Բռնություն կանանց նկատմամբ. գլոբալ խնդիր
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25–ը կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրն է։ Այդ օրը ընդունվել է 1999 թ.–ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից այն նպատակով, որ հասարակությունը ավելի շատ ուշադրություն դարձնի կանանց իրավունքների ոտնահարման խնդիրներին։ Ինչպե՞ս եղավ, որ նման օր սահմանելու անհրաժեշտություն առաջացավ։
Շատ մշակույթներում կինը համարվում է, այսպես ասած, երկրորդ կարգի մարդ, և նա «համապատասխան» վերաբերմունքի է արժանանում։ Կանանց վերաբերյալ նախապաշարումները խորապես արմատացած են։ Նրանց նկատմամբ բռնությունը իր բոլոր դրսևորումներով դեռ շարունակում է մնալ որպես լուրջ խնդիր նույնիսկ, այսպես կոչված, զարգացած երկրներում։ ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խոսքերով՝ «կանանց նկատմամբ բռնությունը գլոբալ խնդիր է։ Այդ երևույթը գոյություն ունի բոլոր հասարակություններում և մշակույթներում։ Բռնության են ենթարկվում բոլոր կանայք՝ անկախ ռասայից, էթնիկական պատկանելությունից, սոցիալական դիրքից, ծագումից և այլն»։
Ռադիկա Կումարասվամին (ՄԱԿ–ի Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ կանանց նկատմամբ բռնության մասին նախկին հատուկ զեկուցող) ասում է, որ կանանց ճնշող մեծամասնության համար իրենց նկատմամբ բռնությունն «արգելված թեմա է։ Այն կյանքի ամոթալի իրականություն է, որը ծածկված է հասարակության աչքից»։ Ընտանեկան բռնության երևույթն ուսումնասիրող մի կազմակերպություն (Նիդերլանդներ) տեղեկացնում է, որ հարավամերիկյան մի երկրում կանանց 23 տոկոսը, կամ՝ 4 կանանցից 1–ը, ընտանիքում ենթարկվում է բռնության։ Եվրախորհրդի տվյալներով՝ եվրոպացի 4 կանանցից 1–ը իր կյանքի ընթացքում ընտանեկան բռնության է ենթարկվում։ Ըստ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության՝ Անգլիայում և Ուելսում վերջին տարիներից մեկում միջին հաշվով ամեն շաբաթ երկու կին է սպանվում իր ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից։ «Ինդիա թուդեյ ինթերնեշնլ» թերթը հաղորդում է, որ «մշտական վախը ամբողջ Հնդկաստանում կանանց ուղեկիցն է, իսկ բռնաբարությունը այն օտարականն է, որին կարող են հանդիպել ցանկացած ճանապարհում, անկյունում, հասարակական վայրում և ցանկացած ժամի»։ Ըստ «Միջազգային համաներում» կազմակերպության՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը մեր օրերում «մարդու իրավունքների ամենատարածված ոտնահարումն է»։
Արդյո՞ք այս վիճակագրությունը արտացոլում է կանանց վերաբերյալ Աստծու տեսակետը։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։