ԱՇԽԱՐՀԸ ՔԱՈՍԻ ՄԵՋ Է
1 | Առողջություն
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ
Ճգնաժամային իրավիճակները և աղետները կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել մարդկանց առողջության վրա։
Աղետալի իրավիճակներում մարդիկ սթրեսի մեջ են հայտնվում, իսկ երկարատև սթրեսը նրանց խոցելի է դարձնում հիվանդությունների նկատմամբ։
Առողջապահական համակարգը կարող է ծանրաբեռնվել, իսկ բժշկական ռեսուրսները հնարավոր է՝ սահմանափակ դառնան։
Մարդիկ հաճախ ֆինանսական խնդիրներ են ունենում և երբեմն նույնիսկ դժվարանում հոգալ իրենց առաջնային կարիքները, ինչպիսիք են, օրինակ, սնունդն ու դեղորայքը։
Կարևոր է իմանալ
Ծանր հիվանդությունը կամ սթրեսը կարող են ազդել մարդու դատողության վրա, ինչի պատճառով նա կարող է անտեսել իր առողջությունը և ավելի վատ վիճակում հայտնվել։
Չբուժելու դեպքում հիվանդությունը կարող է սրվել և անգամ վտանգել մարդու կյանքը։
Որքան առողջ լինեք, այնքան ձեզ համար հեշտ կլինի ճիշտ որոշումներ կայացնել դժվար իրավիճակներում։
Ձեր առողջությունը պահպանելու համար պարտադիր չէ, որ ֆինանսապես ապահովված լինեք։
Ի՞նչ կարող եք անել հիմա
Խելամիտ մարդը հնարավորության դեպքում հաշվի է առնում հավանական վտանգները և կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում։ Սա վերաբերում է նաև առողջությանը։ Հետևելով հիգիենային՝ հաճախ կարելի է նվազագույնի հասցնել հիվանդանալու ռիսկը, իսկ հիվանդանալու դեպքում՝ խուսափել հիվանդության ծանր ընթացքից։ Ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։
«Մաքուր պահելով մեզ և մեր շրջակայքը՝ կխնայենք այն միջոցները, որոնք պետք է ծախսեինք բուժման և դեղորայքի վրա» (Անդրեաս)։a
a Այս ամսագրում որոշ անուններ փոխված են։