Երիտասարդները հարցնում են
Ինչպե՞ս բավականություն ստանամ Աստվածաշնչի ուսումնասիրությունից
Արժե՞ Աստվածաշունչ կարդալ։ Մտածիր այսպես։
Աստվածաշունչը կարող է օգնել քեզ գանձեր գտնելու։ Այս ամենահայտնի գիրքը
● կօգնի քեզ նախապատրաստվելու լավագույն կյանքի
● կպատմի քեզ անցյալի մասին, ինչպես նաև ապագայի, ինչը դու այլ կերպ չէիր իմանա
● կօգնի ճանաչելու ինքդ քեզ և ավելի լավ անձնավորություն դառնալուa։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ուսումնասիրությունը թեև ջանքեր է պահանջում, սակայն մեծ օգուտներ է բերում։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե որոշ երիտասարդներ ինչպես են ուսումնասիրություն անում։ Կտրիր և ծալիր հաջորդ էջը։ Կարդալով այս չորս էջանոց թուղթը՝ դու կիմանաս, թե ինչպես են քո հասակակիցները հաղթահարում դժվարությունները և մեծ օգուտներ քաղում իրենց անձնական ուսումնասիրությունից։
«Բոլորն էլ կարող են Աստվածաշնչում գտնել մի բան, որ կհետաքրքրի իրենց։ Ուսումնասիրության հնարավորություններն անսահման են» (Վալերիա)b։
«Երիտասարդները հարցնում են» խորագրից այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։
[ծանոթագրություններ]
a Այս մասին ավելի շատ բան իմանալու համար կարող ես դիմել տեղի Եհովայի վկաներին կամ գրել այս պարբերագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով։
b Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։
[շրջանակ/նկար 19 և 20-րդ էջերի վրա]
ԻՆՉՊԵՍ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Խնդիր ՉԿԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
«Միշտ չէ, որ ուզում եմ նստել ու մի ժամ անձնական ուսումնասիրություն անել» (Լենա)։
Ինչ է անհրաժեշտ ՄՂԻՉ ՈՒԺ
Ուսումնասիրությունից հաճույք ստանալու համար պետք է պատասխանես հետևյալ հարցին՝ ի՞նչ օգուտ կա դրանից։ Ցանկանո՞ւմ ես Աստծու հետ ընկերություն անել, ավելի շատ բան իմանալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ավելի լավ անձնավորություն դառնալ։ Աստվածաշունչը կօգնի քեզ այս և շատ ուրիշ հարցերում։
«Մի մտածիր, որ դա աշխատանք է կամ դպրոցի դաս։ Ընդհակառակը՝ մտածիր, որ դա քո ամենամեծ Ընկերոջ՝ Եհովա Աստծու հետ մտերմանալու միջոց է» (Բեթանի)։
«Անձնական ուսումնասիրությունը այն ժամն է, որ դու Եհովա Աստծու հետ ես անցկացնում։ Օրինակ՝ եթե շփվում ես մեկի հետ միայն ծնողներիդ ներկայությամբ, կարելի՞ է ասել, որ այդ մարդը քո ընկերն է։ Եհովան կդառնա քո ընկերը, եթե ինքդ շփվես նրա հետ անձնական ուսումնասիրության միջոցով» (Բիանկա)։
Հիշիր։ «Սուրբ Գրքում գրված ամեն բան Աստծու Խոսքն է։ Այն օգտակար է սովորեցնելու, մարդկանց օգնելու, ուղղելու համար և ցույց տալու, թե ինչպես ապրել» (2 Տիմոթեոս 3։16; «Ժամանակակից անգլերեն թարգմանություն»)։ Աստվածաշունչը կօգնի քեզ նաև այս հարցում։
«Ես փորձում եմ կենտրոնանալ օգուտների վրա։ Եթե ինչ-որ բանում թերանում եմ, ուսումնասիրությունը օգնում է տեսնելու խնդիրը և փոխվելու» (Մաքս)։
Մտածիր
Ո՞րն է անձնական ուսումնասիրության քո մղիչ ուժը։
Խնդիր ՁԱՆՁՐԱԼԻ Է
«Ուսումնասիրությունից 10 րոպե հետո սկսում եմ հոգնել, իսկ 20 րոպե հետո ուզում եմ ուրիշ բանով զբաղվել, 30 րոպե հետո ահավոր ձանձրանում եմ» (Ալիսոն)։
Ինչ է անհրաժեշտ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Գործի դիր երևակայությունդ՝ անկախ նրանից, թե ինչ ես ուսումնասիրում, ինչպես ես ուսումնասիրում կամ որտեղ ես ուսումնասիրում։
«Ժամանակ հատկացրու խորությամբ հետազոտելու քեզ հուզող հարցերը։ Երբ ուսումնասիրում ես քեզ հետաքրքրող որևէ բան, վերջում բավականություն ես ստանում, նույնիսկ ուրախանում» (Ռիչարդ)։
«Ինչ-որ բան կարդալիս փորձիր քեզ պատկերացնել այդ դրվագում։ Պատկերացրու քեզ գլխավոր կերպարի դերում կամ դիտորդի, որը հետևում է դեպքերի զարգացմանը։ Փորձիր այդ ամենին քո աչքերով նայել» (Ստիվեն)։
«Ուսումնասիրությունը հաճելի դարձրու։ Նստիր այգում և կողքդ մի բաժակ հյութ դիր։ Կարծում եմ, որ բոլորին է հաճելի, երբ սեղանին մրգեր կամ նման այլ բաներ կան» (Ալեքսանդրա)։
Հիշիր։ «Ձանձրալի է» կարծիքը սոսկ կարծիք է, ոչ թե իրականություն։ Փոխանակ ասելու «ուսումնասիրությունը ձանձրալի է»՝ ասա «ես եմ ձանձրանում ուսումնասիրությունից»։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես ես վերաբերվում ուսումնասիրությանը։ Այդպես կվերահսկես քեզ և կկարողանաս համապատասխան քայլեր ձեռնարկել (Առակներ 2։10, 11)։
«Անձնական ուսումնասիրությունը ձանձրալի չէ։ Ամեն բան քեզնից է կախված. եթե ուզում ես ձանձրալի լինի, կլինի, եթե ուզում ես հաճելի լինի, այդպես կլինի» (Վանեսա)։
Մտածիր
Ինչպե՞ս կարող ես ստեղծագործական մոտեցում ունենալ ուսումնասիրության հանդեպ։
Խնդիր ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
«Կուզեի ավելի հաճախ ուսումնասիրել, բայց զբաղված գրաֆիկ ունեմ և ամենամեծ խնդիրը ժամանակ գտնելն է» (Մարիա)։
Ինչ է անհրաժեշտ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հասուն դառնալ նաև նշանակում է սովորել, թե ինչպես «հավաստիանալ՝ ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։
«Մայրս օգնել է ինձ հասկանալու, որ ավելորդ ժամանակ երբեք չեմ ունենա։ Պետք է ինքս ժամանակ գտնեմ։ Երբ ջանք թափեցի, տեսա, որ ստացվում է» (Նատանյա)։
«Երբ մեծացա, հասկացա, որ պետք է նախապես պլանավորեմ ուսումնասիրության համար հատկացված ժամանակը և ինչ էլ լինի, հետևեմ գրաֆիկիս» (Յոլանդա)։
«Եթե ուսումնասիրությունը զվարճությունից առաջ դնես, վստահեցնում եմ, որ ավելի շատ հաճույք կստանաս և հետո զվարճանալիս խիղճդ չի տանջի» (Դայանա)։
Հիշիր։ Եթե առաջնահերթություններ չդնես, չես կարող վերահսկել ժամանակդ և կդառնաս նրա գերին։ Ավելի լավ է նախաձեռնություն վերցնես և ժամանակ հատկացնես ուսումնասիրությանը (Եփեսացիներ 5։15, 16)։
«Քանի որ դպրոցում եմ սովորում, հեշտությամբ տարվում եմ այլ բաներով։ Բայց գիտակցաբար ջանք եմ թափում, որ անձնական ուսումնասիրությունը իմ գրաֆիկում առաջին տեղում լինի» (Ջորդան)։
Մտածիր
Ուսումնասիրության ի՞նչ գրաֆիկ կարող ես կազմել։
[շրջանակ/նկարներ 19-րդ էջի վրա]
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՔՈ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՑ
Զաքարի. «Պետք չէ ուսումնասիրել այն, ինչ քո ծնողները կամ ուրիշներն են ուսումնասիրում։ Անձնական ուսումնասիրությունը այն է, ինչ դու ես ցանկանում սովորել»։
Կելի. «Քչից սկսիր։ Եթե կարող ես միայն հինգ րոպե տրամադրել, այդպես արա, բայց ամեն օր։ Հետո քիչ-քիչ ավելացրու. 10 րոպե, 15 րոպե....։ Կտեսնես, որ հաճույք կստանաս ուսումնասիրությունից»։
Դանիելա. «Փոքր բաները նույնպես մեծ դեր ունեն։ Օրինակ՝ ձեռքիդ տակ ունեցիր տարբեր գույների գրիչներ, տետր կամ համակարգչիդ մեջ բացիր մի ֆայլ՝ անվանելով այն «անձնական ուսումնասիրություն»»։
Ջորդան. «Եթե ինձ հետաքրքրող թեմա եմ ընտրում, կարողանում եմ ավելի երկար ուսումնասիրել։ Դրա համար ինձ հանգիստ պայմաններ են պետք։ Չեմ կարողանում ուսումնասիրություն անել, երբ շուրջս աղմկում են»։