Ազատություն ալկոհոլի կապանքներից
«Հայրս ալկոհոլիկ էր։ Ես էլ հետևեցի նրա օրինակին։ 12 տարեկանում արդեն խմում էի։ Իսկ երբ ամուսնացա, ամեն օր հարբում էի։ Ես դարձել էի բռնի անձնավորություն, և հաճախ ընտանիքիս անդամները ստիպված էին ոստիկան կանչել ինձնից պաշտպանվելու համար։ Առողջությունս քայքայվել էր։ Ալկոհոլի պատճառով ստամոքսս սկսեց արյունահոսել, որից հետո հազիվ կենդանի մնացի։ Ապա ինձ մոտ հայտնաբերեցին լյարդի ցիռոզ և սակավարյունություն։ Փորձելով ձերբազատվել իմ կախվածությունից՝ անդամակցեցի «ինքնօգնության խմբերին» [հատուկ խմբեր, որոնց անդամները օգնում են միմյանց որոշակի հարցերում], բայց ապարդյուն։ Կարծես խճճվել էի մի սարդոստայնում, որից ոչ մի կերպ չէի կարողանում դուրս գալ» ՎԻԿՏՈՐa (ԱՐԳԵՆՏԻՆԱ)։
ԱԼԿՈՀՈԼԻ կապանքներում հայտնված մարդիկ հաճախ են այսպիսի բաներ պատմում։ Վիկտորի նման՝ նրանք կարծես ընկնում են ծուղակի մեջ, որից չեն կարողանում ելք գտնել։ Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել ալկոհոլի չարաշահման հետ կապված խնդիրները կամ ընդհանրապես խուսափել դրանցից։ Եթե այո, ապա ինչպե՞ս։
Ընդունեք, որ խնդիր ունեք
Նախևառաջ հարբեցողն ու նրա մտերիմները պետք է ընդունեն, որ իրոք կանգնել են նման խնդրի առջև։ Ալկոհոլամոլությունը պրոբլեմի գագաթնակետն է։ Իրականում, այն զարգանում է երկար տարիներ կանոնավորաբար խմելու հետևանքով, և հնարավոր է, որ տվյալ անձնավորությունը ժամանակին չափավոր քանակությամբ է ոգելից խմիչք օգտագործել։ Զարմանալի է, բայց ալկոհոլի պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարներում, ինչպես նաև բռնի, խուլիգանական արարքներում մեծամասամբ մեղավոր են այն մարդիկ, ովքեր մոլի հարբեցող չեն։ Ուշադրության է արժանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եզրակացությունը. «Ալկոհոլի չարաշահման պատճառով առաջացող հասարակական խնդիրները նվազեցնելու լավագույն ձևը չափավոր խմողների և ոչ թե մոլի հարբեցողների թվի կրճատումն է» (ընդգծումը մերն է)։ Խմիչք օգտագործելիս արդյոք չե՞ք գերազանցում առողջապահական մարմինների կողմից սահմանված չափերը։ Չե՞ք խմում այնպիսի իրավիճակներում, երբ պետք է շատ ուշադիր և զգոն լինեք։ Այս պատճառով խնդիրներ չե՞ն առաջանում ձեր տանը կամ աշխատավայրում։ Եթե մարդն ընդունի, որ չափից շատ է խմում, և նվազեցնի իր կողմից օգտագործվող ալկոհոլի քանակը, դա կլինի լուրջ խնդիրներից խուսափելու «լավագույն ձևը»։ Քանզի եթե նա կախվածություն ձեռք բերի, ապա անհամեմատ ավելի դժվար կլինի շտկել իրավիճակը։
Ալկոհոլը չարաշահող մարդիկ սովորաբար հակված են մերժելու իրողությունը։ Նրանք կարող են ասել՝ «բոլորն էլ այսքան են խմում», կամ՝ «երբ ուզեմ, վերջ կտամ դրան»։ «Չնայած որ ալկոհոլն արդեն սպառնում էր կյանքիս, ինձ չէի համարում մոլի հարբեցող և հետևաբար քայլեր չէի ձեռնարկում իմ այդ սովորությունից ձերբազատվելու»,— ասում է Կոնստանտինը, որն ապրում է Ռուսաստանում։ Իսկ Լեհաստանում բնակվող Մարեկը պատմում է. «Ես հաճախ եմ փորձել վերջ դնել իմ սովորությանը։ Բայց իրականում չեմ ընդունել, որ ալկոհոլիկ եմ։ Ես մեծ նշանակություն չէի տալիս ալկոհոլի չարաշահման պատճառով առաջացած խնդիրներին»։
Ինչպե՞ս կարելի է օգնել մարդուն ընդունելու իր խնդիրը և համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Առաջին հերթին նա պետք է հասկանա, որ իր դժվարությունները ալկոհոլի չարաշահման հետևանք են, և որ խմիչքից հրաժարվելու դեպքում ավելի գոհացուցիչ կյանքով կապրի։ Ինչպես նշվում է մի բժշկական աշխատության մեջ, հարբեցողը պետք է փոխի իր մտածելակերպը։ «Ես խմում եմ այն պատճառով, որ կինս հեռացել է, և աշխատանքից հեռացվել եմ» ասելու փոխարեն՝ նա պետք է ասի. «Կինս հեռացել է, և աշխատանքից հեռացվել եմ այն պատճառով, որ խմում եմ» («La Revue du Praticien—Médecine Générale»)։
Եթե ցանկանում եք օգնել մոլի հարբեցողին փոխելու իր մտածելակերպը, ապա ձեզ համար թերևս օգտակար կլինեն հետևյալ խորհուրդները. ուշադիր լսեք, այնպիսի հարցեր տվեք, որոնք հնարավորություն կընձեռեն ալկոհոլամոլին ազատորեն արտահայտելու իր զգացմունքները, եղեք կարեկից՝ օգնելով նրան զգալ, որ իրեն հասկանում են, քաջալերեք անգամ չնչին առաջադիմությունների համար, մի քննադատեք և այնպիսի վերաբերմունք մի ցուցաբերեք, որը կխանգարի նրան ազատորեն արտահայտվելու և օգնության դիմելու։ Օգտակար կլինի նաև, եթե նա երկու սյունակներում գրավոր պատասխանի հետևյալ հարցերին՝ «ի՞նչ կլինի, եթե շարունակեմ խմել» և «ի՞նչ կլինի, եթե դադարեցնեմ»։
Դիմեք բժիշկների օգնությանը
Ալկոհոլը չարաշահող անհատին չպետք է համարել անուղղելի և կորած մարդ։ Նրանցից ոմանց նույնիսկ հաջողվում է սեփական ուժերով հաղթահարել այդ խնդիրը։ Սակայն մոլի հարբեցողները իրենց խնդրից ձերբազատվելու համար սովորաբար մասնագետի օգնության կարիք ունեն։b Ոմանց դեպքում արդյունավետ է ամբուլատոր բուժումը։ Բայց եթե ալկոհոլից ետ սովորելու նշանները շատ ցավագին են, ապա գուցե անհրաժեշտ լինի պառկել հիվանդանոց։ Երբ սկզբնական նշաններն անցնում են (սովորաբար դա տեղի է ունենում երկուսից հինգ օրվա ընթացքում), հիվանդին դեղեր են նշանակում ալկոհոլի հանդեպ օրգանիզմի պահանջը նվազեցնելու և դրա ընդունումը բացառելու նպատակով։
Այնուհանդերձ, օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելը հաջողության գրավականը չէ։ Դեղերի օգնությունը ժամանակավոր է, և մարդը դրանից վերջնականապես չի բուժվում։ Ալենը, որ ապրում է Ֆրանսիայում, մի քանի անգամ նման բուժում ստացավ։ Սակայն նա պատմում է. «Հենց որ դուրս էի գրվում հիվանդանոցից, նորից էի սկսում խմել, քանի որ հայտնվում էի նույն հարբեցող ընկերներիս շրջապատում։ Իրականում, ես խմելը թողնելու հիմնավոր պատճառ չէի տեսնում»։
Նոր իմաստ հաղորդեք ձեր կյանքին
Շատերին չի հաջողվում հաղթահարել այս խնդիրը այն պատճառով, որ ալկոհոլից հրաժարվելով՝ դատարկություն են զգում, ասես կորցնում են մտերիմ ընկերոջ։ «Ես անընդհատ մտածում էի խմելու մասին,— պատմում է Վասիլին, որն ապրում է Ռուսաստանում։— Եթե մի օր չէի խմում, ուրեմն այդ օրն ինձ համար կորած էր»։ Ալկոհոլամոլը ավելի մեծ կարևորություն է տալիս խմելու իր պահանջի բավարարմանը, քան մյուս բոլոր գործերին։ «Իմ կյանքի միակ նպատակը խմելն էր և դրա համար գումար գտնելը»,— հիշում է Յեժին, որն ազգությամբ լեհ է։ Ակնհայտ է, որ ալկոհոլիզմից բուժվող մարդուն խիստ անհրաժեշտ է նոր իմաստ գտնել կյանքում, որպեսզի հաջողվի հեռու մնալ խմիչքից։
ԱՀԿ–ի կողմից հրատարակված մի ձեռնարկում, որում խորհուրդներ են տրվում ալկոհոլից ձերբազատվելու ցանկություն ունեցողներին, ընդգծվում է իմաստալից, նպատակասլաց գործունեությամբ զբաղվելու կարևորությունը՝ նախկին կյանքին չվերադառնալու համար։ Այնտեղ տրվող առաջարկներից մեկը կրոնական գործունեությամբ զբաղվելն է։
Հոգևոր գործունեությունը կարող է օգնել մարդուն ձերբազատվել ալկոհոլի իշխանությունից։ Օրինակ՝ Ալենը պատմում է, որ ալկոհոլի չարաշահման պատճառով երրորդ անգամ բանտ ընկնելուց հետո սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ. «Սուրբ Գրությունների ուսումնասիրությունը իմաստ հաղորդեց իմ կյանքին և օգնեց, որ շարունակեմ պայքարել ալկոհոլի նկատմամբ հակումս հաղթահարելու համար։ Այժմ իմ նպատակն է ուրախացնել Եհովային, և ոչ թե զուտ ձերբազատվել խմելու սովորությունից»։
Մի՛ հանձնվեք
Հարբեցողության հարցերով խորհրդատուները նշում են, որ ալկոհոլիզմից բուժվող անհատի համար խիստ կարևոր են աջակցությունն ու քաջալերանքը։ Նրանցից շատերը, հայտնվելով այդ ցավալի վիճակում, կորցնում են իրենց ընտանիքն ու ընկերներին։ Մեկուսանալով՝ նրանք ընկնում են դեպրեսիայի մեջ և նույնիսկ ինքնասպանություն գործում։ Այն մարդկանց, ովքեր օգնում են ալկոհոլիզմով տառապող որևէ անձնավորության, վերոհիշյալ ձեռնարկում տրվում էր հետևյալ խորհուրդը. «Աշխատեք չքննադատել նրան, ում օգնում եք, նույնիսկ եթե զայրանում կամ հուսալքվում եք նրա վարքի պատճառով։ Հիշեք, որ հեշտ չէ փոխել սովորությունները։ Առջևում ձեզ սպասում են թե՛ լավ, թե՛ վատ շաբաթներ։ Ձեր քաջալերանքը, հնարամտությունը, ինչպես նաև խմիչքի չափը նվազեցնելու կամ դրանից ընդհանրապես հրաժարվելու հարցում ձեր աջակցությունը շատ կարևոր են»։
«Ինձ օգնեց այն ընկերներիս սերն ու հոգատարությունը, որոնց գտա Եհովայի վկաների ժողովում,— պատմում է Իլարյոն, որը մոտ 30 տարի հարբեցող է եղել։— Հաճախ չէի դիմանում ու նորից անձնատուր էի լինում ալկոհոլին։ Սակայն ընկերներս միշտ կողքիս էին ու քաջալերում էին ինձ՝ ճիշտ ժամանակին աստվածաշնչյան խորհուրդներ տալով»։
Եթե պայքարում եք ալկոհոլի իշխանությունից ազատվելու համար, հիշեք, որ երբեմն հնարավոր է չդիմանաք և տրվեք խմիչքին։ Բայց դա ապաքինման գործընթացի անբաժանելի մաս համարեք։ Մի՛ հանձնվեք։ Խորհեք, թե ինչը հանգեցրեց դրան, որպեսզի հետագայում նույն ծուղակը կընկնեք։ Պարզեք, թե որ դեպքերում է ձեր մեջ ուժեղանում խմելու ցանկությունը։ Միգուցե դրա պատճառը ձանձրույթն է, դեպրեսիան, միայնությունը, սթրեսը, վիճաբանությունները կամ այնպիսի միջոցառումներն ու վայրերը, որտեղ ուրիշները խմում են։ Ուրեմն խուսափե՛ք այդ ամենից։ «Ես արդեն կարողանում եմ հասկանալ, թե որ դեպքերում է իմ մեջ խմելու ցանկություն առաջանում,— պատմում է Յեժին, որին երկու տարի պահանջվեց ալկոհոլամոլությունից ամբողջովին բուժվելու համար։— Հիմա ձգտում եմ խուսափել ցանկացած գայթակղիչ իրավիճակից. չեմ լինում այնպիսի վայրերում, որտեղ մարդիկ խմում են, չեմ ուտում ալկոհոլ պարունակող բաներ, խուսափում եմ անգամ այն օծանելիքից կամ դեղորայքից, որի բաղադրության մեջ սպիրտային մաս կա։ Նաև խմիչքների գովազդներ չեմ դիտում»։ Բացի այդ, շատերը համոզվել են, որ Աստծուն ‘զորության գերազանցության’ մասին աղոթելը անփոխարինելի միջոց է խմելու հակումը հաղթահարելու համար (Բ Կորնթացիս 4։7; Փիլիպպեցիս 4։6, 7)։
Ազատությո՜ւն
Թեպետ ալկոհոլի կապանքներից ազատվելու համար հարկավոր է անդադար պայքարել, հաղթանակը հնարավոր է։ Այս հոդվածում հիշատակված բոլոր անհատները կարողացել են հաջողության հասնել։ Այժմ նրանք ավելի առողջ են և ավելի մեծ բավականություն են ստանում իրենց աշխատանքից ու ընտանեկան կյանքից։ Ալենը ասում է. «Ես այլևս խմիչքի կապանքներում չեմ»։ Իսկ Կոնստանտինը նշում է. «Եհովայի հետ իմ ծանոթությունը փրկեց ընտանիքս։ Այժմ կյանքս իմաստ է ձեռք բերել, իսկ երջանկությունս կախված չէ ալկոհոլից»։ Վիկտորը ասում է. «Հիմա արդեն ազատության մեջ եմ։ Ես վերագտել եմ արժանապատվության զգացումս և ինձ նորից մարդ եմ համարում»։
Ուրեմն հնարավո՛ր է փոխվել՝ անկախ այն բանից, թե ինչ չափով է մարդը չարաշահում ալկոհոլը՝ իրեն վտանգի է ենթարկում, արդեն վնասներ է կրել, թե կախվածություն է ձեռք բերել։ Եթե խմիչքը սպառնում է ձեր բարօրությանը, ապա մի վարանեք կատարել անհրաժեշտ փոփոխությունները։ Դա երջանկություն կբերի թե՛ ձեզ, թե՛ նրանց, ովքեր սիրում են ձեզ։
[Ծանոթագրություններ]
a Որոշ անուններ փոխված են։
b Գոյություն ունեն բազմաթիվ բուժկենտրոններ, հիվանդանոցներ, ինչպես նաև բուժական ծրագրեր, որոնք կարող են օգնել մարդուն այս հարցում։ Եհովայի Վկաները նպատակ չունեն այդ մեթոդներից որևէ մեկը առաջարկելու։ Այնուամենայնիվ, հարկավոր է այնպիսի մեթոդ ընտրել, որի դեպքում սուրբգրային սկզբունքները խախտելու խնդիր չի առաջանա։ Վերջին հաշվով, յուրաքանչյուր ոք ինքը պետք է կատարի իր ընտրությունը։
[Նկար 10–րդ էջի վրա]
Առաջին հերթին հարկավոր է ընդունել, որ խնդիր ունեք
[Նկար 11–րդ էջի վրա]
Ալկոհոլիկների մեծ մասին անհրաժեշտ է մասնագետների օգնությունը
[Նկար 12–րդ էջի վրա]
Աղոթքը անչափ օգտակար է
[Նկար 12–րդ էջի վրա]
Դուք կարո՛ղ եք ուժ գտնել ալկոհոլից հրաժարվելու