ԳՆԱՃ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ
Լիահույս եղեք
Ձեր երկրում ամեն ինչ այնքան է թանկացել, որ ձեր եկամուտը այլևս չի՞ բավականացնում։ Մտահոգվո՞ւմ եք, թե ինչպես եք հոգալու ձեր և ձեր ընտանիքի կարիքները։ Եթե այո, ապա հնարավոր է, որ ապագան ձեզ անորոշ թվա։ Բայց նույնիսկ այդպիսի հանգամանքներում կարևոր է հույսով նայել ապագային։
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
Հույս ունենալը լոկ լավատեսություն չէ։ Այն ուժ է տալիս, որ գործի լծվենք և եղած հանգամանքներում լավագույնն անենք։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լիահույս մարդիկ՝
դժվարությունների ժամանակ հիմնականում անկոտրում են մնում,
ավելի հեշտ են հարմարվում փոփոխություններին,
կյանքում ավելի լավ որոշումներ են կայացնում և այնպիսի կենսակերպ են վարում, որը նպաստում է իրենց առողջությանը։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Առաջին՝ ուշադրություն դարձրեք, թե Աստվածաշունչն ինչ խորհուրդներ է տալիս ներկայիս կյանքի համար։ Աստվածաշնչում գրված են գործնական սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ վարվել գնաճի պայմաններում։ Դրանց հետևելով՝ կկարողանաք ձեր կյանքի ղեկը ձեր ձեռքում պահել և ավելի պատրաստված կլինեք գալիք դժվարություններին։
Երկրորդ՝ ուշադրություն դարձրեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում ապագայի մասին։ Եթե ձեր կյանքում կիրառեք աստվածաշնչյան խորհուրդները ու տեսնեք, թե որքան իմաստուն են դրանք, կցանկանաք ավելին իմանալ այն մասին, թե ինչ է հայտնում այդ գիրքը ապագայի վերաբերյալ։ Օրինակ՝ այնտեղ ասվում է, որ Աստված ոչ միայն ուզում է, որ «լավ ապագա և հույս» ունենանք, այլև այդ հույսի իրականացման համար ամուր հիմք է դրել (Երեմիա 29։11)։ Այդ հիմքը Աստծու թագավորությունն է։
ԻՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
Աստծու թագավորությունը մի կառավարություն է, որը շուտով ողջ երկրագնդի իշխանությունը իր ձեռքն է վերցնելու (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Այն կառավարելու է երկնքից և վերջ է դնելու տառապանքին ու աղքատությանը։ Երկրի վրա խաղաղություն ու առատություն է լինելու։ Այդ ամենի մասին կարդում ենք ներքոհիշյալ համարներում։
Միլիոնավոր մարդիկ վստահում են այս խոստումներին, քանի որ համոզված են, որ Աստված «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Ուստի գուցե դուք էլ որոշեք անձամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Աստվածաշնչի տված հույսը կարող է ձեզ ուժով լցնել, որ դիմանաք տնտեսական դժվարություններին և վստահությամբ նայեք ապագային։