Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/07 էջ 3–4
  • Ո՞րն է ամենաթանկ հեղուկը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞րն է ամենաթանկ հեղուկը
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անզուգական օրգան
  • Արյունը՝ կյանքի նախապայման
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
  • Ընթերցողների հարցերը
    2000 Դիտարան
  • Ճիշտ գնահատիր կյանքի պարգևը
    2004 Դիտարան
  • Արյուն, որ իրոք կյանքեր է փրկում
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
2007 Արթնացե՛ք
g 4/07 էջ 3–4

Ո՞րն է ամենաթանկ հեղուկը

«Արյունն օրգանիզմի համար այն է, ինչ վառելիքը՝ ավտոմեքենայի» (Արթուր Կապլան, Փենսիլվանիայի համալսարանին կից բիոէթիկայի կենտրոնի տնօրեն)։

Ամենաթանկ հեղուկը ո՞րն է։ Նա՞վթը։ Մեր օրերում, երբ վառելանյութի գներն անընդհատ աճում են, շատերն այդպես են պատասխանում։ Սակայն գոյություն ունի նավթից ավելի թանկ հեղուկ։ Իրականությունն այն է, որ մեզանից յուրաքանչյուրն այդ հեղուկից մի քանի լիտր կրում է իր մարմնի մեջ։ Մի պահ մտածեք. ամեն տարի երկրի ընդերքից միլիարդավոր բարրելներով նավթ է արդյունահանվում վառելիքի պահանջարկը բավարարելու համար, այն դեպքում երբ մարդկանցից 90 միլիոն միավոր արյուն է վերցվում հիվանդ անձանց օգնելու նպատակով։a Այս մեծ թիվը համապատասխանում է մոտ 8 000 000 մարդու արյան գումարային ծավալին։

Սակայն ինչպես և նավթը, արյունը կարծես չի բավականացնում։ Ամբողջ աշխարհում հիվանդանոցներն ու բժշկական կենտրոնները ահազանգում են արյան պակասի մասին (տե՛ս «Հուսահատ ջանքեր» շրջանակը)։ Իսկ ինչո՞ւ է արյունն այդքան արժեքավոր։

Անզուգական օրգան

Իր ապշեցուցիչ բարդության պատճառով արյունը հաճախ համարվում է օրգան։ «Արյունը մեր մարմնի բազմաթիվ օրգաններից մեկն է. այն անասելիորեն հրաշալի է, անզուգական»,— ասում է դոկտոր Բրյուս Լինսը «Արթնացե՛ք»–ի թղթակցին։ Այո՛, անզուգակա՛ն։ Մի դասագրքում արյունը նկարագրվում է որպես «մարմնի միակ օրգանը, որը հեղուկ է»։ Նույն աղբյուրում արյունը կոչվում է «կենդանի տրանսպորտային համակարգ»։ Ի՞նչ է դա նշանակում։

«Արյունատար համակարգը նման է Վենետիկի ջրանցքների ցանցին,— ասում է գիտնական Լի Անդերսոնը։— Նրանով փոխադրվում են ինչպես բազմաթիվ օգտակար նյութեր, այնպես էլ զանազան թափուկներ»։ Արյունն անցնում է 100 000 կիլոմետր՝ առնչվելով մեր մարմնի գրեթե բոլոր հյուսվածքներին, այդ թվում նաև սրտին, երիկամներին, լյարդին և թոքերին, կարևոր օրգաններ, որոնց գործունեությունը կախված է այդ հեղուկից։

Արյունը մեր մարմնի բջիջներին հասցնում է բազմաթիվ «օգտակար նյութեր», օրինակ՝ թթվածին և սննդանյութեր։ Այն նաև պաշտպանում է օրգանիզմը վնասակար տարրերից։ Բացի այդ, արյունը մարմնից հեռացնում է «թափուկները», ինչպիսիք են՝ թունավոր ածխաթթու գազերը, վնասված ու մահացող բջիջները և այլ ոչ պիտանի նյութեր։ Այն, որ արյունը հեռացնում է կենսագործունեության արգասիքները, օգնում է մեզ հասկանալու, թե ինչու է վտանգավոր արյան հետ առնչություն ունենալ այն բանից հետո, երբ արյունը դուրս է գալիս օրգանիզմից. ոչ ոք երբևէ չի կարող երաշխավորել, որ արյան միջի բոլոր «թափուկները» հայտնաբերվել և հեռացվել են նախքան այն ուրիշի օրգանիզմ ներարկելը։

Անխոս, արյունը կարևոր դեր ունի կյանքի պահպանման համար։ Ահա թե ինչու են բժիշկները այն ներարկում արյուն կորցրած անձանց։ Շատ մասնագետների կարծիքով՝ հենց այդ պատճառով արյունն այդքան թանկ արժե։ Սակայն բժշկական ասպարեզում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում։ Ինչ–որ իմաստով՝ կատարվում է «խաղաղ հեղաշրջում»։ Բազմաթիվ մասնագետներ և վիրաբույժներ այժմ այնքան էլ հակված չեն կատարելու արյան փոխներարկում։ Ինչո՞ւ։

[Ծանոթագրություն]

a Յուրաքանչյուր միավոր պարունակում է 450 միլիլիտր արյուն։

[Շրջանակ 4–րդ էջի վրա]

Հուսահատ ջանքեր

Բժշկական փորձագետների հաշվարկներով՝ ամեն տարի լրացուցիչ 200 միլիոն միավոր արյան անհրաժեշտություն է առաջանում ամբողջ աշխարհում։ Զարգացող երկրներում ապրում է աշխարհի բնակչության 82 տոկոսը, սակայն այդ երկրներում դոնորական արյունը չի կազմում արյան ընդհանուր պաշարի 40 տոկոսն անգամ։ Շատ հիվանդանոցներ ստիպված են բուժումը կատարել առանց արյան փոխներարկման։ Քենիական «Նեյշն» թերթը հայտնում է, որ «ամեն օր արյան փոխներարկում պահանջող վիրահատությունների գրեթե կեսը արյան պակասի պատճառով կա՛մ հետաձգվում է, կա՛մ էլ չի կատարվում»։

Հարուստ երկրներում նույնպես դոնորական արյան պակաս կա։ Մարդիկ ավելի երկար են ապրում, բժշկական մեթոդները զարգանում են, հետևաբար վիրահատությունների թիվը շատանում է։ Բացի այդ, ներկայումս գնալով շատանում է այն մարդկանց թիվը, որոնցից հրաժարվում են արյուն վերցնել, քանի որ նրանք կա՛մ վտանգավոր կենսակերպ են վարում, կա՛մ ճանապարհորդում են այնպիսի վայրեր, որտեղ կարող են վարակվել որևէ հիվանդությամբ կամ մակաբույծներով։

Արյան մթերումով զբաղվող կազմակերպությունները, թվում է, հուսահատ դրության մեջ են։ Այդ հեղուկը ձեռք բերելու համար նրանք երբեմն իրենց ուշադրությունն ուղղում են դեպի երեխաները, որոնք սովորաբար ավելի անվտանգ կենսաձև են վարում, քան չափահասները։ Օրինակ՝ Զիմբաբվեում դոնորական արյան 70 տոկոսը ներկայումս տալիս են դպրոցական երեխաները։ Դոնորական կենտրոնները սովորականից ավելի երկար ժամանակ են աշխատում։ Որոշ երկրներում այդ կենտրոններին նույնիսկ թույլատրված է փոխհատուցում տալ դոնորներին՝ շահագրգռելով նրանց շարունակել արյուն հանձնել։ Չեխիայում մի կամպանիայի ժամանակ քաղաքացիներին հրավիրում էին որոշ քանակությամբ սեփական արյան դիմաց մի քանի լիտր գարեջրով հագեցնել իրենց ծարավը։ Հնդկաստանի մի շրջանում վերջերս իշխանությունները դռնեդուռ ընկած փնտրում էին դոնորներ, որոնք կցանկանային լրացնել արյան սպառվող պաշարները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը