Երիտասարդները հարցնում են...
Ի՞նչ սխալ բան կա գաղտնի ընկերություն անելու մեջ
Ջեսիկանa չգիտեր՝ ինչ աներ։ Բանն այն էր, որ նրա դասընկերներից մեկը՝ Ջերեմին, սկսել էր հետաքրքրվել իրենով։ «Նա շատ համակրելի տղա էր,— պատմում է Ջեսիկան։— Ընկերուհիներս ասում էին, որ նրա պես մաքուր տղայի էլ չեմ հանդիպի։ Որոշ աղջիկներ նրան առաջարկել էին ընկերություն անել, բայց նա մերժել էր. Ջերեմիին միայն ես էի դուր գալիս»։
Որոշ ժամանակ անց Ջերեմին Ջեսիկային առաջարկություն արեց։ Վերջինս պատմում է. «Ես ասացի նրան, որ Եհովայի վկա եմ, ուստի ծնողներս ինձ թույլ չեն տա հանդիպել մեկի հետ, ով իմ հավատակիցը չէ։ Ջերեմին ելք առաջարկեց։ Նա ասաց. «Արի գաղտնի հանդիպենք. ծնողներդ չեն իմանա այդ մասին»»։
ԻՆՉՊԵ՞Ս կարձագանքեիր, եթե քեզ դուր եկած անձնավորությունը նման առաջարկություն աներ քեզ։ Գուցե զարմանաս, բայց Ջեսիկան համաձայնվեց։ «Ես համոզված էի, որ եթե հանդիպեի նրա հետ, կկարողանայի սովորեցնել նրան սիրել Եհովային»,— ասում է նա։ Ի՞նչ եղավ հետո։ Այդ մասին կիմանանք ավելի ուշ։ Իսկ հիմա եկ տեսնենք, թե Ջեսիկայի պես բոլոր առումներով օրինակելի քրիստոնյա պատանիներն ինչպես կարող են անգիտակցաբար ընկնել գաղտնի ընկերություն անելու ծուղակը։
Ինչու են նրանք այդպես անում
Որոշ պատանիներ սկսում են հանդիպել վաղ հասակում։ «Ես տեսել եմ ընկերություն անող 10–11 տարեկան տղաների և աղջիկների»,— ասում է Սյուզանը (Մեծ Բրիտանիա)։ Ինչո՞ւ են նրանք ձգտում ընկերություն անելու։ Այդ ամենի հիմքում հաճախ ընկած է հակառակ սեռի հանդեպ բնական հետաքրքրվածությունը և որոշ չափով հասակակիցների ճնշումը։ «Հորմոնները ակտիվանում են, և դպրոցում ամեն մեկը սկսում է ընկերություն անել»,— ասում է ավստրալուհի Լուիսը։
Բայց ինչո՞ւ են ոմանք գաղտնաբար հանդիպում։ «Հավանաբար, նրանք վախենում են ծնողներից»,— ասում է Ջեֆրին (Մեծ Բրիտանիա)։ Հարավաֆրիկացի Դեյվիդը նույն կարծիքին է. «Նրանք գիտեն, որ ծնողները հավանություն չեն տա, ուստի չեն ասում»։ Ջեյնը, որ ապրում է Ավստրալիայում, այլ պատճառ է նշում. «Գաղտնաբար հանդիպելով՝ նրանք ուզում են ապացուցել իրենց անկախությունը։ Երբ տեսնում են, որ իրենց չեն վերաբերվում ինչպես չափահաս անհատի (ինչպիսին որ իրենք են իրենց համարում), որոշում են անել իրենց ուզածը և ծնողներին ոչինչ չեն ասում։ Դժվար չէ թաքուն մտերմություն անել»։
Աստվածաշունչը քեզ միանշանակ պատվիրում է հնազանդվել ծնողներիդ (Եփեսացիներ 6։1)։ Եթե ծնողներդ դեմ են, որ դու ընկերություն անես, ուրեմն նրանք հիմնավոր պատճառներ ունեն։ Օրինակ՝ եթե նրանք Եհովայի վկաներ են, ապա կցանկանան, որ ընկերություն անես միայն քո հավատակցի հետ, ընդ որում այն ժամանակ, երբ երկուսդ էլ բավական մեծ կլինեք և պատրաստ՝ ամուսնանալու։b Ստորև բերված են երեք մտքեր, որոնք գուցե քո մեջ առաջանում են։
◼ Ինձ անտեսված եմ զգում, քանի որ բոլորը, բացի ինձանից, ընկեր ունեն։
◼ Ինձ դուր է գալիս մի անհատ, որն իմ հավատակիցը չէ։
◼ Ճիշտ է, ամուսնանալու համար դեռ փոքր եմ, բայց կցանկանայի ընկերություն անել իմ հավատակցի հետ։
Դու, ըստ ամենայնի, գիտես, թե ծնողներդ ինչ կասեին քո այս մտքերի հետ կապված և սրտիդ խորքում հասկանում ես, որ նրանք ճիշտ են։ Այդուհանդերձ, թերևս համաձայն կլինես ճապոնուհի Մանամիի հետ, որն ասում է. «Մտերմություն անելու ցանկությունն այնքան մեծ է, որ երբեմն հազիվ եմ դիմանում։ Ոչ մեկի մտքով չի անցնում ընկերություն չանել»։ Այդ իսկ պատճառով ոմանք սկսում են ծնողներից թաքուն ժամադրվել։ Ինչպե՞ս։
«Մեզ ասել էին, որ գաղտնի պահենք»
Գաղտնի ընկերություն անելը ենթադրում է որոշ չափով խաբեություն։ Ոմանք գաղտնի են պահում իրենց մտերմությունը՝ հիմնականում հաղորդակցվելով հեռախոսով կամ Ինտերնետով։ Մարդկանց շրջապատում նրանք պարզապես ընկերներ են, մինչդեռ նրանց էլեկտրոնային նամակները, տեքստային հաղորդագրությունները և հեռախոսազանգերը բոլորովին այլ բան են ասում։
Նիգերիացի Քալեբը մի ուրիշ խորամանկության մասին է նշում։ Նա ասում է. «Գաղտնաբար իրար հետ հանդիպող որոշ տղաներ և աղջիկներ ծածկաբառեր և մականուններ են օգտագործում, որպեսզի ուրիշները գլխի չընկնեն, թե իրենք ինչի մասին են խոսում»։ Ոմանք էլ հավաքույթ են կազմակերպում, որպեսզի հետո զույգերով առանձնանան։ Ջեյմսը (Մեծ Բրիտանիա) ասում է. «Մի անգամ մեզ հրավիրեցին հավաքույթի, և հետո պարզվեց, որ այդ ամենն արվել էր ընդամենը նրա համար, որ այդ խմբից երկու հոգի կարողանային իրար հանդիպել։ Մեզ ասել էին, որ գաղտնի պահենք»։
Հաճախ, ինչպես հենց Ջեյմսն է նշում, գաղտնի մտերմությունը հնարավոր է լինում ընկերների աջակցությամբ։ Շոտլանդուհի Քարոլն ասում է. «Ընկերներից առնվազն մեկը տեղյակ է լինում այդ մասին, սակայն ոչ մեկին ոչինչ չի ասում, քանի որ պատանիների շրջանում այդպես է ընդունված»։
Հաճախ պատանիներն ակնհայտ անազնիվ քայլերի են դիմում։ Բեթը, որն ապրում է Կանադայում, ասում է. «Շատերը խաբում են իրենց ծնողներին՝ ճիշտ չասելով, թե ուր են գնում»։ Ճապոնուհի Միսակին խոստովանում է, որ ինքը հենց այդպես է վարվել։ Նա պատմում է. «Ես մանրակրկիտ պատմություններ էի հորինում, իսկ մյուս բոլոր հարցերում ճիշտ էի խոսում, որպեսզի չկորցնեի ծնողներիս վստահությունը»։
Գաղտնի ընկերություն անելու ծուղակները
Եթե մտադիր ես գաղտնի ընկերություն անելու կամ եթե արդեն անում ես, հաշվի առ հետևյալը.
◼ Ինչի՞ կհասնեմ այսպես խաբելով։ Մոտ ժամանակներս մտադի՞ր ես ամուսնանալու այդ անհատի հետ։ Էվանը (Միացյալ Նահանգներ) ասում է. «Առանց ամուսնանալու մտադրության ժամադրվելը նման է ապրանք գովազդելուն, որը վաճառելու նպատակ չունես»։ Առակաց 13։12–ում ասվում է. «Ուշացած յոյսը [այսինքն՝ չիրականացվող ակնկալիքը] սիրտը կ’հիւանդացնէ»։ Ուզո՞ւմ ես, որ քո հավանած անհատի սիրտը «հիվանդանա»։
◼ Ինչպե՞ս է Եհովա Աստված նայում իմ արածին։ Աստվածաշունչն ասում է. «Բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբրայեցիներ 4։13)։ Ուստի, եթե թաքցնում ես քո կամ ուրիշի ընկերությունը, Եհովան, միևնույն է, գիտի այդ մասին։ Իսկ եթե դա անում ես՝ դիմելով խաբեության, ապա անհանգստանալու լուրջ պատճառներ ունես։ Եհովա Աստված խիստ դատապարտում է ստախոսությունը։ «Ստախօս լեզուն» այն բաների թվում է, որոնցից նա գարշում է (Առակաց 6։16–19)։
Իրականում, եթե դու գաղտնի մտերմություն ես անում, ապա ինքդ քեզ զրկում ես այն պաշտպանությունից, որ կարող էիր ունենալ անթաքույց ընկերություն անելու դեպքում։ Զարմանալի չէ, որ գաղտնի ընկերություն անողներից ոմանք սեռական անբարոյություն են գործում։ Ավստրալուհի Ջեյնը պատմում է իր ընկերուհիներից մեկի մասին, որը գաղտնի ժամադրվում էր դպրոցի տղաներից մեկի հետ և երկակի կյանքով էր ապրում։ Ջեյնը ասում է. «Երբ հայրը իմացավ, որ իր աղջիկն ընկեր ունի, արդեն ուշ էր. նա հղի էր»։
Անշուշտ, լավ կլինի՝ խոսես ծնողներիդ կամ որևէ հասուն քրիստոնյայի հետ քո գաղտնի մտերմության մասին։ Իսկ եթե ունես ընկեր կամ ընկերուհի, որը գաղտնի հանդիպում է որևէ մեկին, մասնակից մի եղիր նրա գործերին՝ օգնելով նրան գաղտնի պահել իր մտերմությունը (1 Տիմոթեոս 5։22)։ Մի պահ մտածիր. ինչպե՞ս կզգաս, եթե այդ ընկերությունը վատ հետևանքներ ունենա։ Մի՞թե ինչ–որ չափով մեղավոր չես լինի։ Ենթադրենք՝ ընկերդ շաքարախտով հիվանդ է, սակայն թաքուն քաղցրավենիք է ուտում։ Ի՞նչ կանես, եթե իմանաս այդ մասին, սակայն ընկերդ աղերսի քեզ ոչ ոքի չասել։ Ի՞նչը կլինի քո գլխավոր մտահոգությունը՝ ծածկե՞լ նրա արածը, թե՞ քայլեր ձեռնարկել, որոնք նույնիսկ կարող են փրկել նրա կյանքը։
Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ գիտես, որ ընկերդ գաղտնի ժամադրվում է։ Մի անհանգստացիր, թե մեկընդմիշտ կկորցնես ընկերոջդ։ Ժամանակի ընթացքում իսկական ընկերը կհասկանա, որ դու նրա լավագույնն էիր ցանկանում (Առակաց 27։6)։
«Հասկացա, թե ինչ պետք է անեմ»
Հոդվածի սկզբում հիշատակված Ջեսիկան որոշեց հրաժարվել գաղտնի ընկերությունից, երբ լսեց մեկ ուրիշ քրիստոնյայի մասին, որը հայտնվել էր նույն իրավիճակում։ «Երբ լսեցի, թե ինչպես նա վերջ դրեց իր ընկերությանը, հասկացա, թե ինչ պետք է անեմ»,— ասում է նա։ Հե՞շտ էր գնալ այդ քայլին։ Ո՛չ։ Ջեսիկան ասում է. «Նա միակ տղան էր, որին երբևէ հավանել էի։ Մի քանի շաբաթ ամեն օր լաց էի լինում»։
Սակայն Ջեսիկան մի բան լավ գիտեր. նա սիրում էր Եհովային ու թեև շեղվել էր ճիշտ ուղուց, այնուամենայնիվ սրտանց ցանկանում էր անել ճիշտը։ Ժամանակի ընթացքում բաժանման ցավն անցավ։ Ջեսիկան ասում է. «Այժմ Եհովայի հետ ինչպես երբեք լավ փոխհարաբերություններ ունեմ։ Ես այնքա՜ն շնորհակալ եմ նրան, որ ճիշտ ժամանակին առաջնորդություն է տալիս»։
«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ypa վեբ կայքում
[Ծանոթագրություններ]
a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
b Տե՛ս «Երիտասարդները հարցնում են...» խորագրից «Երբ կարող եմ սկսել ժամադրությունների գնալ» հոդվածը «Արթնացե՛ք»–ի 2007 թ. ապրիլ–հունիսի համարում։
ՄՏԱԾԻՐ
◼ Դարձյալ կարդա 16–րդ էջում թավատառերով գրված երեք մտքերը։ Երբևէ քո մեջ առաջացե՞լ են նման մտքեր։
◼ Ինչպե՞ս կարող ես խնդիրը լուծել՝ առանց գաղտնի ընկերություն անելու։
[Շրջանակ 17–րդ էջի վրա]
Գաղտնի ընկերությո՞ւն, թե՞ անձնական կյանք
Մտերմություն անելու հետ կապված ամեն գաղտնի բան չէ, որ պարունակում է խաբեություն։ Ենթադրենք՝ երիտասարդ տղամարդն ու կինը, որոնք հասել են ամուսնանալու տարիքին, ցանկանում են ավելի լավ ճանաչել իրար, սակայն ուզում են, որ իրենց մտադրությունը միառժամանակ գաղտնի մնա։ Հնարավոր է՝ նրանք, ինչպես նշում է Թոմաս անունով մի երիտասարդ, «չեն ուզում այսպիսի հարցեր լսել՝ «ե՞րբ եք ամուսնանալու»»։
Ուրիշների գործադրած ճնշումը կարող է վնասակար լինել (Երգ Երգոց 2։7, ՆԱ)։ Ուստի որոշ զույգեր սկզբնական շրջանում գուցե չցանկանան մյուսներին տեղյակ պահել իրենց մտերմության մասին՝ միևնույն ժամանակ չմեկուսանալով (Առակաց 10։19)։ 20–ամյա Աննան ասում է. «Դա զույգերին ժամանակ է տալիս պարզելու, թե արդյոք իրենք ցանկանում են ավելի խոր փոխհարաբերություններ հաստատել։ Եթե այո, ապա միայն դրանից հետո են մյուսներին տեղեկացնում իրենց հարաբերությունների մասին»։
Սակայն սխալ կլիներ թաքցնել ձեր մտերմությունը նրանցից, ովքեր իրավունք ունեն իմանալու այդ մասին, օրինակ՝ քո կամ նրա ծնողներից։ Եթե չես կարող անթաքույց ընկերություն անել, ինքդ քեզ հարցրու՝ ինչո՞ւ։ Քո դեպքը նմա՞ն է Ջեսիկայի դեպքին, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում։ Մտածո՞ւմ ես, որ ծնողներդ առարկելու հիմնավոր պատճառներ կունենան։
[Շրջանակ 18–րդ էջի վրա]
ԽՈՍՔ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Այս հոդվածը կարդալուց հետո գուցե մտածես. «Մի՞թե իմ երեխան ինձանից թաքուն ժամադրությունների կգնա»։ Ուշադրություն դարձրու, թե մի խումբ պատանիներ «Արթնացե՛ք»–ի թղթակցին ինչ են պատմում այն մասին, թե ինչու են ոմանք գաղտնի հանդիպում։ Այնուհետև խորհիր հաջորդող հարցերի շուրջ։
◼ «Ոմանք աջակցություն չեն գտնում տանը, ուստի որոշում են հակառակ սեռի ընկեր ունենալ» (Ուենդի)։
Լինելով ծնող՝ ինչպե՞ս կարող ես բավարարել քո զավակի էմոցիոնալ կարիքները։ Դրա հետ կապված կա՞ն հարցեր, որոնցում թերանում ես։ Որո՞նք են դրանք։
◼ «Երբ 14 տարեկան էի, մի օտարերկրացի ուսանող առաջարկեց ինձ իր ընկերուհին դառնալ։ Ես համաձայնվեցի։ Մտածեցի, որ վատ չէր լինի կողքիս ունենալ մի տղայի, որն ինձ կգրկեր» (Դայան)։
Եթե Դայանը քո դուստրը լիներ, ի՞նչ կանեիր։
◼ «Բջջային հեռախոսները հեշտացնում են գաղտնի հանդիպելը։ Ծնողները գաղափար անգամ չունեն, թե ինչ է կատարվում» (Անետ)։
Ի՞նչ նախազգուշական քայլեր ես ձեռնարկում՝ երեխաների կողմից բջջային հեռախոս օգտագործելու հետ կապված։
◼ «Գաղտնի մտերմություն անելը շատ ավելի հեշտ է, երբ ծնողները բավականաչափ չեն հետևում, թե ինչ են անում իրենց երեխաները և ում հետ են շփվում» (Թոմաս)։
Կարո՞ղ ես ավելի շատ մասնակցել քո երեխայի կյանքին՝ միևնույն ժամանակ նրան չզրկելով ազատությունից։
◼ «Հաճախ ծնողները տանը չեն, երբ երեխաներն են տանը։ Կամ էլ անհիմն վստահություն են ցուցաբերում նրանց հանդեպ՝ թույլ տալով ուրիշների հետ ինչ–որ տեղ գնալ» (Նիկոլաս)։
Ովքե՞ր են քո երեխայի մտերիմները։ Հաստատ գիտե՞ս, թե ինչով են նրանք զբաղվում, երբ միասին են լինում։
◼ «Եթե ծնողը չափազանց խիստ է, ապա շատ հավանական է, որ նրա երեխան ժամադրությունների գնա գաղտնի» (Փոլ)։
Առանց զիջումների գնալու սուրբգրային օրենքների և սկզբունքների հարցում՝ ինչպե՞ս կարող ես «քո խոհեմությունը հայտնի դարձնել» (Փիլիպպեցիներ 4։5)։
◼ «Վաղ պատանեկան տարիներին ինքնահարգանքի ցածր զգացում ունեի, ուզում էի, որ մարդիկ ինձ նկատեն։ Էլեկտրոնային փոստով սկսեցի շփվել հարևան ժողովից մի տղայի հետ ու սիրահարվեցի։ Նրա շնորհիվ ես ինձ առանձնահատուկ էի զգում» (Լինդա)։
Ըստ քեզ՝ ինչպե՞ս ավելի լավ կարող էին բավարարվել Լինդայի կարիքները տանը։
Այս հոդվածը և շրջանակը քեզ կարող են օգնել, որ զրուցես քո զավակի հետ։ Գաղտնի ընկերություն անելու դեմ լավագույն միջոցը անկեղծ և բաց հաղորդակցությունն է։ Պատանու կարիքները իմանալու և հասկանալու համար ժամանակ ու համբերություն է անհրաժեշտ, բայց արժե ջանքեր թափել, որովհետև մեծ օրհնություններ կստանաս (Առակաց 20։5)։