Հետագա սերունդները կօգտվե՞ն երկրագնդի ռեսուրսներից
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԿԱՆԱԴԱՅԻՑ
◼ Չորսամյա մանրակրկիտ հետազոտություններից հետո գիտնականները և շրջակա միջավայրի հարցով զբաղվող մասնագետները հրատարակեցին իրենց առաջին հաշվետվությունը։ Ահա թե ինչ եզրահանգումների եկան նրանք. վերջին հիսուն տարիների ընթացքում սննդի, մաքուր ջրի, փայտանյութի, մանրաթելերի և վառելանյութի մեծ պահանջարկը զգալի փոփոխությունների է ենթարկել երկրագնդի էկոհամակարգերը։ Ինչպես նաև խախտվել են փոշոտման, բույսերի միջոցով օդը թթվածնով հագեցնելու, օվկիանոսների բնական ինքնամաքրման պրոցեսները։ Իսկ շատ բույսերի ու կենդանիների տեսակներ վտանգի տակ են։ Այդ պատճառով երկիր մոլորակը այլևս ի զորու չէ հետագա սերունդներին ապահովելու բնական ռեսուրսներով։
Այս առնչությամբ «Գլոբ էնդ մեյլ» կանադական թերթում նշվում է. «Մարդիկ այնքան մեծ վնաս են հասցրել մոլորակին, որ բնության մեջ եղող համակարգերի փոխադարձ կապերը կարող են արագորեն խախտվել։ Դրա հետևանքով կառաջանան նոր հիվանդություններ, կվերանան բազմաթիվ անտառներ, իսկ ծովերի որոշ հատվածներում կյանքն այլևս գոյություն չի ունենա։ Խոնավ հողերը, անտառները, սավաննաները, գետախորշերը և այլ վայրեր, որոնց շնորհիվ անընդհատ մաքրվում են օդը, ջուրը և սննդարար նյութերը, այնքան են վնասվել, որ դժվար թե վերականգնվեն»։ Թեև մասնագետները համաձայն են, որ մարդիկ կարող են ինչ–որ չափով կանխել էկոհամակարգերի ճգնաժամը, սակայն նրանք նշում են նաև, որ դրան հասնելու համար «անհրաժեշտ կլինի լիովին փոխել բնության հանդեպ մարդկանց վերաբերմունքը»։
Հնարավո՞ր է արդյոք «փրկել» երկրագունդը։ Ինչ խոսք, մենք պարտավոր ենք հոգ տանել Աստծու ստեղծագործության մասին և մեր լավագույնն անել շրջակա միջավայրի պահպանման համար (Սաղմոս 115։16)։ Սակայն էկոհամակարգերը կվերականգնվեն միայն Աստծու միջամտության շնորհիվ։ Մեր Արարիչը խոստանում է, որ ուշադրություն կդարձնի երկրին և «կհարստացնի այն» (Յոբ 35։10; Սաղմոս 65։9–13)։ Եհովա Աստված նաև «կփրկի» ծովերը, քանի որ մեծ իշխանություն ունի դրանց վրա (Սաղմոս 95։5; 104։24–31)։ Անկասկած, Արարչի բոլոր խոստումները կիրականանան, որովհետև նա «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։
Իսկապես, շատ քաջալերական է իմանալ, որ երկրագունդը կկարողանա հետագա սերունդներին ապահովել բնական ռեսուրսներով։ Հետևաբար բոլոր աստվածավախ մարդիկ փառաբանում են Աստծուն նրա անսահման իմաստության, զորության և բարության, ինչպես նաև իր ստեղծագործության հանդեպ ունեցած մեծ սիրո համար (Սաղմոս 150։1–6)։
[Նկար/թույլտվությամբ 11–րդ էջի վրա]
Globe։ NASA photo