ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ ԿԱՊՐԻ՞
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ
ԿՅԱՆՔԸ Երկիր մոլորակի վրա անհնար կլիներ առանց ջրի, հատկապես խմելու ջրի։ Իրականում բոլոր կենդանի օրգանիզմների ամենամեծ բաղադրիչը ջուրն է։ Լճերը, գետերը, ջրաճահճային հողերը և ստորերկրյա ջրերը մարդկանց ու կենդանիներին ապահովում են խմելու ջրով և հնարավորություն են տալիս ոռոգելու բույսերը։
Խմելու ջրին սպառնացող վտանգներ
Մեր մոլորակի մեծ մասը ծածկված է ջրով։ Սակայն, ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, «Երկրի վրա եղած ջրի ընդամենը 0,5%-ն է խմելու համար պիտանի և հասանելի»։ Թեև այս համեմատաբար քիչ պաշարը պետք է բավարար լինի երկրի վրա կյանքի գոյության համար, սակայն դրա մեծ մասը աղտոտվում և անհասանելի է դառնում պահանջարկի աճի ու կլիմայական փոփոխությունների պատճառով։ Փորձագետները կանխատեսում են, որ մոտակա 30 տարվա ընթացքում հինգ միլիարդ մարդ բավարար չափով խմելու ջուր չի ունենա։
Երկիրը ստեղծված է ինքնավերականգնվելու կարողությամբ
Երկիրն ունի բնական պրոցեսներ, որոնց շնորհիվ ջրի պաշարները չեն անհետանում։ Բացի այդ՝ ջուրը մաքրվում է հողի, ջրային կենդանիների ու բույսերի, ինչպես նաև արևի լույսի համատեղ «աշխատանքի» միջոցով։ Քննենք մի քանի փաստեր, որոնք ցույց են տալիս, որ մեր մոլորակը ստեղծված է ինքնավերականգնման կարողությամբ։
Ապացուցվել է, որ հողը կարող է ջուրը մաքրել աղտոտող նյութերից։ Ջրաճահճային հողերում կան որոշ բույսեր, որոնք ազոտը, ֆոսֆորը և թունաքիմիկատները հեռացնելու հատկություն ունեն։
Գիտնականները հայտնաբերել են ֆիզիկական և կենսաբանական գործընթացներ, որոնց շնորհիվ բնության մեջ ջուրը մաքուր է մնում։ Հոսող ջրում աղտոտող նյութերը տարրալուծվում են, իսկ միկրոօրգանիզմները քայքայում են դրանք։
Քաղցրահամ ջրերում բնակվող կակղամորթերը և երկփեղկավոր փափկամարմինները ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարող են ջուրը մաքրել քիմիական վնասակար նյութերից, և թերևս ավելի լավ են անում դա, քան ջուրը մաքրող բույսերը։
Ջրի շրջապտույտի միջոցով մեր մոլորակը առանց ջրի չի մնում։ Այս շրջապտույտի և բնական այլ գործընթացների արդյունքում մեզ շրջապատող մթնոլորտից ջուրը չի անհետանում։
Ինչ է արվում խնդիրը լուծելու համար
Խուսափելով յուղերի արտահոսքից և թունավոր նյութերը ճիշտ ձևով հեռացնելով՝ մաքուր ենք պահում խմելու ջրի աղբյուրները
Փորձագետները խորհուրդ են տալիս, որ ջուրը խնայողաբար օգտագործենք։ Ջրի աղտոտումը նվազեցնելու համար նրանք նաև հորդորում են կանխել մեր մեքենաների յուղի արտահոսքը, դեղամիջոցներն ու թունավոր նյութերը չգցել զուգարանակոնքի կամ լվացարանի մեջ։
Ինժեներները գտել են ծովի ջուրը աղազրկելու յուրահատուկ մեթոդներ, որոնց նպատակը խմելու ջրի քանակն ավելացնելն է։
Բայց ավելին է հարկավոր անել։ Աղազրկումը լավագույն լուծումը չէ, քանի որ այն մեծ ծախսեր և էներգիա է պահանջում։ Խմելու ջրի մասին Միավորված ազգերի կազմակերպության 2021 թվականի զեկույցում նշվում է, որ այս խնդրի լուծման համար ներդրվող ջանքերը «համաշխարհային մասշտաբով պետք է կրկնապատկել»։
Իրական հույս. ինչ է ասում Աստվածաշունչը
«Աստված.... վեր է բարձրացնում ջրի կաթիլները. դրանք անձրևի տեսքով ասես քամոցի միջով անցնում են, որ նրա մառախուղը դառնան, այնպես որ ամպերից ջուր է կաթկթում, և ամպերը առատապես թափում են մարդկանց վրա» (Հոբ 36։26-28)։
Աստված ստեղծել է բնական շրջապտույտները, որոնք պահպանում են ջրի պաշարները (Ժողովող 1։7)։
Մտածեք. եթե Արարիչը ստեղծել է ջրի մաքրման գործընթացները, մի՞թե տրամաբանական չէ, որ նա թե՛ ցանկություն, թե՛ զորություն ունի վերացնելու այս կենսական ռեսուրսին պատճառած մարդու վնասները։ Կարդացեք «Աստված խոստանում է, որ մեր մոլորակը կապրի» հոդվածը էջ 15-ում։