Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար
«Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ»,— հարցրեց Հոբը դարեր առաջ (Յոբ 14։14)։ Միգուցե դուք նույնպես խորհել եք այս հարցի շուրջը։ Ինչպիսի՞ զգացումներ կունենայիք, եթե իմանայիք, որ կա հնարավորություն վերամիանալու ձեր մահացած սիրելիի հետ ճիշտ այստեղ՝ երկրի վրա, լավագույն պայմանների ներքո։
Աստվածաշունչը խոստանում է. «Քո մեռելները պիտի կենդանանան.... [նրանք] պիտի կանգնեն»։ Այն նաև ասում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Եսայիա 26։19; Սաղմոս 37։29)։
Այսպիսի խոստումների առնչությամբ իրական վստահություն ունենալու համար հարկավոր է հետևյալ հիմնական հարցերի պատասխանները տալ. ինչո՞ւ են մարդիկ մահանում, որտե՞ղ են մահացածները և մենք ինչպե՞ս համոզված լինենք, որ նրանք կարող են կենդանանալ։
Մահը, և ի՞նչ է պատահում, երբ մահանում ենք
Աստվածաշունչը պարզաբանում է, որ Աստված նախապես մարդու համար մահ չէր ծրագրել։ Նա ստեղծեց մարդկային առաջին զույգին՝ Ադամին ու Եվային, բնակեցրեց նրանց Եդեմ կոչվող երկրային դրախտում, պատվիրեց, որ երեխաներ ունենան և իրենց դրախտային տունը տարածեն երկրով մեկ։ Նրանք կմահանային իր հրահանգներին չհնազանդվելու դեպքում միայն (Ծննդոց 1:28; 2:15—17)։
Աստծո բարության նկատմամբ ապերախտ գտնվելով՝ Ադամն ու Եվան չհնազանդվեցին և արժանացան նախասահմանված պատժին. «Ետ դառնաս դէպի երկիրը,— ասում է Աստված,— որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։ Մինչև իր ստեղծվելը Ադամը գոյություն չուներ. նա հող էր։ Եվ իր անհնազանդության կամ մեղանչելու պատճառով նա դատապարտվեց հողին վերադառնալուն՝ չգոյության նախկին վիճակին։
Այսպիսով, մահը կյանքի բացակայությունն է։ Աստվածաշունչը շեշտում է հետևյալ հակադրությունը. «Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծու շնորհքը՝ յաւիտենական կեանք» (Հռովմայեցիս 6։23)։ Ցույց տալով, որ մահը բացարձակ անգիտակցության վիճակ է՝ Աստվածաշունչն ասում է. «Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։ Այն նաև բացատրում է, որ երբ անհատը մահանում է, «նորա հոգին դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։3, 4)։
Բայց և այնպես, եթե միայն Ադամն ու Եվան Եդեմում անհնազանդ գտնվեցին, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք մահանում։ Քանի որ բոլորս էլ ծնվել ենք Ադամի անհնազանդությունից հետո, հետևաբար նրանից ժառանգել ենք մեղքն ու մահը։ Ինչպես Աստվածաշունչն է բացատրում. «Մէկ մարդի [Ադամի] ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամէն մարդկանց վերայ տարածուեցաւ» (Հռովմայեցիս 5։12; Յոբ 14։4)։
Բայց որևէ մեկը կարող է հարցնել. «Մի՞թե մարդիկ անմահ հոգի չունեն, որ վերապրում է մահը»։ Շատերն են ուսուցանում այս գաղափարը և նույնիսկ ասում, որ մահը մեկ այլ կյանքի առաջնորդող ճանապարհ է։ Սակայն այս հասկացությունը Աստվածաշնչից չէ։ Դեռ ավելին, Աստծո Խոսքը սովորեցնում է, որ դուք հոգի եք, որ ձեր հոգին իրականում դուք եք՝ ձեր մարմնական և մտային առանձնահատկություններով (Ծննդոց 2։7; Երեմիա 2։34; Առակաց 2։10)։ Աստվածաշունչը նաև ասում է. «Մեղանչող անձը [հոգին, ՆԱ] ինքը պիտի մեռնէ» (Եզեկիէլ 18։4)։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, թե մարդն անմահ հոգի ունի, որը մարմնի մահանալուց հետո կենդանի է մնում։
Ինչպե՞ս կարող են մարդիկ դարձյալ ապրել
Մեղքն ու մահն աշխարհ մտնելուց հետո Աստված հայտնեց հարության միջոցով մահացածներին կյանքի վերադարձնելու իր նպատակի մասին։ Աստվածաշունչը պարզաբանում է, որ Աբրահամը վստահ էր, «թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել [Իսահակին]» (Եբրայեցիս 11։17—19)։ Նրա վստահությունն անհիմն չէր, քանի որ Ամենակարողի մասին Աստվածաշունչն ասում է. «Աստուած մեռելներինը չէ, այլ կենդանիներինը. որովհետեւ ամենքը կենդանի են նորա համար» (Ղուկաս 20։37, 38)։
Այո՛, Ամենակարող Աստված ոչ միայն զորություն ունի, այլ նաև՝ իր ընտրյալներին հարություն տալու ցանկություն։ Հիսուս Քրիստոսն անձամբ ասաց. «Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կը լսեն։ Եւ դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։
Այս ասելուց շատ չանցած Հիսուսը հանդիպեց Իսրայելի Նային քաղաքից դուրս եկող թաղման թափորի։ Մահացած երիտասարդը մի որբևայրու միակ զավակն էր։ Կնոջ մեծ վիշտը տեսնելով՝ Հիսուսը խղճահարվեց։ Դիմելով դիակին՝ նա ասաց. «Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց»։ Տղան վեր կացավ, նստեց, և Հիսուսը հանձնեց նրան մորը (Ղուկաս 7։11—17)։
Ինչպես որբևայրու դեպքը, այնպես էլ հրեական ժողովարանի իշխան Հայրոսի տուն Հիսուսի այցելությունը ժողովրդին մեծ ցնծություն պատճառեց։ Նրա տասներկուամյա դուստրը մահացել էր։ Սակայն, Հայրոսի տուն հասնելուն պես, Հիսուսը մոտեցավ մահացած երեխային և ասաց. «Աղջիկ, վեր կաց», և նա վեր կացավ (Ղուկաս 8։40—56)։
Որոշ ժամանակ անց Հիսուսի բարեկամ Ղազարոսը մահացավ։ Երբ Հիսուսը մոտեցավ նրա տանը, Ղազարոսն արդեն չորս օրվա մահացած էր։ Չնայած նրա քույր Մարթան խիստ վշտացած էր, բայց արտահայտեց իր հույսն՝ ասելով. «Գիտեմ որ յարութիւն կ’առնէ յարութիւնումը՝ յետին օրը»։ Հիսուսը, քայլերը դեպի գերեզմանն ուղղելով, պատվիրեց մի կողմ դնել քարը և կանչեց. «Ղազարոս, դուրս եկ»։ Եվ նա դուրս եկավ (Յովհաննէս 11։11—44)։
Մի պահ խորհեցեք այս մասին. այդ մահացած չորս օրվա ընթացքում ի՞նչ վիճակի մեջ էր գտնվում Ղազարոսը։ Նա երանության երկնքում կամ տանջանքի դժոխքում գտնվելու մասին ոչինչ չասաց, որն անկասկած կաներ, եթե այնտեղ եղած լիներ։ Ո՛չ, մահացած Ղազարոսը բացարձակ անգիտակից վիճակում էր և այդպես կմնար մինչև «հարութեան ժամանակ վերջին օրը», եթե Հիսուսն այդ պահին նրան կյանքի չվերադարձներ։
Ճիշտ է, Հիսուսի գործած հրաշքները միայն ժամանակավոր օգուտ տվեցին, քանի որ այդ մարդիկ որոշ ժամանակ անց դարձյալ մահացան։ Այնուամենայնիվ, ավելի քան 1900 տարի առաջ նա փաստեց, որ Աստծո զորությամբ մահացած անհատն իսկապես կարող է կենդանանալ։ Այսպիսով, իր հրաշքների միջոցով Հիսուսը փոքր մասշտաբով ցույց տվեց, թե ի՛նչ տեղի կունենա երկրի վրա Աստծո Թագավորության ներքո։
Երբ մահանում է սիրելի մեկը
Երբ մարդու թշնամին՝ մահը, հարվածում է, հարության հույսն ունենալով հանդերձ ձեր վիշտը կարող է մեծ լինել։ Աբրահամը հավատում էր, որ իր կինը դարձյալ կապրի, սակայն կարդում ենք, որ «Աբրահամն եկաւ որ Սարրայի համար սուգ անէ եւ ողբայ» (Ծննդոց 23։2)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի մասին։ Երբ Ղազարոսը մահացավ, նա «իր հոգովը խռովեց եւ յուզուեց» և քիչ անց «արտասուեց» (Յովհաննէս 11։33, 35)։ Ուստի, երբ մահանում է ձեր սիրելիներից մեկը, արտասվելը տկարություն չի համարվում։
Երեխայի մահը հատկապես ծանր է տանում մայրը։ Աստվածաշնչում խոսվում է այն կսկծալի վշտի մասին, որը կարող է միայն մայրն ունենալ (Դ Թագաւորաց 4։27)։ Իհարկե, երեխան կորցրած հոր համար նույնպես դժվար է։ «Երանի թէ ես մեռնէի քեզ տեղ»,— սգում էր Դավիթ թագավորը, երբ իր որդի Աբիսողոմը մահացավ (Բ Թագաւորաց 18։33)։
Սակայն, քանի որ հավատում ենք հարությանը, մեր կսկիծն անմխիթար չի մնա։ Ինչպես ասում է Աստվածաշունչը. «Չ’տրտմիք ինչպէս ուրիշները որ յոյս չ’ունին» (Ա Թեսաղոնիկեցիս 4։13)։ Ընդհակառակը, մենք կմոտենանք Աստծուն աղոթքով, իսկ Աստվածաշունչը խոստանում է, որ «նա խնամք կ’անէ» ձեզ (Սաղմոս 55։22)։
Եթե այլ կերպ նշված չէ, Աստվածաշնչի մեջբերումները վերցված են Արարատ թարգմանության 1991թ.–ի վերահրատարակությունից։ Մեջբերումներից հետո (ՆԱ) հապավումը նշանակում է, որ այն թարգմանված է անգլերեն հրատարակված «Սուրբ Գրությունների Նոր Աշխարհ Թարգմանության» մեջբերումներով հրատարակությունից։