«Երախտագետ եղեք»
Աստվածաշնչում Աստծու ծառաներին բազմիցս հորդոր է տրվում երախտագետ լինել։ Սաղմոս 92։1–ում գրված է. «Բարի է գոհանալ Տէրիցը»։ Պողոս առաքյալը նույնպես հորդորեց՝ ասելով. «Երախտագե՛տ եղեք» (Կողոսացիներ 3։15)։
Մենք երախտագետ լինելու հիմնավոր պատճառներ ունենք։ Դեյվիս քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Էմընսը նշում է. «Մասնագետները, քննելով երախտագիտության հարցը, գալիս են այն եզրակացության, որ այդ զգացումը մեծ արժեք ունի, քանի որ մարդկանց օգնում է հաղթահարել առօրյա խնդիրները, հատկապես սթրեսը, ինչպես նաև օգնում է ունենալ ինքնահարգանք»։
Իսկ «Թայմ» հանդեսում նշվում է այլ օգուտների մասին։ Այնտեղ գրված է. «Այն մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք երախտագետ են.... ավելի կենսունակ ու լավատես են, ավելի քիչ սթրեսներ են ունենում և ավելի քիչ են դեպրեսիայի մեջ ընկնում, քան մարդիկ ընդհանրապես»։
Սակայն Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ «վերջին օրերում» շատերը կլինեն «անձնասեր» և «անշնորհակալ» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Ուստի ինչպե՞ս կարող են ճշմարիտ քրիստոնյաները զգուշանալ այդ հատկությունները դրսևորելուց։ Աստվածաշնչի Հեղինակն ասում է. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։ Հնազանդվելով Աստծու պատվիրաններին՝ մենք խուսափում ենք այն դժվարություններից, որ ունենում են նրանք, ովքեր ընկած են իրենց եսասիրական ձգտումների հետևից։ Ավելին, մենք վստահ ենք, որ Եհովան տեսնում է մեր գործադրած ջանքերը և կվարձատրի մեզ դրա համար (Եբրայեցիներ 6։10)։ Ստանալով այսպիսի օգուտներ՝ մենք մղվում ենք «գոհանալ Տերից» (Սաղմոս 107։8)։