Քուն որքանո՞վ է այն կարևոր
● Ըստ վերջին տվյալների՝ Հյուսիսային Ամերիկայի բնակիչներն ընդհանուր առմամբ գիշերը քնում են յոթից յոթուկես ժամa։ Իսկ որքանո՞վ է կարևոր քունը։ Գիշերվա քնի ժամանակ պարբերաբար կրկնվում է այսպես կոչված արագ քնի փուլը, որը տևում է 60–90 րոպե և ուղեկցվում է ակնագնդերի արագ շարժումներով։ Այդ ընթացքում ուղեղը բավականին ակտիվ է և, ինչպես գիտնականներն են կարծում, այն ինչ-որ ձևով ինքնակարգավորվում է։ Որոշ մասնագետների կարծիքով՝ երբ քնի ցիկլը խախտվում է և քունը փախչում է, օրգանիզմում ուժեղ լարվածություն է կուտակվում։ Դա ազդում է ուղեղի կենսագործունեության վրա, որն էլ հանգեցնում է աշխատունակության նվազեցման և մի շարք առողջական խնդիրների։
Որոշ նյութեր, ինչպես օրինակ՝ կոֆեինը, կարող են միառժամանակ արգելակել այն քիմիական միացությունների արտադրությունը, որոնք ազդարարում են քնի ժամանակը։ Բայցևայնպես, քնի պակասի դեպքում մեր ուղեղում գործող մի մեխանիզմ ստիպում է օրգանիզմին քնել, և արդյունքում առաջ է գալիս այսպես կոչված կարճատև քունը։ «Տորոնտո սթար» թերթը նշում է. «Անկախ այն բանից, թե ինչով եք դուք զբաղված, ձեր ուղեղը, որի քունն ընդհատվել է, պարբերաբար մտնելու է քնի սկզբնական փուլ, որը տևում է տասը վայրկյանից մինչև մեկ րոպե և ավել»։ Պատկերացրեք, որ ավտոմեքենա եք վարում ժամում 50 կիլոմետր արագությամբ և տասը վայրկյանով մտնում եք կարճատև քնի մեջ։ Այդ ժամանակահատվածում դուք կանցնեիք ֆուտբոլի դաշտի երկարության չափ տարածք։ Մասնագետները նշում են նաև, որ եթե բավարար չափով չքնենք, ապա մեր իմունային համակարգը կթուլանա, քանի որ հենց քնի ժամանակ են օրգանիզմում արտադրվում T-բջիջները, որոնք պայքարում են ախտածին միկրոօրգանիզմների դեմ։ Քնի ընթացքում օրգանիզմում արտադրվում է նաև լեպտին հորմոնը, որը նպաստում է ախորժակի կարգավորմանը։ Իրոք, մեր օրգանիզմի համար քունը այնքան կարևոր է, որքան ֆիզիկական վարժություններն ու սննդարար կերակուրը։
Արտաժամ աշխատանքը ձեր քնի հաշվի՞ն եք կատարում։ Չափից ավելի՞ եք անհանգստանում այն պատճառով, որ ապագայի համար բավարար ապրուստ չեք կուտակել։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Աշխատավորի քունը քաղցր է, անկախ նրանից՝ նա շատ է ուտում, թե քիչ, բայց հարուստի առատ ունեցվածքը չի թողնում, որ նա քնի» (Ժողովող 5։12)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Որքանո՞վ է վտանգավոր քնի պակասը» հոդվածաշարը «Արթնացե՛ք»-ի 2004թ. փետրվարի 8-ի համարում (անգլ., ռուս.)։