Սերն ավելի հզոր էր, քան...
2005 թ.–ին Կատրինա և Ռիտա փոթորիկները ավերեցին Մեքսիկական ծոցի հյուսիսային ափը (ԱՄՆ)։ Դրանք վնաս պատճառեցին մեծ թվով մարդկանց և բազմաթիվ կյանքեր խլեցին։ Տուժածների մեջ կային հազարավոր Եհովայի վկաներ։
Եհովայի վկաների ԱՄՆ–ի մասնաճյուղի նախաձեռնությամբ ստեղծվեցին օգնության կոմիտեներ՝ տուժածներին աջակցելու նպատակով։ Նրանք Լուիզիանայում հիմնեցին 13 օգնության շտաբ, 9 պահեստ և վառելանյութի 4 պահեստ։ Փրկարար աշխատանքները պետք է իրականացվեին 80 000 քառակուսի կիլոմետր տարածության վրա։ ԱՄՆ–ի բոլոր ծայրերից և 13 այլ երկրներից շուրջ 17 000 Վկաներ մեծ պատրաստակամությամբ եկան աղետի գոտի՝ տուժածներին օգնելու և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նրանք ապացուցեցին, որ բնության հզոր ուժերը անզոր են քրիստոնեական սիրո դեմ (1 Կորնթացիներ 13։1–8)։
Կամավորները Եհովայի վկաների համար կառուցեցին ավելի քան 5 600 տուն և վերաշինեցին 90 Թագավորության սրահ (Եհովայի վկաների հավաքատեղիները)։ Այս ցուցանիշները մատնանշում են, որ բոլոր ավերված շինությունները վերակառուցվեցին։ Հետևելով Գաղատացիներ 6։10–ում արձանագրված հորդորին՝ «բարին գործեք բոլորի հանդեպ»՝ Վկաները օգնության ձեռք մեկնեցին նաև բազմաթիվ այլ մարդկանց, ովքեր իրենց հավատակիցները չէին։
ԱՂԵՏԻ գոտում վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար անձնազոհ ոգի էր պետք ունենալ, և բոլոր կամավորները շատ օրհնվեցին իրենց գործադրած ջանքերի համար։ Եկեք տեսնենք, թե ինչ են ասում այն Վկաները, ովքեր տարբեր աշխատանքներ են կազմակերպել ավերված տարածքներում։
Անմոռանալի տարիներ
Ռոբերտը պատմում է. «Ես 67 տարեկան եմ և օգնության կոմիտեի անդամներից տարիքով մեծ եմ։ Աշխատել եմ շատ կամավորների հետ, որոնց թվում կային հոգևորապես հասուն և խելացի երիտասարդներ։ Քաջալերվել եմ՝ տեսնելով նրանց անձնազոհությունը և Եհովայի ու հավատակիցների հանդեպ ունեցած սերը։ Այդ տարիներն ուղղակի անմոռանալի են։
Կինս՝ Վերոնիկան, ինձ շատ է օգնել։ Որպեսզի կարողանայինք աջակցել աղետի գոտու տուժածներին, ես որոշեցի թողնել այն գործը, որով զբաղվել եմ 40 տարի շարունակ։ Կինս թիկունք կանգնեց իմ որոշմանը։ Մենք սովորեցինք պարզ կյանք վարել։ Այժմ շաբաթը մեկ անգամ մաքրում ենք շտաբի օֆիսները։ Հոգևոր միջավայրում աշխատելով՝ խորապես հասկացանք, թե ինչ է նշանակում Աստծու Թագավորությունը առաջին տեղում դնել (Մատթեոս 6։33)։ Մենք տեսնում էինք, թե Եհովան ինչպես է հոգում իր ծառաների կարիքները»։
Իսկ Ֆրանկը հիշում է. «Բատոն Ռուժի օգնության շտաբում ծառայում էի որպես պարենային բաժնի պատասխանատու։ Կամավորներին սննդով ապահովելու համար սկզբնական շրջանում պետք է ամեն օր աշխատեինք 10–ից 12 ժամ։ Թեև հոգնում էինք, սակայն օրհնությունները մեզ թև էին տալիս։ Աշխատում էինք քրիստոնեական ջերմ սիրո մթնոլորտում, որը նույնպես օրհնություն էր։
Շատ կամավորներ, ովքեր ընդամենը մեկ շաբաթով էին եկել այս բաժնում ծառայելու, ցանկություն էին հայտնում շարունակելու աշխատանքը։ Նրանցից ոմանք իրենց անկեղծ երախտագիտությունն էին հայտնում բացիկների ու հեռախոսազանգերի միջոցով։ Նրանց անձնազոհ ոգին շատ էր տպավորել ինձ ու կնոջս՝ Վերոնիկային»։
Պատմելիս փշաքաղվում էր
Գրեգորին պատմում է. «Ես ու կինս վաճառեցինք Լաս Վեգասի մեր բնակարանը (Նևադա), գնեցինք ավտոմեքենա և շարժատնակ, որը դարձավ մեր տունը։ Քանի որ պարզ կյանք էինք վարում, ավելի քան երկու տարի աջակցեցինք Լուիզիանայի օգնության աշխատանքներին։ Հատկապես այդ ժամանակ զգացինք Մաղաքիա 3։10–ում արձանագրված խոսքերի ճշմարտացիությունը։ Այնտեղ ասվում է. «Ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, [և տեսեք] թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի»։
Երբ մարդիկ ասում են. «Ի՜նչ անձնազոհ եք դուք», մեր դեմքին ժպիտ է հայտնվում, գիտե՞ք, թե ինչու։ Երեսուն տարի առաջ, ես ու կինս ցանկանում էինք ծառայել Եհովայի վկաների ԱՄՆ–ի մասնաճյուղում, բայց երեխաներ ունեցանք։ Սակայն տարիներ անց Աստծուն ավելի շատ ծառայելու մեր ցանկությունը իրականություն դարձավ. այժմ մասնակցում ենք վերանորոգման աշխատանքներին։ Մեզ համար մեծ առանձնաշնորհում էր նաև ծառայել այնպիսի Վկաների հետ, որոնցից ոմանք լավ մասնագետներ են։ Օրինակ՝ մեր եղբայրներից մեկը ռեստորանում գլխավոր խոհարար էր աշխատել, իսկ մեկ ուրիշը ԱՄՆ–ի երկու նախագահների համար կերակուր էր պատրաստել։
Աղետի գոտում կատարվող աշխատանքները մեծ ազդեցություն են թողել շատ կամավորների կյանքում։ 57–ամյա մի եղբայր, երբ պատմում էր, թե ինչպես է օգնել փոթորիկից տուժածներին, փշաքաղվում էր։ Որոշ Վկաներ, եթե անգամ չէին մասնակցել աշխատանքներին, քաջալերել էին աշխատողներին։ Օրինակ՝ մի անգամ երկու կամավորներ, ովքեր պատերի բորբոսները քերելու գործն էին անում, մի մեծ ցուցանակ էին բերել, որի վրա Նեբրասկայի նահանգի երեք ժողովների բոլոր անդամները, այդ թվում նաև երեխաները իրենց ստորագրություններն էին դրել»։
Աստծու հոգատարությունը
Վենդելը հիշում է. «Կատրինա փոթորիկից մեկ օր անց ԱՄՆ–ի մասնաճյուղից հանձնարարություն ստացա ճշտել և տեղեկացնել, թե ինչ չափի վնաս է հասցվել Լուիզիանա և Միսսիսիպի նահանգներում Թագավորության սրահներին և Եհովայի վկաների տներին։ Փաստորեն, սա ինձ համար միևնույն ժամանակ և՛ նշանակում էր, և՛ փորձ ձեռք բերելու հնարավորություն։ Ես և կինս՝ Ջենինը, 32 տարի ապրել էինք այնպիսի տարածքում, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար, և զգացել էինք, թե ինչպես է Եհովան հոգ տանում իր ծառաների մասին։ Սակայն այս ընթացքում մեզ տպավորեց այն մեծ հոգատարությունը, որ Եհովան դրսևորեց մեծ թվով մարդկանց նկատմամբ։
Բատոն Ռուժ քաղաքում պատիվ եմ ունեցել ծառայելու որպես օգնության կոմիտեի նախագահող։ Չնայած դժվարություններին՝ այս նշանակումը ինձ մեծ բավարարվածություն պատճառեց։ Բազմաթիվ անգամներ մեր կոմիտեն ականատես է եղել, թե մեր սիրող և Ամենակարող Հայրը ինչպես է լուծում խնդիրները, բացում «փակ» դռները ու հոգ տանում տուժածներին։
Շատերն էին հարցնում, թե ինձ ու կնոջս ինչպես է հաջողվել երկու տարուց ավելի մասնակցել վերանորոգման աշխատանքներին։ Ինչ խոսք, դժվարություններ եղել են։ Մենք պետք է մի շարք փոփոխություններ կատարեինք մեր կյանքում։ Մյուս կողմից, սակայն, մեր աչքը պարզ պահելու շնորհիվ բազմաթիվ օրհնություններ ենք ունեցել (Մատթեոս 6։22)։
Երբ առաջին անգամ Նոր Օռլեանում մասնակցեցինք փրկարարական աշխատանքներին, գրեթե ժամանակ չունեինք հանգստանալու։ Մի շարք հանգամանքներ դժվարացնում էին մեր աշխատանքը. քաղաքում ամենուր զինվորներ էին, թեև պատերազմական իրավիճակ չկար։ Սակայն քանի որ քաոսային դրություն էր, կառավարությունը զինվորներ էր ուղարկել ստեղծված իրավիճակը հսկողության տակ պահելու համար։ Բացի դրանից, մեզ հսկայածավալ աշխատանք էր սպասում, ու այսպիսի հանգամանքներում կարող էիր հեշտությամբ թևաթափ լինել։
Վկաներից շատերն էլ մեծ կորուստներ էին ունեցել։ Ուստի մինչ գործի կանցնեինք, մենք նախ աղոթում էինք նրանց հետ և փորձում էինք մխիթարել։ Երբեմն ինձ թվում էր, թե այս երկու տարիների ընթացքում երկու անգամ եմ ապրել։
Ամեն անգամ, երբ ինձ թվում էր, թե այլևս ուժ չունեմ, կամավորների նոր խումբ էր ժամանում։ Նրանցից ոմանք աշխատում էին մի քանի ամիս, ոմանք էլ ավելի երկար։ Այս ուրախ և պատրաստակամ օգնականները, որոնց մեջ շատ երիտասարդներ կային, նոր լիցքեր էին հաղորդում։
Մենք հաճախ էինք զգում Եհովայի օգնությունը։ Երբ առաջին անգամ եկանք այստեղ, տեսանք, որ մեր եղբայրների տների վրա ծառեր էին ընկել, և ավելի քան 1 000 տուն ավերվել էր։ Մենք հայտնվել էինք անելանելի իրավիճակում, որովհետև չունեինք ո՛չ սարքավորում, ո՛չ էլ աշխատուժ։ Ուստի մեր կոմիտեն Եհովային դիմեց օգնության համար։ Հաջորդ օրն իսկ եղբայրներից մեկը եկավ մեզ օգնելու։ Ապշել էինք. նա իր հետ բերել էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր այդ վտանգավոր աշխատանքը կատարելու համար։ Մեկ ուրիշ անգամ մեր աղոթքի պատասխանը ստացանք ընդամենը 15 րոպեից, իսկ մի անգամ էլ նախքան «ամեն» ասելը։ Եհովան լսում էր մեր աղոթքները» (Սաղմոս 65։2)։
«Հպարտ եմ, որ Եհովայի վկա եմ»
Մեթյուն պատմում է. «Կատրինա փոթորիկից մեկ օր անց 15 տոննա նվիրաբերված սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ բաներ պետք է տեղափոխվեր աղետի գոտի։ Ինձ վստահվեց այդ գործը կատարելու պատասխանատվությունը։ Ինչ խոսք, ակնհայտ էր, որ Եհովայի ժողովուրդը առատաձեռն է։
Որպեսզի ավելի մեծ օգնություն ցուցաբերեինք տուժածներին, ես ու կինս՝ Դարլինը, տեղափոխվեցինք մի տարածք, որը երկու ժամվա ճանապարհի չափ հեռու էր աղետի գոտուց։ Տեղի Վկաներից մեկը մեզ ոչ լրիվ աշխատանքային օրով գործ առաջարկեց, ու մենք կարողացանք ավելի շատ մասնակցել վերակառուցողական աշխատանքներին։ Մեկ ուրիշ Վկա մեզ բնակարանով ապահովեց։ Սիրտս լցվում էր խոր գնահատանքով, երբ գիտակցում էի, որ այս սիրառատ եղբայրության մի մասն եմ։ Ես հպարտ եմ, որ Եհովայի վկա եմ»։
Թեդը հիշում է. «Ես ու կինս՝ Դեբին, որոշեցինք օգնել տուժածներին։ Մենք խնդրեցինք, որ Եհովան ցույց տա, թե ինչպես կարող ենք իրականացնել մեր ցանկությունը։ Մի քանի օր հետո մեզ հաջողվեց բավականին մատչելի գնով ձեռք բերել ինը մետր երկարությամբ փոքր, թեթև շարժատնակ, որը ավելի քան երկու տարի մեր տունը եղավ։
Ժամանակի ընթացքում որոշեցինք վաճառել մեր տունը և ունեցվածքի մեծ մասը, որպեսզի կարողանանք ավելի շատ ժամանակ տրամադրել Նոր Օռլեանում կատարվող աշխատանքներին, որտեղ ծառայում էի որպես նախագծի կոորդինատոր։ Բանն այն էր, որ տեղացիներից շատերը կորցրել էին իրենց տները և Թագավորության սրահները։ Էվակուացիայի պատճառով մարդիկ հեռու էին իրենց ժողովներից և այն տարածքից, որտեղ քարոզել էին բարի լուրը։ Այս հանգամանքներում էր, որ շատ տպավորվել էինք «ամենայն մխիթարության Աստծու»՝ իր երկրպագուների համար ցուցաբերած հոգատարությունից» (2 Կորնթացիներ 1։3)։
«Նրանց հավատը շատ տպավորել էր մեզ»
Ջասթինը պատմում է. «2005 թ. հոկտեմբերին կոչ արվեց՝ մասնակցելու Մեքսիկական ծոցի հյուսիսային ափին կատարվող աշխատանքներին։ Ես ու կինս՝ Թիֆանին, անմիջապես լրացրինք դիմումները։ 2006 թ. փետրվարին հրավիրվեցինք Նոր Օռլեանի մոտ գտնվող Քեներ աղետի գոտի։
Ամեն օր վերանորոգում էինք տներից մեկի տանիքը։ Տեղի Վկաների հավատը և Աստծու հանդեպ վստահությունը շատ տպավորել էին մեզ։ Օրեցօր համոզվում էինք, թե որքան անմիտ է ապավինել նյութական բաներին։ Ուրախանում էինք՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան օգնում իր ժողովրդին ավարտին հասցնել գործը։ Մեզ մեծ բավարարվածություն էր պատճառում այն, որ կարողանում ենք օգնել մեր հավատակիցներին»։
[Շրջանակ 18–րդ էջի վրա]
Մեկ օրը օգնության շտաբում
Աղետի գոտու օգնության շտաբում խոհանոցի անձնակազմը աշխատանքը սկսում է առավոտյան մոտ ժամը 4 անց 30 րոպեին։ Ժամը 7–ին բոլոր աշխատողները հավաքվում են այնտեղ, որտեղ ճաշում են, և նախաճաշից առաջ տասը րոպե քննարկում են աստվածաշնչային մի համար։ Նախագահող եղբայրը առիթից օգտվելով՝ նաև ողջունում է նորեկներին և պատմում քաջալերական դեպքեր, որոնք տեղի են ունեցել աշխատանքի ընթացքում։
Աղոթքով շնորհակալություն հայտնելուց հետո բոլորը վայելում են նախաճաշը, այնուհետև անցնում են աշխատանքի։ Ոմանք մնում են շտաբում և աշխատում են օֆիսներում, լվացքատանը կամ էլ խոհանոցում։ Իսկ խոհարարները պատրաստում են ճաշը։ Կեսօրին շտաբից դուրս աշխատող յուրաքանչյուր խմբի ներկայացուցիչ գալիս է և կերակուրը տանում է աշխատողներին։
Ամեն երկուշաբթի բոլորը հավաքվում են և ուսումնասիրում են Աստվածաշնչի վրա հիմնված «Դիտարան» պարբերագրից մի հոդված, որը հրատարակվում է Եհովայի վկաների կողմից։ Այդ հավաքույթները օգնում են բոլորին հոգևորապես ամուր մնալ, ինչի շնորհիվ էլ աշխատողները իրենց գործը կատարում են ուրախությամբ և գնահատում են մյուսների աշխատանքը (Մատթեոս 4։4; 5։3)։
[Շրջանակ 19–րդ էջի վրա]
«Ես սխալ կարծիք ունեի ձեր մասին»
Նոր Օռլեանում ապրող մի կին իր դռան վրա ցուցանակ էր կախել, որի վրա գրված էր. «Եհովայի վկանե՛ր, չանհանգստացնեք ինձ»։ Մի օր նրա տան դիմացի փողոցում կամավորների անձնակազմը սկսեց վերանորոգել փոթորկի հետևանքով ավերված մի տուն։ Վերանորոգման ընթացքում այս կինը նկատեց, որ աշխատողները միմյանց հետ ջերմ են ու ընկերական։ Հետաքրքրասիրությունից մղված՝ գնաց տեսնելու, թե ովքեր են նրանք։ Իմանալով, որ կամավորները Եհովայի վկաներ են՝ կինն ասաց, որ փոթորիկից հետո իր եկեղեցու անդամներից ոչ մեկը նույնիսկ չի զանգահարել իրեն։ Նա խոստովանեց. «Ես սխալ կարծիք ունեի ձեր մասին»։ Այդ դեպքից հետո կինը դռան վրայից հանեց ցուցանակը և խնդրեց Վկաներին այցելել իրեն։
[Նկարներ 16–րդ էջի վրա]
Ռոբերտը և Վերոնիկան
Ֆրանկը և Վերոնիկան
[Նկարներ 17–րդ էջի վրա]
Գրեգորին և Քեթին
Վենդելը և Ջենինը
[Նկարներ 18–րդ էջի վրա]
Մեթյուն և Դարլինը
Թեդը և Դեբին
Ջասթինը և Թիֆանին