Իսպանական «Անհաղթ արմադա». ճանապարհորդություն, որը վերջացավ ողբերգությամբ
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻՑ
ԳՐԵԹԵ չորս դար առաջ երկու նավատորմեր կռվում էին Լա Մանշի նեղուցում։ Ճակատամարտը բողոքականների և կաթոլիկների միջև էր։ Դա 16–րդ դարում տեղի ունեցած հակամարտության մի մասն էր, որն ընթանում էր Անգլիայի բողոքական Եղիսաբեթ I թագուհու և Իսպանիայի կաթոլիկ Ֆիլիպ II թագավորի միջև։ «Իսպանական արմադայի պարտությունը» գրքում ասվում է. «Լա Մանշի նեղուցում Անգլիայի և Իսպանիայի նավատորմերի բախումը այդ ժամանակներում [ապրող մարդկանց համար] կենաց ու մահու պայքար էր խավարի և լույսի ուժերի միջև» («The Defeat of the Spanish Armada»)։
Անգլիայի բնակիչները իսպանական «Անհաղթ արմադան», կամ՝ մեծ նավատորմը նկարագրում էին որպես «հզորագույն նավատորմ, որը երբևէ լողացել է բաց ծովում»։ Բայց Արմադայի ճանապարհորդությունը իրականում մի «սխալ» էր, որը ողբերգական ավարտ ունեցավ հատկապես այն հազարավոր մարդկանց համար, ովքեր կորցրեցին իրենց կյանքը։ Ո՞րն էր արմադայի ճանապարհորդության նպատակը, և ինչո՞ւ այն ձախողվեց։
Ինչո՞ւ էին փորձում զավթել
Անգլիացի ծովահենները տարիներ շարունակ թալանում էին իսպանական նավերը, և Անգլիայի Եղիսաբեթ թագուհին եռանդով աջակցում էր Իսպանիայի կառավարության դեմ ուղղված Հոլանդիայի ապստամբությանը։ Իսկ կաթոլիկ Ֆիլիպ II թագավորը պարտավորված էր զգում օգնել անգլիացի կաթոլիկներին՝ մաքրելու իրենց երկիրը բողոքականներից, որոնք համարվում էին «հերետիկոսներ»։ Այդ պատճառով արմադայի ուղևորների մեջ էին մոտ 180 քահանաներ և հոգևորականներ։ Յուրաքանչյուր մարդ, ով ուզում էր արմադայի կազմի մեջ լինել, խոստովանում էր իր մեղքերը քահանային և հաղորդություն էր ստանում։
Իսպանիայի կրոնական մթնոլորտը և նրա թագավորի տրամադրվածությունը պարզ են դառնում իսպանացի հայտնի ճիզվիտ Պեդրո դի Ռիբադենեյրայի խոսքերից. «Աստված՝ մեր Տերը, որի շահերը և ամենասուրբ հավատը մենք պաշտպանում ենք, կուղեկցի մեզ. այդպիսի զորավարի հետ մենք ոչ մի բանից վախենալու կարիք չունենք»։ Ինչ վերաբերում է անգլիացիներին, նրանք հույս ունեին, որ հաղթանակի շնորհիվ իրենց բողոքական գաղափարները կտարածվեն Եվրոպայում։
Իսպանիայի թագավորի հարձակողական ծրագիրը պարզ էր։ Նա հրահանգեց արմադային նավարկել Լա Մանշ և միանալ Պարմայի դքսին ու նրա 30 000 փորձառու զինվորներին, որոնք գտնվում էին Ֆլանդրիայում։a Միացյալ ուժերով նրանք պետք է հատեին Լա Մանշը, ափ դուրս գային Էսսեքսում և նվաճեին Լոնդոնը։ Ֆիլիպ II–ը կարծում էր, թե անգլիացի կաթոլիկները կթողնեն իրենց բողոքական թագուհուն և կմիանան իր զորքերին։
Սակայն Ֆիլիպ II–ի հարձակողական ծրագիրը լուրջ թերություններ ուներ։ Թեև նա կարծում էր, որ ունի Աստծու առաջնորդությունը և պաշտպանությունը, նա հաշվի չառավ երկու մեծ խոչընդոտ՝ Անգլիայի նավատորմի հզորությունը և Պարմայի դքսի զորքերին միանալու դժվարությունները (նրանք հարմար հանգրվան չունեին, որտեղ կկարողանային հանդիպել)։
Վիթխարի և ծանրաշարժ նավատորմ
Ֆիլիպ II–ը արմադայի ղեկավար նշանակեց Մեդինա–Սիդոնիայի դքսին։ Թեև դուքսը ծովային ճանապարհորդության քիչ փորձ ուներ, նա լավ կազմակերպիչ էր և արագորեն շահեց իր փորձառու նավապետների վստահությունը։ Նրանք միասին ստեղծեցին հզոր մարտական ուժ և հսկայական անձնակազմին ապահովեցին հնարավոր լավագույն սննդով։ Նրանք մանրակրկիտ պլանավորեցին ազդանշանները, նավարկության հրահանգները և զորքերի դասավորությունը, ինչը կմիավորեր իրենց բազմազգ անձնակազմին։
Արմադան ուներ 130 նավ, մոտ 20 000 զինվոր և 8 000 նավաստի, երբ հեռացավ Լիսաբոնի նավահանգստից 1588 թ. մայիսի 29–ին։ Բայց ուժեղ քամիների ու փոթորիկի պատճառով նրանք ստիպված եղան կանգ առնել Իսպանիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Լա Կորունյա քաղաքում՝ վերանորոգումներ կատարելու և սնունդ ձեռք բերելու համար։ Անբավարար սննդի և հիվանդ մարդկանց պատճառով Մեդինա–Սիդոնիայի դուքսը անկեղծորեն գրեց թագավորին իրենց ձեռնարկած արշավի հետ կապված մտավախությունների մասին։ Սակայն Ֆիլիպ II–ը համառորեն պնդեց, որ իր ծովակալը հետևի պլանին։ Ուստի ծանրաշարժ նավատորմը շարունակեց իր ճանապարհորդությունը և Լիսաբոնից հեռանալուց երկու ամիս հետո վերջապես հասավ Լա Մանշ։
Լա Մանշի ճակատամարտը
Երբ իսպանական նավատորմը հասավ Անգլիայի հարավ–արևմուտք՝ Փլիմութ, անգլիացիները սպասում էին նրանց։ Երկու կողմերում էլ նույն քանակությամբ նավեր կային, բայց նրանց կառուցվածքը տարբեր էր։ Իսպանական նավերը ջրից դուրս էին ցցված, և նրանց տախտակամածներին բազմաթիվ հրանոթներ կային։ Նավի քթամասին և նավախելին մեծ հրանոթային աշտարակներ էին կառուցված, ինչի հետևանքով դրանք նմանվում էին լողացող ամրոցների։ Իսպանիայի ծովային մարտավարությունը հետևյալն էր. հարկավոր էր մոտենալ թշնամու նավերին, այնուհետև ներխուժելով այնտեղ՝ գրավել։ Անգլիական նավերը ջրից շատ չէին դուրս ցցված, արագաշարժ էին և երկարաձիգ հրանոթներ ունեին։ Նրանց նավապետները պլանավորում էին շատ չմոտենալ թշնամուն և ոչնչացնել իսպանական նավերը հեռավորության վրա։
Անգլիական նավերի արագաշարժությանը և դրանց կրակային հզորությանը դիմանալու համար Իսպանիայի ծովակալը որոշեց պաշտպանական զորքը կիսալուսնաձև դասավորել։ Ծայրերին գտնվելու էին երկարաձիգ հրանոթներով ապահովված ամենաամուր նավերը, որոնք կարող էին պաշտպանել մյուս նավերին։ Անկախ այն բանից, թե որ կողմից կմոտենար թշնամին՝ արմադան կարող էր փոխել ուղղությունը և նրա դեմ դուրս գալ ցլի պես, որն իր եղջյուրները ուղղում է մոտեցող առյուծին։
Լա Մանշում երկու նավատորմերը կրակ բաց արեցին իրար վրա, և երկու փոքր պատերազմ տեղի ունեցավ։ Իսպանական զորքերը լավ պաշտպանվեցին, և անգլիացիների երկարատև հրաձգությունը չխորտակեց ոչ մի նավ։ Անգլիացի նավապետները եզրակացրեցին, թե կարող են որևէ կերպ խարխլել պաշտպանությունը և կրակ բացել իսպանական նավերի վրա մոտ հեռավորությունից։ Հարմար առիթը ներկայացավ օգոստոսի 7–ին։
Մեդինա–Սիդոնիայի դուքսը հավատարիմ մնաց հրահանգներին և արմադային առաջնորդեց Պարմայի դքսի և նրա զորքերի հետ հանդիպման։ Պարմայի դքսի պատասխանին սպասելու ժամանակահատվածում Մեդինա–Սիդոնիայի դուքսը հրամայեց նավատորմին խարիսխ գցել Ֆրանսիայի ափին՝ Կալեում։ Մինչ իսպանական նավերը կառանել էին և խոցելի էին, Անգլիան վառելանյութով բեռնված ութ նավ ուղարկեց և կրակ բաց արեց նրանց վրա։ Իսպանական նավապետները խելահեղորեն փորձեցին խուսափել վտանգից։ Այնուհետև կատաղի քամին և ուժգին ալիքները նավերը քշեցին հյուսիս։
Հաջորդ օրվա լուսաբացին տեղի ունեցավ վերջնական մարտը։ Անգլիական նավատորմը կրակ բաց արեց իսպանական նավերի վրա մոտ հեռավորությունից՝ կործանելով առնվազն երեք նավ և վնասներ տալով ավելի շատ նավերի։ Քանի որ իսպանացիները քիչ զինամթերք ունեին, նրանք ստիպված էին անզեն դիմագրավել կատաղի գրոհները։
Ուժգին փոթորիկը ստիպեց անգլիացիներին իրենց հարձակումը մեկ օրով հետաձգել։ Այդ առավոտ, դասավորվելով կիսալուսնաձև և քիչ զինամթերք ունենալով, արմադան պատրաստվեց թշնամու դեմ պատերազմի։ Բայց մինչ անգլիացիները կրակ կբացեին, իսպանական նավերը քամու և ուժգին ալիքների հետևանքով քշվեցին դեպի ափ։ Եթե քամին չփոխեր իր ուղղությունը, նրանք կմխրճվեին Զելանդիայի ավազուտներում ու կկործանվեին։
Երբ ամեն ինչ կարծես կորած էր, քամին փոխեց ուղղությունը։ Արմադային այլևս վտանգ չէր սպառնում. այն հայտնվեց բաց ծովում։ Բայց անգլիական նավերը փակել էին դեպի Կալե ճանապարհը, և քամին դեռ շարունակում էր հրել իսպանական նավերը հյուսիս։ Մեդինա–Սիդոնիայի դուքսը որոշեց, որ այլևս իմաստ չունի պայքարել և հարկավոր է փրկել որքան հնարավոր է շատ նավեր և մարդկանց։ Նա վճռեց վերադառնալ Իսպանիա՝ նավարկելով Շոտլանդիայի և Իռլանդիայի շուրջը։
Փոթորիկ և նավաբեկություն
Արմադայի ջախջախված նավերը դժվարությամբ բռնեցին տունդարձի ճամփան։ Քիչ մթերք էր մնացել, և քանի որ տակառները ծակ էին, ջուրն էլ չէր բավականացնում։ Անգլիացիների հարձակումները վնաս էին հասցրել շատ նավերի, և դրանցից քչերն էին պիտանի նավարկության համար։ Ճանապարհին Իռլանդիայի հյուսիսարևմտյան ափին կատաղի փոթորիկներ սկսվեցին, որոնք շարունակվեցին երկու շաբաթ։ Որոշ նավեր անհետ կորան։ Մյուսները խորտակվեցին Իռլանդիայի ափին։
Վերջապես, սեպտեմբերի 23–ին արմադայի առաջին նավերը դժվարությամբ հասան Սանտանդեր՝ Իսպանիայի հյուսիսում գտնվող մի նավահանգիստ։ Մոտ 60 նավ և Լիսաբոնից հեռացած մարդկանցից ընդամենը կեսը տուն վերադարձան։ Հազարավոր մարդիկ խեղդվեցին ծովում։ Շատերն էլ տուն վերադառնալու ճանապարհին մահացան ստացած վերքերից կամ հիվանդություններից։ Նույնիսկ նրանք, ովքեր բարեհաջող տեղ հասան, շարունակեցին դժվարություններ կրել։
«Իսպանական արմադայի պարտությունը» գրքում նշվում է. «Մի քանիսը [նավերի անձնակազմերը] բավարար սնունդ չունեին և մահացան քաղցից», չնայած որ խարիսխ էին գցել իսպանական նավահանգստում։ Այդ գիրքն ասում է, որ Իսպանիայի Լարեդո նավահանգստում նավերից մեկը խորտակվեց, «քանի որ այնտեղ անհրաժեշտ թվով մարդիկ չկային, որ իջեցնեին առագաստները և խարիսխ գցեին»։
Պարտության նշանակությունը
Արմադայի պարտությունը վստահություն էր ներշնչում հյուսիսային Եվրոպայի բողոքականներին, թեև կրոնական պատերազմները շարունակվում էին։ Բողոքականները հավատում էին, որ իրենց հաղթանակը Աստծու հավանությունն ունենալու ապացույցն էր։ Այդ մասին վկայում է հոլանդական մի շքանշան, որի վրա փորագրված է. «Ֆլավիտ יהוה է դիսիպատի, 1588», որը նշանակում է «Եհովան փչեց և նրանք ցրվեցին 1588–ին»։
Ժամանակի ընթացքում Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհակալ ուժ։ Ինչպես նշվում է մի գրքում. «Մեծ Բրիտանիան երևան եկավ 1763 թ.–ին որպես առաջատար առևտրական երկիր, որը բազմաթիվ գաղութներ ուներ աշխարհում» («Modern Europe to 1870»)։ Իսկապես, «1763–ին Բրիտանական կայսրությունը իշխում էր աշխարհի վրա այնպես, ինչպես մի ժամանակ Հռոմը»,— ասվում է մեկ ուրիշ գրքում («Navy and Empire»)։ Հետագայում Մեծ Բրիտանիան միավորվեց իր նախկին գաղութի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, և նրանք միասին կազմեցին Անգլո–Ամերիկյան աշխարհակալ ուժը։
Աստվածաշունչ ուսումնասիրողների համար աշխարհակալ ուժերի վերելքն ու անկումը մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Սուրբ Գրություններում շատ տեղեկություններ են պարունակվում իրար հաջորդող աշխարհակալ ուժերի, այսինքն՝ Եգիպտոսի, Ասորեստանի, Բաբելոնի, Մարա–Պարսկաստանի, Հունաստանի, Հռոմի և ի վերջո Անգլո–Ամերիկայի մասին։ Իրականում, Աստվածաշունչը վաղուց նախագուշակել էր այդ ուժերից մի քանիսի վերելքն ու անկումը (Դանիէլ 8։3–8, 20–22; Հայտնություն 17։1–6, 9–11)։
Հետադարձ հայացք նետելով՝ տեսնում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ 1588–ի ամռանը, երբ իսպանական «Անհաղթ արմադան» պարտվեց, շատ մեծ նշանակություն ունի։ Արմադայի պարտությունից գրեթե 200 տարի հետո Մեծ Բրիտանիան աշխարհում մեծ համբավ ձեռք բերեց և առանցքային դիրք զբաղեցրեց աստվածաշնչյան մարգարեությունների կատարման հարցում։
[Ծանոթագրություն]
a Այդ շրջանը Նիդերլանդների մի մասն էր, որը կառավարում էր Իսպանիան 16–րդ դարի ընթացքում։ Այն ընդգրկում էր Ֆրանսիայի, Բելգիայի և Հոլանդիայի հյուսիսում գտնվող ափամերձ շրջանները։
[Քարտեզ 26–րդ էջի վրա]
Իսպանական Արմադայի անցած ուղին
—— Անցած ուղին
–– Վերադարձի ճանապարհը
X Ճակատամարտերը
ԻՍՊԱՆԻԱ
Լիսաբոն
Լա Կորունյա
Սանտանդեր
ՖԼԱՆԴՐԻԱ
Կալե
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔԸ
ԱՆԳԼԻԱ
Փլիմութ
Լոնդոն
ԻՌԼԱՆԴԻԱ
[Նկարներ 24–րդ էջերի վրա]
Ֆիլիպ II թագավորը
[Թույլտվությամբ]
Biblioteca Nacional, Madrid
[Նկարներ 24–րդ էջերի վրա]
Եղիսաբեթ I թագուհին
[Նկար 25–րդ էջի վրա]
Մեդինա–Սիդոնիայի դուքսը իսպանական «Անհաղթ արմադայի» հրամանատարն էր
[Թույլտվությամբ]
Cortesía de Fundación Casa de Medina Sidonia
[Նկար 25–րդ էջի վրա]
Մեդինա–Սիդոնիայի դուքսը իսպանական «Անհաղթ արմադայի» հրամանատարն էր
[Նկար/թույլտվությամբ 25–րդ էջի վրա]
Museo Naval, Madrid