Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/12 էջ 4–7
  • Ինչո՞ւ են մարդիկ այսքան ագրեսիվ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ են մարդիկ այսքան ագրեսիվ
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ծնողների օրինակը
  • Խիտ բնակեցված քաղաքներ
  • Տնտեսական ծանր պայմաններ
  • Նախապաշարում և անարդարություն
  • Զվարճությունների արդյունաբերությունը
  • Չար ոգիների ազդեցությունը
  • Դիմադրիր
  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում բարկության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ի՞նչ աստիճանի են մարդիկ բարկացած
    2012 Արթնացե՛ք
  • Զսպիր բարկությունդ
    2012 Արթնացե՛ք
  • «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը»
    2014 Դիտարան
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 3/12 էջ 4–7

Ինչո՞ւ են մարդիկ այսքան ագրեսիվ

ԱԳՐԵՍԻԱՅԻ պատճառները այդքան էլ հասկանալի չեն։ Անգամ հոգեբանները չեն կարողանում լիարժեքորեն հասկանալ, թե ինչ է ագրեսիան։ Սակայն ընդհանուր առմամբ հոգեբույժները համաձայն են, որ բոլորս էլ ինչ-որ չափով հակված ենք բարկանալու։

Հուզական հակազդումները կամ պոռթկումները կարող են ֆրուստրացիայի և բարկության հետևանք լինել։ Հաճախ այս հակազդումները առաջ են գալիս, երբ անարդարություն է լինում կամ անհատը իրեն անտեսված է զգում, օրինակ՝ վիրավորանքի, արժանապատվության ոտնահարման դեպքում։ Անհատը կարող է բարկանալ նաև, երբ որևէ մեկը սպառնում է իրեն կամ արատավորում իր հեղինակությունը։

Ինչ խոսք, տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են բարկանում։ Դա կախված է սեռից, տարիքից, անգամ մշակույթից։ Հակազդումները նույնպես տարբեր են լինում։ Ոմանք հազվադեպ են բարկանում և արագ են հաղթահարում վիրավորանքը, մինչդեռ ուրիշները հեշտությամբ են բռնկվում և գուցե օրեր, շաբաթներ, ամիսներ կամ ավելի երկար մնան բարկացած վիճակում։

Մեր միջավայրում, ինչ խոսք, բարկանալու հնարավոր իրավիճակներ շատ կան։ Եվ գուցե նման իրավիճակներում մեր զգացողությունը ավելի սրվի։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը անմտությունն է, սեփական ես-ը պաշտպանելը։ Աստվածաշունչը նշում է. «Վերջին օրերում.... մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ.... համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Մի՞թե այս խոսքերը ճշգրտորեն չեն նկարագրում այսօրվա մարդկանցից շատերի վերաբերմունքը։

Իրականում, մարդու մեջ բարկություն առաջ է գալիս այն դեպքերում, երբ նա նպատակներ ունի, որոնց իրականացման ճանապարհին հանդիպում է խոչընդոտների։ Կան շատ այլ պատճառներ, թե ինչու են մարդիկ այս աստիճան ագրեսիվ։ Քննենք դրանցից մի քանիսը։

Ծնողների օրինակը

Ծնողները մեծ ազդեցություն ունեն երեխայի բնավորության ձևավորման և զարգացման վրա։ Հոգեբան Հարի Միլսը բացատրում է. «Մարդը շատ վաղ տարիքից է սովորում բարկանալ՝ ընդօրինակելով շրջակա միջավայրի մարդկանց ագրեսիվ վարքագիծը»։

Եթե երեխան մեծանում է բռնի միջավայրում, որտեղ մարդիկ կոպտորեն են արտահայտում իրենց բարկությունը անգամ փոքր խնդիրների դեպքում, ապա նա սովորում է ագրեսիվորեն արձագանքել կյանքի խնդիրներին։ Երեխայի այս հանգամանքը կարելի է նմանեցնել այն բույսին, որին ջրում են նեխած ջրով։ Գուցե բույսը աճի, բայց զարգացման պրոցեսը կարող է դանդաղել կամ նույնիսկ կանգնել։ Բարկությունը նման է այդ նեխած ջրին, և այն երեխաները, որոնք ենթարկվում են նման ազդեցության, չափահասության շրջանում ավելի շատ են հակված ագրեսիվ լինելու։

Խիտ բնակեցված քաղաքներ

1800 թվականին աշխարհի բնակչության մոտ 3 տոկոսն էր ապրում քաղաքներում։ 2008 թվականին այս թիվը հասավ 50 տոկոսի, իսկ 2050 թվականին այն կհասնի 70 տոկոսի։ Որքան շատ են մարդաշատ քաղաքները լցվում բնակիչներով, այնքան ագրեսիայի և ֆրուստրացիայի հավանականությունը մեծանում է։ Օրինակ՝ Մեխիկոն ամենամեծ և ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է աշխարհում։ Երթևեկության խցանումները անհանգստության հիմնական պատճառն են։ Մի ամսագրում նշվում է. «Ունենալով մոտ 18 միլիոն բնակիչ և 6 միլիոն մեքենա՝ Մեխիկոն կարող է համարվել աշխարհի ամենալարված մայրաքաղաքը։ Երթևեկությունը լարված է, ինչի արդյունքում բարկության պոռթկումները անխուսափելի են»։

Խիտ բնակեցված քաղաքները սթրեսի աղբյուր են նաև այլ առումով. աղտոտված օդ, աղմուկ, կացարանի խնդիր, մշակութային բախումներ, հանցագործության բարձր ցուցանիշներ։ Երբ սթրեսը գնալով շատանում է, մարդիկ ավելի շատ են բարկանում և իրենց համբերությունը հեշտությամբ են կորցնում։

Տնտեսական ծանր պայմաններ

Աշխարհում տնտեսական վիճակը գնալով վատանում է, ինչը համատարած սթրես և տագնապ է առաջ բերում։ Արժույթի միջազգային հիմնադրամի և ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 2010թ. հաշվետվության մեջ նշվում է. «Աշխարհում ավելի քան 210 միլիոն մարդ գործազուրկ է»։ Ցավոք, գործազուրկների մեծ մասը չունի խնայողություններ կամ չի ստանում գործազուրկների նպաստ։

Նրանք, ովքեր ունեն աշխատանք, նույնպես տագնապի մեջ են։ ԱՄԿ-ի տվյալների համաձայն՝ աշխատանքային սթրեսը «գլոբալ համաճարակ» է։ «Մարդիկ վախենում են իրենց աշխատանքը կորցնելուց և հակված են մտածելու ամենավատը»,— ասում է Լորն Կուրտիսը՝ Օնտարիոյի (Կանադա) մենեջմենտի գծով խորհրդատուն։ Նա նաև նշում է, որ դա հանգեցնում է այն բանին, որ «նրանք պաշտպանողական դիրք են բռնում և հակում են ձեռք բերում վիճելու իրենց տնօրենի կամ գործընկերների հետ»։

Նախապաշարում և անարդարություն

Պատկերացրու՝ դու պետք է մասնակցես քայլքի մրցման, սակայն ոտքերդ շղթայված են։ Ի՞նչ կզգաս։ Միլիոնավոր մարդիկ հենց այդպիսի զգացողություն են ունենում, երբ բախվում են ռասիզմի կամ նախապաշարման այլ ձևերի։ Մարդիկ ագրեսիվ են դառնում, երբ հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք սահմանափակում են աշխատանքի, կրթության, կացարան ունենալու և այլ անհրաժեշտ բաներից օգտվելու հնարավորությունները։

Անարդարության այլ դրսևորումները նույնպես կարող են կոտրել անհատին և էմոցիոնալ մեծ ցավ պատճառել։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ մեզնից շատերն են անարդարության զոհ դառնում։ Ավելի քան երեք հազար տարի առաջ իմաստուն Սողոմոն թագավորը ասաց. «Տեսա կեղեքվածների արցունքները, բայց նրանք մխիթարող չունեին» (Ժողովող 4։1)։ Երբ անարդարությունը շատ է, բայց մխիթարությունը քիչ, անհատը կարող է հեշտությամբ ագրեսիվ դառնալ։

Զվարճությունների արդյունաբերությունը

Հազարավոր ուսումնասիրություններ են արվել՝ իմանալու, թե ինչ ազդեցություն է թողնում հեռուստատեսությամբ և մեդիայի այլ ձևերով ցուցադրվող բռնությունը երեխաների վրա։ Ջեյմս Պ. Ստիերը՝ «Առողջ մեդիա» կազմակերպության հիմնադիրը, ասում է. «Այն սերունդը, որը անընդհատ ենթարկվում է ուժգին և ռեալ բռնության, մեծանում է ագրեսիայի հանդեպ ավելի մեծ հանդուրժողականությամբ, դաժանության հանդեպ ավելի քիչ հակազդեցությամբ և ավելի քիչ կարեկցանքով»։

Ճիշտ է, պատանիների մեծ մասը, ովքեր կանոնավորաբար բռնություն են դիտում հեռուստատեսությամբ, չի դառնում վայրագ հանցագործ։ Սակայն զվարճությունների արդյունաբերությունը հաճախ բռնի բարկությունը ներկայացնում է որպես հակառակությունը դիմագրավելու ընդունելի ձև, և արդյունքում առաջ է գալիս նոր սերունդ, որը զգայունակ չէ բռնության նկատմամբ։

Չար ոգիների ազդեցությունը

Աստվածաշունչը բացահայտում է, որ մեր օրերի ագրեսիայի հետևում անտեսանելի մի ուժ է կանգնած։ Ինչպե՞ս։ Մարդկության պատմության սկզբում մի ըմբոստ ոգեղեն արարած դուրս եկավ Ամենակարող Աստծու դեմ։ Այդ ոգեղեն արարածը կոչվում է Սատանա, որը եբրայերեն նշանակում է «հակառակորդ» (Ծննդոց 3։1–13)։ Հետագայում Սատանան այլ հրեշտակների էլ դրդեց ըմբոստության։

Այդ անհնազանդ հրեշտակները չար ոգիներ են, կամ՝ դևեր, որոնք բնակվում են երկրի մերձակայքում (Հայտնություն 12։9, 10, 12)։ Ավելին, նրանք «մեծ բարկությամբ» են լցված՝ իմանալով, որ քիչ ժամանակ է իրենց մնացել։ Թեև մենք չենք տեսնում այդ չար ոգիներին, սակայն նրանց գործելակերպի ազդեցությունը կարող ենք զգալ։ Ինչպե՞ս։

Սատանան և նրա դևերը, օգտվելով մեր մեղավոր հակումներից, փորձում են ներքաշել մեզ «թշնամությունների, պառակտումների, խանդի, զայրույթի պոռթկումների, վեճերի, բաժանումների.... խրախճանքների և նման բաների» մեջ (Գաղատացիներ 5։19–21)։

Դիմադրիր

Քննելով վերոնշյալ պատճառները՝ հասկանում ենք, թե ինչու են մարդիկ իրենց առօրյա կյանքում այսքան ագրեսիվ։

Բարկանալու կամ բարկությունը արտահայտելու ցանկությունը կարող է ուժգին լինել։ Սակայն հաջորդ հոդվածը ցույց է տալիս, որ այդպես վարվելը վտանգավոր է։

[շրջանակ 5-րդ էջի վրա]

ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ...

▶ Բարկանում ես խանութում հերթի մեջ սպասելիս։

▶ Հաճախ ես գործընկերներիդ հետ վիճում։

▶ Երբեմն գիշերը արթնանում ես և բարկացած մտածում օրվա ընթացքում տեղի ունեցած բաների մասին, որոնք քեզ անհանգստացրել են։

▶ Դժվարանում ես ներել նրանց, ովքեր վիրավորել են քեզ։

▶ Հաճախ ես կորցնում ինքնատիրապետումդ։

▶ Բարկանալուց հետո հաճախ ամոթ և ափսոսանք ես զգումa։

[ծանոթագրություն]

a Այս տեղեկությունը վերցված է MentalHelp.net կայքից։

[շրջանակ 6-րդ էջի վրա]

ԱԳՐԵՍԻԱՆ՝ ԹՎԵՐՈՎ

Լոնդոնի Մտավոր առողջության հիմնադրամի հաշվետվության վիճակագրական տվյալները (Boiling Point— Problem Anger and What We Can Do About It)։

Մարդկանց 84 տոկոսը աշխատավայրում այսօր ավելի շատ սթրես է ունենում, քան հինգ տարի առաջ։

Գրասենյակային աշխատանք կատարողների 65 տոկոսը օֆիսային կատաղություն է ունենում։

Աշխատողների 45 տոկոսը կանոնավորաբար հունից դուրս է գալիս իրենց աշխատավայրում։

Մինչև 60 տոկոս մարդկանց աշխատանքից բացակայելու պատճառը սթրեսն է։

Բրիտանացիների 33 տոկոսը չի խոսում հարևանների հետ։

Հարցվողների 64 տոկոսը նշել է, որ համաձայն է կամ միանշանակ համաձայն է, որ մարդիկ առհասարակ գնալով ագրեսիվ են դառնում։

32 տոկոսը նշում է, որ ունի առնվազն մի մտերիմ ընկեր կամ ընտանիքի անդամ, որը չի կարողանում զսպել իր բարկությունը։

[նկար 5-րդ էջի վրա]

Ինչպե՞ս կազդեն քո բարկության պոռթկումները երեխաներիդ վրա

[նկար 6-րդ էջի վրա]

Զվարճությունների աշխարհը փոխո՞ւմ է ագրեսիայի վերաբերյալ քո տեսակետը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը