։ Երբեմն հնարավոր է, որ այս կոկորդիլոսը հարձակվի անզգույշ մարդու վրա։ Լողալիս նա այս ու այն կողմ է շարժում իր պոչը։ Այդ ընթացքում նրա մարմինը, բացառությամբ քթանցքերի ու աչքերի, գտնվում է ջրի տակ։ Ցամաքով այս կոկորդիլոսը տեղաշարժվում է կարճ ոտքերի օգնությամբ։ Իր զոհին բռնելու համար նա կարող է ցատկել ու, ինչպես հայտնի է, նաև վերջինիս ետևից արագ վազել։ Այս արարածի հոտառությունը, տեսողությունն ու լսողությունը լավ են զարգացած, ինչպես որ մյուս կոկորդիլոսներինը։ Զուգավորման շրջանում արուները կատաղի կերպով պահպանում են իրենց տարածքը։ Նույն կատաղությամբ էգերը պաշտպանում են իրենց ձվերին։
Նվիրված մայրեր
Էգ կոկորդիլոսը բույնը սարքում է ջրի մոտ։ Այն սովորաբար իրենից ներկայացնում է փտող բույսերի ու ցեխի մի թումբ։ Այնտեղ նա դնում է մոտավորապես 100 օվալաձև, ամուր կրային թաղանթով պատված ձվերը և ծածկում բույսերով։ Մայր կոկորդիլոսը պաշտպանում է իր ձվերը գիշատիչներից։ Նա ջուր է շաղ տալիս բնի վրա, որպեսզի արագացնի բույսերի քայքայումը, ինչի շնորհիվ բնի ջերմաստիճանը բարձրանում է՝ նպաստելով ձվերի ինկուբացմանը։
Այս ընթացքում տեղի է ունենում ապշեցուցիչ մի բան։ Ձվի ինկուբացման շրջանում պահպանվող ջերմաստիճանը վճռորոշ դեր է խաղում այն հարցում, թե ինչ սեռ է ունենալու ձագը։ Պատկերացնո՞ւմ եք. եթե ջերմաստիճանը հավասար է 28–31°C, ապա մոտ 100 օր անց ձվից դուրս են գալիս էգ ձագեր, իսկ եթե այն հասնում է 32,5°C, ապա լույս աշխարհ են գալիս արու ձագեր՝ 64 օրվա ընթացքում։ 32,5–33°C աստիճանում ինկուբացված ձվերից կարող են դուրս գալ թե՛ արուներ, թե՛ էգեր։ Եթե բույնը շինված է այնպես, որ նրա մի կողմը նայում է ջրին, իսկ մյուսը՝ կիզիչ արևին, ապա տաք կողմում դրված ձվերից դուրս են գալիս արուները, իսկ համեմատաբար սառը կողմում դրվածներից՝ էգերը։
Երբ մայրը բնից ձայներ է լսում, մի կողմ է գցում ծածկը ու երբեմն էլ կոտրում ձվի կեղևը, եթե ձագերը դեռ չեն արել դա կիրը ջարդող իրենց հատուկ ատամով։ Իր հզոր ծնոտներով կոկորդիլոսը զգուշորեն բարձրացնում է ձագերին և դնելով լեզվի տակ գտնվող պարկի մեջ՝ տանում դեպի ջուրը։ Ձագերը իրենց ծննդյան օրվանից շատ ինքնուրույն են և միանգամից սկսում են որսալ միջատներ, գորտեր ու փոքր ձկներ։ Այնուամենայնիվ, որոշ հոգատար մայրեր մի քանի ամիս չեն հեռանում ձագերից՝ իրենց հսկողության տակ առնելով ճահճի համապատասխան մասերը, որտեղ հայրը նույնպես կարող է խնամել և պաշտպանել նրանց։
Մագերն ու երկարաքիթ գավիալը
Մագերը, կամ՝ ճահճաբնակ կոկորդիլոսը, ինչպես նաև գավիալը բնակվում են բացառապես Հնդկական ենթացամաքում։ Մոտավորապես 4 մետր երկարություն ունեցող այս արարածը, որին կարելի է հանդիպել Հնդկաստանի քաղցրահամ ճահիճներում, լճերում և գետերում, չափերով զգալիորեն զիջում է կատարավոր կոկորդիլոսին։ Իր հզոր ծնոտներով նա որսում է փոքր կենդանիների, ջրի տակ խեղդում դրանց և այս ու այն կողմ շրջում, որպեսզի կտրի մարմնի ուտելի մասերը։
Իսկ ինչպե՞ս է նա իր համար զույգ գտնում։ Էգին փնտրելիս արու կոկորդիլոսը դնչով հարվածում է ջրին ու մռնչում։ Հետագայում նա իր զույգի հետ միասին պաշտպանում է բույնը, օգնում ձագերին դուրս գալ ձվից և որոշ ժամանակ մնում նրանց հետ։
Հազվադեպ հանդիպող գավիալը առանձնահատուկ կոկորդիլոս է։ Մյուս տեսակներից նա տարբերվում է մի քանի բաներով։ Այս կոկորդիլոսին անմիջապես հնարավոր է ճանաչել նրա չափազանց երկար ու նեղ բերանի պատճառով, որն իսկ և իսկ ստեղծված է ձուկ բռնելու համար։ Ձուկը նրա հիմնական սնունդն է։ Թեպետ իր երկարությամբ գավիալը հավասար է կատարավոր կոկորդիլոսին, բայց, հայտնի է, որ նա մարդկանց վրա չի հարձակվում։ Իր հարթ ու ողորկ մարմնի շնորհիվ գավիալը կարողանում է արագ լողալ Հնդկաստանի հյուսիսային շրջանների խորունկ ու սրընթաց գետերում։ Զուգավորության ընթացքում արու գավիալի դնչին սոխուկ հիշեցնող ուռուցք է աճում։ Արդյունքում նրա ֆշշոցը վերածվում է բարձր դզզոցի, ինչը գրավում է էգերին։
Նրանց դերը էկոհամակարգում
Իսկ որքանո՞վ է կարևոր կոկորդիլոսների դերը շրջակա միջավայրում։ Նրանք սանիտարի գործ են կատարում՝ սատկած ձկներից ու կենդանիներից մաքրելով գետերը, լճերը և դրանց մերձակայքը։ Այս բանի շնորհիվ պահպանվում է ջրերի մաքրությունը։ Լինելով գիշատիչ՝ կոկորդիլոսները իրենց գլխավոր զոհն են դարձնում թույլ, վիրավոր կամ հիվանդ արարածներին։ Նրանք սնվում են ձկներով, օրինակ՝ ուտում են վնասատու կլարիասներին (Clarias), որոնք վերացնում են ծածաններին ու տիլյապիներին։ Իսկ դրանք մարդկանց սննդի մեջ օգտագործվող այն գլխավոր ձկներն են, որոնց որսում են կոմերցիոն նպատակներով։
Գոյության կռիվ և ոչ թե կոկորդիլոսի արցունքներ
Ծանո՞թ եք «կոկորդիլոսի արցունքներ» արտահայտությանը։ Նման խոսքեր են ասում այն անհատի մասին, որի արցունքներն ու տխրությունը անկեղծ չեն։ Կոկորդիլոսները իսկապես արցունք են թափում, որպեսզի իրենց օրգանիզմը ազատեն աղի ավելցուկից։ Սակայն 1970–ականների սկզբում ի սրտե կարելի էր արցունք թափել կոկորդիլոսների համար. Հնդկաստանում մնացել էր ընդամենը մի քանի հազար կոկորդիլոս՝ նախկինում եղածի 10 տոկոսը։ Ինչո՞ւ։ Զավթելով նրանց բնակության վայրերը՝ մարդիկ ոչնչացնում էին այս արարածներին, քանի որ նրանց մեջ վտանգ էին տեսնում փոքր և թույլ ընտանի կենդանիների համար։ Բացի դրանից, շատերը կոկորդիլոսի միսն ու ձվերը չափազանց համեղ կերակուր էին համարում։ Նաև այս արարածների մշկագեղձերի յուղն օգտագործվում էր օծանելիքի արտադրության մեջ։ Ի հավելումն այս ամենի՝ կոկորդիլոսների քանակը նվազեց ամբարտակների շինարարության և ջրի աղտոտման հետևանքով։ Սակայն նրանց ոչնչացման եզրին հասցրած գլխավոր պատճառը թերևս նրանց կաշվի հանդեպ պահանջարկն էր։ Կոկորդիլոսի կաշին գեղեցիկ, դիմացկուն և շատ ցանկալի հումք է կոշիկների, ճամպրուկների, պայուսակների, գոտիների և այլ իրերի պատրաստման համար։ Ու թեև այս վտանգները մինչև օրս գոյություն ունեն, կոկորդիլոսներին պահպանելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը մեծ արդյունքներ բերեցին (Տե՛ս ստորև բերված շրջանակը)։
Չմոռանա՛ք ժպտալ
Այժմ, երբ ավելի լավ ծանոթացաք կոկորդիլոսների ընտանիքի անդամներից մի քանիսին, ի՞նչ եք մտածում նրանց մասին։ Հուսով ենք, որ ձեր բացասական կարծիքը փոխարինվել է հետաքրքրությամբ։ Կենդանիներ սիրող բազմաթիվ մարդիկ, որ ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, անհամբերությամբ սպասում են այն ժամանակվան, երբ կարիք չի լինի սարսափել նույնիսկ հսկա կատարավոր կոկորդիլոսից։ Երբ սողունների Արարիչը նորոգի երկիրը, մենք կկարողանանք ժպիտով նայել բոլոր կոկորդիլոսներին (Եսայիա 11։8, 9)։
[Շրջանակ 23–րդ էջի վրա]
Կոկորդիլոսների մադրասյան բուծարանը
1972 թ.–ին, այն բանից հետո, երբ հետազոտությունները ցույց տվեցին, որ շատ քիչ կոկորդիլոսներ են պահպանվել Ասիայի որոշ շրջաններում, Մադրասի «Օձերի պարկում» սկսվեց այդ կենդանիների բուծումը։ Կոկորդիլոսների մադրասյան բուծարանը սողունների պահպանմամբ զբաղվող ամենահին ու ամենամեծ կենտրոնն է Հնդկաստանի ավելի քան 30 նմանատիպ հաստատություններից։ Այն հիմնադրվել է 1976 թ.–ին սողունաբան (հերպետոլոգ) Ռամուլուս Հվիտակարի կողմից։ Կորամանդելյան ափին գտնվող այս բուծարանում, որը զբաղեցնում է 3,5 հեկտար տարածություն, աճում են 150 ծառատեսակներ՝ դեպի իրենց ձգելով գեղեցիկ թռչունների ու միջատների։
Կոկորդիլոսներին ու գավիալներին բուծում են փակ միջավայրում և ապա բաց թողնում ճահիճներն ու գետերը կամ տեղափոխում այլ բուծարաններ և գիտահետազոտական կենտրոններ։ Բուծարանի բաժիններից մեկում խնամում են փոքրիկ կոկորդիլոսների (մեկ անգամից՝ գրեթե 2 500 առանձնյակ)։ Նրանց պահում են լճակներում և կերակրում մանրացրած ձկներով, որ ամեն օր բերում են տեղի ձկնորսները։ Լճակների վրա ցանց են գցում, որպեսզի գիշատիչ թռչունները չգողանան ձկներին կամ թուլակազմ փոքրիկ կոկորդիլոսներին։ Մեծացած ձագերին տեղափոխում են ավելի մեծ լճակներ, որտեղ վերջիններիս կերակրում են ամբողջական ձկներով։ Այստեղ կոկորդիլոսներին պահում են այնքան ժամանակ, մինչև նրանք դառնում են երեք տարեկան և հասնում 1,25–1,5 մետրի։ Ապա նրանց սկսում են կերակրել տավարի մսի թափոններով, որ վերցվում են մսամթերման մի մեծ գործարանից։ Սկզբնական շրջանում բուծարանում բազմացնում էին կոկորդիլոսների ընդամենը 3 տեսակներ, որոնք տարածված են Հնդկաստանում։ Այժմ այնտեղ բուծում են 7 ուրիշ տեսակներ ևս։ Նաև ծրագրեր կան՝ բուծելու աշխարհում հայտնի բոլոր տեսակները։ Այս սողունների բազմացումը կոմերցիոն նպատակով՝ նրանց կաշվի և մսի համար, վիճաբանությունների առարկա է դարձել։ Ինչպես մեր պարբերագրի թղթակցին ասել է Հվիտակարը, նրանց միսը համեղ է և քիչ խոլեստերին է պարունակում։ Կոկորդիլոսների պահպանման արդյունավետ ջանքերի շնորհիվ մի ժամանակ ոչնչացման եզրին կանգնած այս հզոր արարածները այսօր հասել են բարգավաճման։ Մադրասյան այս բուծարանը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների։ Այս հաստատության նպատակն է նաև ցրել կոկորդիլոսների մասին տարածված սխալ պատկերացումները և բարձրացնել նրանց հեղինակությունը մարդկանց աչքում։
[Թույլտվությամբ]
Romulus Whitaker, Madras Crocodile Bank
[Նկար 21–րդ էջի վրա]
Հսկա կատարավոր կոկորդիլոս
[Նկար 22–րդ էջի վրա]
Կատարավոր էգ կոկորդիլոսը իր ձագին բերանով տանում է դեպի ջուրը
[Թույլտվությամբ]
© Adam Britton, http://crocodilian.com
[Նկար 22–րդ էջի վրա]
Մագեր
[Թույլտվությամբ]
© E. Hanumantha Rao/Photo Researchers, Inc.
[Նկարազարդում 22–րդ էջի վրա]
Երկարաքիթ գավիալ