Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/07 էջ 26–27
  • Համեցեք ճաշակելու կայսրին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համեցեք ճաշակելու կայսրին
  • 2007 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ուտելի միջատներ. այդ համը երբեք չենք մոռանա
    2012 Արթնացե՛ք
2007 Արթնացե՛ք
g 7/07 էջ 26–27

Համեցեք ճաշակելու կայսրին

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԶԱՄԲԻԱՅԻՑ

ՈՐՈՇ մարդիկ չեն սիրում որդ ուտել։ Բայց շատերը մեծ ախորժակով են ըմբոշխնում նրանից պատրաստված խորտիկները։ Աֆրիկայի որոշ մասերում մարդկանց ամենասիրելի կերակուրը կայսերական թիթեռի թրթուրն է (Imbrasia belina)։ Այնտեղ այս արարածը հայտնի է մոպանիի որդ անունով, քանի որ մոպանի ծառը այդ որդերի ամենասիրելի վայրն է։ Շատ գյուղացիներ անհամբեր սպասում են, թե երբ են հավաքելու այս գալարուն, սննդարար նյութերով հարուստ արարածներին։ «Անհավանական է, բայց նրանք անչափ հարուստ են սպիտակուցներով»,— ասում է Կալահարիի բնապահպանական ընկերության աշխատակից Քիտ Լեգետը։ Որդերը նաև կարևոր դեր են խաղում սավաննաների անտառների հողը բերրիացնելու մեջ, որը հաճախ չոր և համեմատաբար անպտուղ է լինում։

Նոյեմբերի սկզբներին, երբ Աֆրիկայի հարավում սկսվում են ամառային անձրևները, բնությունը կենդանանում է։ Գետնի տակ եղած միլիոնավոր հարսնյակներ այդ ժամանակ արդեն դարձած են լինում գեղեցիկ թիթեռնիկներ։ Ընդամենը մի քանի շաբաթում նրանց սերունդը մանրիկ ձվերից կվերածվի թրթուրների և հետո գունագեղ հաստլիկ «նրբերշիկների»։

Այն վայրերում, որտեղ հիմնականում ուտում են մանիոկա և եգիպտացորեն, մարդիկ մեծ ուրախությամբ իրենց սննդակարգի մեջ ներառում են նաև կայսերական որդեր։ Թեև մեզանից շատերի համար այն ամենասիրած կերակուրը չէ, բայց պետք է նկատի ունենալ, որ նրանցում պարունակվում է ավելի քան 60 տոկոս սպիտակուց։ Դա շատ արժեքավոր է դարձնում այդ արարածներին, հատկապես այն վայրերում, որտեղ բարձրորակ սպիտակուցով հարուստ մթերքները թանկ են կամ սակավ։ Ուտելի թրթուրը հաջողությամբ մրցակցում է մսի կամ ձկան հետ. այն ապահովում է մարդու՝ սպիտակուցի, վիտամինների և հանքային նյութերի օրական պահանջի երեք քառորդը։ Ինչ խոսք, այս փոքրիկ արարածները շա՜տ սննդարար են։

Ովքեր սիրում են ճաշակել մոպանիի թրթուրները, ուղղակի զարմանում են, որ ուրիշ երկրներում մեծ միջոցներ են տրամադրվում՝ սննդարար նյութերով հարուստ այս միջատներին վերացնելու համար։ Չէ՞ որ նրանք արժեքավոր սնունդ են դառնում՝ ուտելով հաճախ տհաճ համ ունեցող և նույնիսկ թունավոր տերևներ։ Ընդ որում այդ ամենն անում են առանց գյուղատնտեսական թանկարժեք սարքավորումների և այլ ֆինանսական ծախսերի։ Քանի որ կայսերական որդերը հավաքում են ձեռքով, հնարավոր է դառնում նվազագույն ջանքերով մեծ «բերք» ստանալ։

Մոպանիի որդը նպաստում է հողի բերրիությանն ու թփառատ տարածքներում էկոլոգիական հավասարակշռությանը։ Աֆրիկյան մեծ փղերի հսկայական ախորժակը ուղղակի խամրում է սովորական մոպանիի որդերի ախորժակի կողքին։ Վերջիններս, ապրելով ընդամենը վեց շաբաթ, տասը անգամ ավելի շատ բուսականություն են խժռում և չորս անգամ ավելի շատ արտաթորանքներ արտադրում, քան նույն տարածքում ապրող փղերը։ Ուստի զարմանալի չէ, որ թրթուրի մարմինը մեծանում է, պատկերացնո՞ւմ եք, 4 000 անգամ։ Ահա թե ինչու, եթե այդ որդերը անսահմանափակ թվով հավաքվեն, ապա կնվազի հողի բերքատվությունը և կխախտվի էկոլոգիական հավասարակշռությունը։

Իսկ ինչպե՞ս են հավաքում մոպանիի որդերը։ Սովորաբար նրանց «բերքը» հավաքվում է տարեկան երկու անգամ։ Երբ սկսվում է անձրևների սեզոնը, գյուղի կանայք պատրաստվում են առաջին «բերքահավաքին»։ Մի քանի շաբաթ շարունակ նրանք հավաքում են որդերը, հետո մեջը մաքրում, եփում ու փռում չորացնելու։ Ուտելի թրթուրների որոշ տեսակներ ունեն պաշտպանական մազմզուկներ և մարմինը զարդարող ելուստներ, ուստի դրանք նույնպես պետք է հեռացնել։ Զգուշություն է հարկավոր նաև պատրաստելիս, քանի որ որոշ թրթուրներ սնվում են այնպիսի բույսերով, որոնք թունավոր են մարդկանց համար։ Մշակման ենթարկելուց հետո այն կարելի է ուտել խռթխռթան խորտիկների տեսքով, կամ թրջել, այնուհետև կա՛մ ջրիկ ճաշ եփել կա՛մ էլ պոմիդորով ու սոխով տապակել։

Թրթուր ուտելու միտքը կարող է մարդկանց մեջ տարբեր զգացումներ առաջացնել։ Ոմանք գուցե հաճույքով համտեսեն այն, մյուսները, սակայն, նույնիսկ մոտ չեն գա այս կերակրատեսակին։ Հնարավոր է, դուք նախընտրեք հրաժարվել այս էկզոտիկ խորտիկից։ Բայց հիշեք, մոպանիի որդերը սպիտակուցներով հարուստ սնունդ են և լրացուցիչ եկամտի աղբյուր են աֆրիկյան շատ ընտանիքների համար։

[Նկար 26–րդ էջի վրա]

Մոպանիի որդը հարուստ է սպիտակուցներով, ինչն էլ նրան արժեքավոր է դարձնում

[Նկար 27–րդ էջի վրա]

Ընդամենը վեց շաբաթվա ընթացքում մոպանիի որդը մեծանում է 4 000 անգամ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը