Ռոբոտներ. ինչպիսին են նրանք այսօր
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ
ՌՈԲՈՏՆԵՐ։ Ըստ քեզ՝ ի՞նչ են դրանք։ Որոշ մարդիկ ռոբոտներին համարում են օգնականներ։ Ոմանք էլ կարծում են, թե բարձր «ինտելեկտ» ունեցող այդ մեքենաները իրական սպառնալիք են, քանի որ ապագայում մի օր հավանաբար կգերազանցեն մարդկանց։ Ուրիշներն էլ այն կարծիքին են, թե ռոբոտները ավելի շատ գիտնականների երևակայության արդյունքն են, քան իրական կյանքի մի մասը։
Ռոբոտների միջազգային ֆեդերացիայի՝ 2006 թ.–ին կատարված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ամբողջ աշխարհում այսօր մոտ մեկ միլիոն ռոբոտ է շահագործման մեջ, և դրանց գրեթե կեսը Ասիայում է։ Ինչո՞ւ է պահանջարկն այսքան մեծ։
Ի՞նչ են անում ռոբոտները
Պատկերացրու մեկի, որը միշտ աշխատում է, երբեք չի դժգոհում և կարող է առանց հոգնելու աշխատել շաբաթվա յոթ օրը 24 ժամ անընդմեջ։ Ռոբոտները հենց այսպիսի աշխատողներ են։ Նրանց օգտագործում են արտադրության մեջ՝ ավտոմեքենայի մասեր, էլեկտրական սարքեր և տնտեսական ապրանքներ պատրաստելու համար։ Ռոբոտներն իրենց անունը ստացել են չեխերեն «ռոբոտա» (robota) բառից, որը նշանակում է «հարկադրական աշխատանք»։ Ըստ հաշվարկների՝ 2005 թ.–ին մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ամեն 10 մարդու փոխարեն աշխատել է 1 ռոբոտ։
Սակայն ռոբոտները ուրիշ ոլորտներում էլ են օգտագործվում։ Դրանք այնպես են ծրագրավորված, որ արձագանքում են ձայներին, ունեն ինքնակարգավորման սարք, ռադիոկապեր, տեղը որոշող գլոբալ համակարգեր, սենսորային համակարգեր, որոնց միջոցով զգում են ջերմությունը, ուժը, ուլտրաձայնը, քիմիկատները և ճառագայթումը։ Եվ քանի որ կարողանում են կատարել տարբեր աշխատանքներ, ռոբոտները լուծում են այն խնդիրները, որոնք անլուծելի էին թվում տարիներ առաջ։ Բերենք մի քանի օրինակ։
◼ Հասարակական «աշխատանք կատարող»։ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկի դեղատանը աշխատող ռոբոտը, որն ունի մեխանիկական ձեռքեր, ընդամենը մի քանի վայրկյանում կարողանում է անհրաժեշտ քանակով դեղահաբեր հաշվել և լցնել տուփի մեջ։ Իսկ Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը ունի մի քանի ռոբոտներ, որոնց օգտագործում են ծանրոցները տեսակավորելու, բարձրացնելու և դիզելու համար։ Օձաձև ձեռքեր ունեցող ռոբոտներն էլ կարողանում են խիտ ու անմատչելի տարածություններ մտնել (օրինակ՝ ինքնաթիռի թևի մեջ), ստուգել ու վերանորոգել անսարքությունները։
◼ Փափուկ «ընկեր»։ Ճապոնիայի ծերանոցներից մեկում տարեցները սիրում են շոյել փոքրիկ, բրդոտ փոկ–ռոբոտին։ Այն զգայուն է լույսի, ձայնի և ջերմության հանդեպ, արձագանքում է հպումներին և զգացնել է տալիս, երբ իրեն սխալ դիրքով են պահում։ Այդ ռոբոտը կարող է փոկի ձայն հանել, թարթել աչքերը և թափահարել թաթիկները։ Որոշ մարդիկ հավատում են, որ փոկ–ռոբոտը կարողանում է բավարարել մտերիմ ընկեր ունենալու կարիքը, նրան օգտագործում են նաև հատուկ թերապիայի համար։
◼ Բժշկի «օգնական»։ Երեք ձեռք ունեցող ռոբոտը կանգնած է հիվանդի գլխավերևում։ Իսկ քիչ հեռու գտնվող հսկայական հատուկ ապարատի միջոցով վիրաբույժը բոլոր դիրքերից տեսնում է, թե ինչպես է կատարվում սրտի վնասված փականների վիրահատությունը, որի ընթացքում նա վերահսկում է ռոբոտի ձեռքերի շարժումները։ Ռոբոտը կարողանում է դիպուկ և ճշգրիտ շարժումներով փոքր անցք բացել և վիրահատել, հետևաբար բաց վիրահատություն անելու կարիք չի առաջանում։ Արդյունքում նվազում է տրավմայի ենթարկվելու և արյուն կորցնելու հավանականությունը։ Բացի այդ, հիվանդը ավելի արագ է վերականգնվում։
◼ Տնային «տնտեսուհի»։ Պարզապես սեղմիր կոճակը և սկավառակի տեսք ունեցող փոշեկուլ–ռոբոտը կսկսի մաքրել քո տան հատակը։ Նա շարժվում է բաց տարածության մեջ, քայլում է պատերի կողքով և այդպիսով «ծանոթանում է» սենյակին։ Ռոբոտը կարողանում է նաև նկատել աստիճանները և հեռու մնալ դրանցից։ Երբ ավարտում է սենյակի մաքրությունը, նա ավտոմատ կերպով կանգ է առնում ու վերադառնում է վերալիցքավորվելու։ Այժմ ավելի քան երկու միլիոն այսպիսի ռոբոտներ գործածության մեջ են։
◼ «Տիեզերագնաց»։ Վեց անիվ ունեցող շարժական ռոբոտը, որը կոչվում է «Ոգի», հետազոտում է Մարսի մակերևույթը։ Այդ ռոբոտի ձեռքին ամրացված են հատուկ գործիքներ, որոնց միջոցով հետազոտող ապարատը ուսումնասիրում է հողի և քարերի բաղադրությունը։ Օգտագործելով իր վրա տեղադրված լուսանկարչական ապարատները՝ «Ոգին» նկարում է ավելի քան 88 500 կադր, այդ թվում մոլորակի տարածքը, փոսերը, ամպերը, փոշոտ փոթորիկները և մայրամուտը։ Ներկայումս այն Մարսի վրա ուսումնասիրություններ կատարող ապարատներից մեկն է։
◼ «Փրկարար»։ Առևտրի համաշխարհային կենտրոնների այրվող փլատակների տակ են մտնում Ֆուտբոլի գնդակի չափ 17 փրկարար–ռոբոտներ, որպեսզի գտնեն կենդանի մնացած մարդկանց։ Այդ ժամանակից սկսած՝ գիտնականները մշակել են ավելի զարգացած մոդելներ։ Դրանցից մեկը պատկերված է ներքևի նկարում։
◼ «Ջրասույզ»։ Գիտնականները ջրի տակ աշխատանքներ կատարող մեքենաների օգնությամբ, որոնք ինքնուրույն են ղեկավարվում, կարողանում են ուսումնասիրել երկրագնդի միակ չհետազոտված տարածքը՝ օվկիանոսը։ Այս ռոբոտ–մեքենաները աշխատում են ինքնուրույն և ավտոմատ ռեժիմով։ Նրանք իրականացնում են «փնտրել–բացահայտել» օպերատիվ աշխատանքներ, ստուգում են ստորջրյա հաղորդալարերը, ուսումնասիրում են կետերին և փնտրում են օվկիանոսում եղող ականները։
Տարբերվո՞ւմ են մարդկանցից
Դարեր շարունակ մարդը երազել է ստեղծել մարդանման ռոբոտ։ Սակայն այդ երազանքը շատ դժվար էր իրականություն դարձնել։ Մի պարբերագրում այս առնչությամբ ասվում է. «Գերհամակարգիչներ ստեղծելը, երկնաքերներ կառուցելը և մի ամբողջ քաղաք նախագծելն ավելի հեշտ է, քան այնպիսի մեքենա ստեղծելը, որը կարողանա մարդու պես շարժվել, ունենա արհեստական տեսողություն, հոտառություն, լսողություն, շոշափելիք, ինչպես նաև մարդու ինտելեկտի նման մի բան» («Business Week»)։
Տեսնենք, թե ինչպես է ստեղծվել առաջին հայացքից հեշտ թվացող մարդանման ռոբոտը, որը կարողանում է քայլել։ 11 տարի անընդմեջ խոր ուսումնասիրություններ կատարելուց և միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո 1997 թ. սեպտեմբերին ճապոնացի ինժեներների ջանքերը հաջողությամբ պսակվեցին։ Այդ ժամանակից սկսած՝ վերջիններս այնքան կատարելագործեցին մարդանման ռոբոտներին, որ դրանք այսօր կարողանում են աստիճաններ բարձրանալ, վազել, պարել, սկուտեղի վրա որևէ բան մատուցել, սայլակ հրել և նույնիսկ ինքնուրույն վեր կենալ, եթե վայր են ընկել։
Ռոբոտների ապագան
ԱՄՆ–ի Աստղանավորդության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունը ներկայումս «տիեզերագնաց– ռոբոտ» ստեղծելու աշխատանքներ է տանում, որը ի վիճակի կլինի տիեզերքում վտանգավոր գործողություններ կատարելու։ Համակարգչային տեխնիկայի առաջատար Բիլլ Գեյթսը ասում է, որ հավանաբար «ռոբոտները կարևոր դեր կխաղան ֆիզիկական օգնություն ցույց տալու և նույնիսկ ծերերին հոգ տանելու հարցում»։
Իսկ Ճապոնիայի կառավարությունը կանխատեսում է, որ 2025 թ.–ին ռոբոտները կապրեն մարդկանց հետ, հոգ կտանեն ու կխնամեն երեխային և տնային առօրյա գործեր կանեն։ Գիտնականները հույս ունեն 2050 թ.–ին ստեղծել ռոբոտներից բաղկացած ֆուտբոլի թիմ, որը կխաղա ֆուտբոլիստների հետ և կհաղթի։ Նրանք նաև կարծում են, թե տասնամյակներ հետո ռոբոտների ուղեղը կգերազանցի մարդկային ուղեղը։
Այս կանխատեսումներն ապշեցնող են, այդուհանդերձ, ոչ բոլորն են հավատում գիտնականներին։ Ջորդան Փոլակը, որը համակարգչային ծրագրերի միջոցով ուսումնասիրում է ռոբոտների «բանականությունը», ասում է. «Մենք լիովին թերագնահատում ենք այն հանգամանքը, որ կենդանի օրգանիզմները բարդ կառուցվածք ունեն»։
Մենք չգիտենք, թե ինչ ապագա կունենան ռոբոտները։ Սակայն մի բան հստակ է. սեր, իմաստություն, արդարություն և զորություն դրսևորելու կարողությունը հատուկ է միմիայն մարդկանց։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը պարզորոշ նշում է, որ ի տարբերություն մյուս կենդանի արարածների՝ միայն մարդն է ստեղծված Աստծու պատկերով (Ծննդոց 1։27)։ Մարդիկ օժտված են զգացմունքներով և նման չեն հաշվիչ մեքենաների։ Նրանք ազատ բանական էակներ են և ստեղծված են Աստծուն երկրպագելու կարողությամբ։ Մի՞թե այս ամենը չի մղում մեզ մոտենալու մեր Արարչին՝ Եհովա Աստծուն (Հակոբոս 4։8)։
[Նկար/թույլտվությամբ 24-րդ էջի վրա]
Courtesy Aaron Edsinger
Courtesy OC Robotics
[Նկար/թույլտվությամբ 25-րդ էջի վրա]
Courtesy AIST
© 2008 Intuitive Surgical, Inc.
Courtesy iRobot Corp.
[Նկար/թույլտվությամբ 26-րդ էջի վրա]
Top: NASA/JPL-Solar System Visualization Team; left: NASA/JPL/Cornell University
© The RoboCup Federation
Greg McFall/NOAA/Gray’s Reef National Marine Sanctuary
[Նկար/թույլտվությամբ 27–րդ էջի վրա]
© 2007 American Honda Motor Co., Inc.