Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • hb էջ 17–22
  • Դուք ունեք ընտրելու իրավունք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դուք ունեք ընտրելու իրավունք
  • Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ձեր իրավունքը ճանաչված է
  • Դատարան դիմելուց ավելի ճիշտ քայլ
  • Սիրառատ հոգատարություն երեխաների հանդեպ
  • Ներարկմանը փոխարինող արդյունավետ մեթոդներ
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
  • Եհովայի վկաներ. վիրաբուժական/բարոյական խնդիր
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
  • Արյուն. ո՞ւմ ընտրությունը, ո՞ւմ խիղճը
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
  • Ես ընդունեցի արյան վերաբերյալ Աստծու տեսակետը
    2003 Արթնացե՛ք
Ավելին
Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
hb էջ 17–22

Դուք ունեք ընտրելու իրավունք

Այսօր բժիշկները կիրառում են օգուտների և վտանգների վերլուծության մեթոդը, որի շնորհիվ հեշտանում է համագործակցությունը արյունից հրաժարվող հիվանդների հետ։ Նրանք հաշվի են առնում տարբեր հանգամանքներ, ինչպես օրինակ՝ տվյալ դեղամիջոցի կամ վիրահատության վտանգներն ու հավանական օգուտները։ Ինչ վերաբերում է հիվանդներին, ապա նրանք նույնպես կարող են մասնակցել այս վերլուծությանը։

Բերենք մի հիվանդության օրինակ, որի հետ բախվել են շատ վայրերում ապրող մարդիկ։ Դա նշագեղձերի քրոնիկական բորբոքումն է։ Եթե դուք նման բորբոքում ունենայիք, հավանաբար կդիմեիք բժշկի։ Գուցե նույնիսկ խոսեիք երկու բժիշկների հետ, քանի որ առողջապահության ոլորտի մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս լսել նաև երկրորդ կարծիք։ Հնարավոր է, որ նրանցից մեկը վիրահատություն առաջարկեր։ Նա կբացատրեր դրա հետ կապված մանրամասները՝ թե որքան ժամանակ կպառկեք հիվանդանոցում, ինչպիսի ցավեր կունենաք, և որքան կարժենա բուժումը։ Իսկ վտանգների մասին գուցե ասեր, որ նման վիրահատությունների ժամանակ ուժեղ արյունահոսություն սովորաբար չի լինում, և մահացության դեպքերը շատ քիչ են։ Մինչդեռ մյուս բժիշկը թերևս մեկ այլ կարծիք արտահայտեր՝ խորհուրդ տալով բուժվել հակաբիոտիկների միջոցով։ Նա գուցե բացատրեր, թե ինչ դեղեր պետք է օգտագործեք, ինչպիսին է բուժվելու հավանականությունը, և որքան ծախսեր կունենաք։ Իսկ վտանգի վերաբերյալ հնարավոր է ասեր, որ այդ դեղերը շատ քիչ դեպքերում են կյանքին սպառնացող հակազդեցություններ առաջացրել։

Այդ բժիշկներից յուրաքանչյուրն էլ փորձառու մասնագետ է, և յուրաքանչյուրն էլ հաշվի է առել իր առաջարկած բուժման օգուտներն ու վտանգները։ Այժմ, սակայն, դուք պետք է խորհեք վտանգների, հավանական օգուտների, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնք բոլորից լավ ձեզ են հայտնի (միայն դուք գիտեք, թե ինչպիսին են, օրինակ, ձեր զգացական կամ հոգևոր ուժերը, բարոյական նորմերը, ընտանեկան բյուջեն, և թե ինչպես դա կանդրադառնա ձեր ընտանիքի վրա)։ Այնուհետև դուք ընտրություն եք կատարում։ Փաստերին ծանոթանալով՝ համաձայնություն եք տալիս բուժման մի ձևին և մերժում եք մյուսը։

Պարագան նույնը կլինի, եթե նշագեղձերի քրոնիկական բորբոքում ունենա ձեր երեխան։ Վտանգների, հավանական օգուտների, ինչպես նաև բուժման մեթոդների մասին տեղյակ կպահեն ձեզ, քանի որ դուք, լինելով այդ երեխայի սիրառատ ծնողը, ամենից շատ եք առնչվում այդ հարցին և հետագայում կրելու եք կայացված որոշման հետևանքները։ Բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ դուք կարող եք կայացնել ձեր որոշումը, որը վերաբերում է ձեր երեխայի առողջությանն ու նույնիսկ կյանքին։ Հնարավոր է՝ համաձայնվեք վիրահատության՝ իր բոլոր վտանգներով հանդերձ։ Որոշ ծնողներ էլ գուցե նախընտրեն հակաբիոտիկների միջոցով բուժումը և դրա հետ կապված վտանգները։ Ինչպես բժիշկները կարող են տարբեր խորհուրդներ տալ, այնպես էլ հիվանդները կամ ծնողները կարող են տարբեր տեսակետներ ունենալ այն բանի վերաբերյալ, թե որն է լավագույն բուժումը։ Սա է հասկացվում իրազեկորեն (օգուտներն ու վտանգները հաշվի առնելով) կայացված որոշման տակ։

Իսկ ի՞նչ կարելի է ասել արյան օգտագործման մասին։ Փաստերը անկողմնապահորեն քննող ոչ մի մարդ չի կարող մերժել այն հանգամանքը, որ արյան փոխներարկումը հղի է բազմաթիվ վտանգներով։ Դոկտոր Չարլզ Հագինսը, որը Մասաչուսեթսի Կենտրոնական հիվանդանոցի փոխներարկման բաժնի ղեկավարն է, միանգամայն պարզ ասաց. «Արյունը երբեք անվտանգ չի եղել։ Այն անառարկելիորեն պետք է վտանգավոր համարվի։ Արյունը ամենավտանգավոր նյութն է, որ մենք օգտագործում ենք բժշկության մեջ» («The Boston Globe Magazine», 4 փետրվարի, 1990 թ.)։

Ուստի բժշկական անձնակազմին այսպիսի հիմնավոր խորհուրդ տրվեց. «Անչափ կարևոր է վերանայել արյան փոխներարկման հետ կապված վտանգները օգուտներ/վտանգներ փոխհարաբերության մեջ և փնտրել բուժման այդ ձևին փոխարինող մեթոդներ» (ընդգծումը մերն է, «Perioperative Red Cell Transfusion», Առողջապահական ինստիտուտների ազգային կոնֆերանս, հունիսի 27–29, 1988 թ.)։

Բժիշկների միջև կարող են տարակարծություններ լինել արյան գործածության վտանգների և օգուտների հարցում։ Հնարավոր է, որ նրանցից ոմանք հաճախ են փոխներարկում կատարել և այն կարծիքին են, որ արդյունքները արդարացնում են ռիսկը։ Ոմանք էլ մտածում են, որ ռիսկը արդարացված չէ, քանի որ լավ արդյունքների են հասել առանց արյան։ Վերջին հաշվով՝ որպես հիվանդ կամ ծնող՝ դուք եք որոշում կայացնողը։ Ինչո՞ւ դուք։ Որովհետև դա վերաբերում է ձեր (կամ ձեր երեխայի) օրգանիզմին, կյանքին, բարոյական սկզբունքներին և, ամենակարևորը, Աստծո հետ ունեցած փոխհարաբերություններին։

Ձեր իրավունքը ճանաչված է

Այսօր շատ վայրերում հիվանդին անխախտ իրավունք է տրված՝ որոշելու իր բուժման մեթոդը։ «Իրազեկորեն համաձայնություն տալու մասին օրենքը հիմնված է երկու նախադրյալների վրա. առաջին՝ հիվանդն իրավունք ունի ստանալու բավականաչափ տեղեկություն՝ առաջարկվող բուժման կապակցությամբ իր որոշումը կայացնելու համար, և երկրորդ՝ հիվանդը ազատ է ընդունելու կամ մերժելու բժշկի առաջարկը։ .... Քանի դեռ հիվանդը չի դիտվում իբրև այնպիսի անձնավորություն, որն իրավունք ունի ասելու «ոչ» կամ «այո», կամ «այո»՝ որոշակի պայմաններով, գրեթե հիմք չի մնում համաձայնությունը իրազեկորեն տալու համար» («Informed Consent—Legal Theory and Clinical Practice», 1987 թ.)։a

Սակայն որոշ հիվանդներ դիմադրության են հանդիպել, երբ փորձել են օգտվել այդ իրավունքից։ Հնարավոր է՝ հակառակությունը ցույց է տրվել ընկերոջ կողմից, որն իր խոր համոզմունքներն ունի ընդդեմ նշագեղձերի վիրահատության կամ հակաբիոտիկների օգտագործման։ Հակառակություն կարող էր ցույց տալ նաև բժիշկը, որը համոզված էր իր խորհրդի ճշմարտացիության մեջ։ Անհամաձայնություն կարող էր արտահայտած լինել նույնիսկ հիվանդանոցի ղեկավարներից մեկը՝ ելնելով իրենց իրավական և ֆինանսական շահերից։

«Շատ օրթոպեդներ հրաժարվում են [Վկա] հիվանդներին վիրահատելուց,— ասում է դոկտոր Կարլ Նելսոնը։— Բայց մենք հավատացած ենք, որ հիվանդը իրավունք ունի մերժելու բուժման ցանկացած ձև։ Եթե տեխնիկապես հնարավոր է անվտանգ վիրահատություն կատարել՝ առանց որևէ առանձին մեթոդի կիրառման, ինչպես օրինակ՝ փոխներարկման, ապա նման վիրահատությունը պետք է հնարավոր տարբերակ համարել» («The Journal of Bone and Joint Surgery», մարտ, 1986 թ.)։

Նրբանկատ անհատը ճնշում չի բանեցնի բժշկի վրա, որպեսզի վերջինս բուժի նրան այն մեթոդով, որի կիրառման մեջ փորձ չունի։ Սակայն, ինչպես նշում է դոկտոր Նելսոնը, իրենց գործին նվիրված շատ բժիշկներ կարողանում են բուժումը հարմարեցնել հիվանդի համոզմունքներին։ Ահա թե ինչ խորհուրդ է տալիս մի գերմանացի պաշտոնյա. «Բժիշկը չի կարող հրաժարվել օգնություն ցույց տալուց.... պատճառ բերելով, թե Եհովայի վկաների դեպքում բուժման ոչ բոլոր ձևերն է հնարավոր կիրառել։ Նույնիսկ եթե իր հնարավորությունները սահմանափակ են, բժիշկը միևնույն է պարտավոր է աջակցություն ցույց տալ» («Der Frauenarzt», մայիս–հունիս, 1983 թ.)։ Նույնը և հիվանդանոցների մասին. դրանք գոյություն ունեն ոչ միայն փող աշխատելու համար, այլև ծառայելու բոլոր մարդկանց՝ առանց խտրականության։ Կաթոլիկ աստվածաբան Ռիչարդ Դիվայնը ասում է. «Թեպետ հիվանդանոցի անձնակազմը պետք է դիմի բոլոր մյուս միջոցներին՝ հիվանդի կյանքն ու առողջությունը պահպանելու համար, այն պետք է նաև վստահ լինի, որ [հիվանդի] խիղճը թույլ է տալիս նրան ենթարկվելու առաջարկվող բուժմանը։ Ավելին, հիվանդանոցը պետք է խուսափի ճնշում բանեցնելու բոլոր ձևերից՝ սկսած հիվանդին համոզելուց և վերջացրած դատարան դիմելուց արյան ներարկումը ստիպողաբար կատարելու նպատակով» («Health Progress», հունիս, 1989 թ.)։

Դատարան դիմելուց ավելի ճիշտ քայլ

Շատերն են համաձայնվում, որ դատարանն այն տեղը չէ, ուր պետք է լուծվեն անձնական բնույթի բժշկական հարցերը։ Օրինակ՝ ի՞նչ կզգայիք, եթե հակաբիոտիկներով բուժվելու որոշում կայացնեիք, սակայն ինչ–որ մեկը դիմեր դատարան, որպեսզի ստիպեր ձեզ նշագեղձերի հեռացման վիրահատության ենթարկվել։ Հնարավոր է, որ բժիշկը ցանկանա կիրառել բուժման այն մեթոդը, որն իր կարծիքով լավագույնն է, սակայն նրանից չի պահանջվում դիմել դատարան, ինչը կոտնահարի ձեր հիմնական իրավունքները։ Եվ քանի որ Աստվածաշունչը արյուն ընդունելը հավասարեցնում է պոռնկություն գործելուն, այս հարցում քրիստոնյայի վրա ճնշում բանեցնելը նույնը կլինի, ինչ ստիպողաբար նրա հետ սեռական հարաբերության մեջ մտնելը, այսինքն՝ բռնաբարությունը (Գործք 15։28, 29)։

Այնուամենայնիվ, մի գրքում խոսք էր գնում մի քանի դատավարությունների մասին, որոնց ժամանակ այնքան ցավագին ընդունվեց հիվանդի ցանկությունը՝ հանուն իր կրոնական իրավունքների որոշակի վտանգի ենթարկվելու, «որ իրավական մի քանի բացառություններ, եթե կուզեք, իրավական հնարքներ արվեցին թույլատրելու համար արյան փոխներարկումը» («Informed Consent for Blood Transfusion», 1989 թ.)։ Այդ քայլին դիմող մարդիկ գուցե փորձեն արդարանալ՝ ասելով, թե տվյալ հիվանդը հղի է, կամ՝ հարկավոր է օգնել երեխային։ Սակայն, ինչպես նշվում է վերոհիշյալ գրքում, «դրանք իրավական հնարքներ են։ Չափահաս մարդը, որ ունակ է պատասխան տալ իր արարքների համար, իրավունք ունի մերժելու բուժումը»։

Եհովայի վկաներին փոխներարկում պարտադրող մարդիկ հաճախ անտեսում են այն փաստը, որ վերջիններս չեն հրաժարվում բուժման բոլոր ձևերից։ Նրանք մերժում են բուժման մեկ ձև, որը, ինչպես նույնիսկ մասնագետներն են ասում, լի է վտանգներով։ Առողջական խնդիրը սովորաբար կարելի է լուծել տարբեր եղանակներով։ Մեկը կարող է վտանգավոր լինել մի տեսանկյունից, մյուսը՝ մեկ ուրիշ։ Մի՞թե դատարանը կամ բժիշկը ձեզանից ավելի լավ գիտեն, թե որ վտանգներին եք «դուք լավագույնս պատրաստ»։ Միայն դուք կարող եք որոշում կայացնել այս հարցում։ Եհովայի վկաները միանշանակ դեմ են, որ նրանց փոխարեն ուրիշը որոշում կայացնի, քանի որ նրանք անձամբ պատասխանատու են Աստծո առջև։

Եթե դատարանը պարտադրեր այնպիսի բուժում, որը գարշելի է ձեզ, ինչպե՞ս դա կանդրադառնար ձեր խղճի և ապրելու ցանկության վրա։ Դոկտոր Կոնհարդ Դրեբինգերը գրում է. «Անկասկած, բժշկի պատվախնդրության սխալ արտահայտություն կլիներ ճնշում բանեցնել հիվանդի վրա, որպեսզի վերջինս որոշակի բուժում ընդունի, և ոտնահարել նրա խիղճը՝ ֆիզիկապես նրան բուժելով, բայց հոգեպես մահացու հարված հասցնելով» («Der Praktische Arzt», հուլիս, 1978 թ.)։

Սիրառատ հոգատարություն երեխաների հանդեպ

Արյան ներարկման հետ կապված դատական գործերը հիմնականում վերաբերում են երեխաներին։ Երբեմն, երբ հոգատար ծնողը հարգալից կերպով խնդրում է, որ իր երեխային բուժեն առանց փոխներարկման, բժշկական անձնակազմը դիմում է դատարան՝ արյուն ներարկելու իրավունք ստանալու համար։ Ինչ խոսք, քրիստոնյաները համաձայն են այն օրենքների կամ դատական որոշումների հետ, որոնք նախատեսված են կանխելու երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքը կամ նրանց անուշադրության մատնելը։ Հնարավոր է, որ դուք կարդացել եք այնպիսի դեպքերի մասին, երբ որոշ ծնողներ դաժանորեն են վարվել իրենց երեխաների հետ կամ մերժել են բուժօգնության բոլոր ձևերը։ Ինչպիսի՜ ողբերգություն է դա։ Պարզ է, որ պետությունը կարող է և պարտավոր է քայլեր ձեռնարկել անուշադրության մատնված երեխային պաշտպանելու ուղղությամբ։ Բայց այն դեպքը, երբ հոգատար ծնողը բարձրորակ բուժում է խնդրում՝ առանց արյան ներարկման, ակնհայտորեն տարբերվում է ներկայացված դեպքերից։

Հիշյալ դատավարությունները սովորաբար վերաբերում են հիվանդանոցում պառկած երեխաներին։ Հարց է առաջանում, թե ինչպես և ինչու են նրանք հայտնվել այնտեղ։ Գրեթե բոլոր դեպքերում նրանց այնտեղ են բերել մտահոգված ծնողները, որպեսզի իրենց երեխան որակյալ բուժում ստանա։ Ինչպես որ Հիսուսն էր հետաքրքրվում երեխաներով, այնպես էլ քրիստոնյա ծնողներն են հոգ տանում իրենց երեխաներին։ Աստվածաշնչում խոսվում է իր զավակներին սնող մոր մասին։ Եհովայի վկաները այդպիսի խոր սեր են տածում իրենց երեխաների հանդեպ (Ա Թեսաղոնիկեցիս 2։7, ԱՆԹ; Մատթէոս 7։11; 19։13–15)։

Բնականաբար, բոլոր ծնողներն էլ կայացնում են այնպիսի որոշումներ, որ անդրադառնում են իրենց երեխաների անվտանգության և կյանքի վրա։ Ահա դրանցից մի քանիսը. ի՞նչ վառելանյութ օգտագործել տունը ջեռուցելու համար՝ գա՞զ, թե՞ նավթ։ Երեխային տանե՞լ հեռավոր ճանապարհորդության։ Կարո՞ղ է նա գնալ լողանալու։ Հնարավոր է, որ նման որոշումները վտանգավոր, նույնիսկ երեխայի կյանքին սպառնացող հետևանքներ ունենան։ Սակայն հասարակությունը ընդունում է, որ գլխավորապես ծնողներին է վերապահված երեխաների վերաբերյալ կայացնելու գրեթե բոլոր որոշումները։

1979 թ.–ին ԱՄՆ–ի գերագույն դատարանի ընդունած որոշման մեջ այսպիսի պարզ խոսքեր էին ասվում. «Ընտանիքին վերաբերող օրենքների հիմքում ընկած է մի գաղափար, համաձայն որի՝ ծնողն ունի այն, ինչ չունի երեխան հասունության, փորձի և դատելու կարողության առումով. բաներ, որոնք անհրաժեշտ են լուրջ որոշումներ կայացնելու համար։ .... Լոկ այն, որ ծնողի որոշումը [բժշկական հարցում] կարող է բացասական հետևանքներ ունենալ, հիմք չի տալիս, որ այդ որոշումը կայացնելու իրավունքը մեխանիկորեն անցնի պետական ինչ–որ կազմակերպության կամ պաշտոնյայի ձեռքը» («Parham v. J.R.»)։

Նույն թվականին Նյու Յորքի վճռաբեկ դատարանը այսպիսի որոշում կայացրեց. «Ամենակարևոր գործոնը, որ օգնում է որոշել, թե արդյոք երեխան զրկված է համապատասխան բժշկական օգնությունից.... այն է, թե արդյոք ծնողը հոգ է տարել, որ երեխան տվյալ հանգամանքներում ընդունելի բուժում ստանա։ Հարցը չպետք է դրվի այսպես՝ ծնողի որոշումը «ճիշտ» է, թե «սխալ», քանի որ ժամանակից բժշկությունը, չնայած իր մեծ առաջընթացին, շատ հազվադեպ է թույլ տալիս նման որոշակի գնահատական տալ բուժման որևէ մեթոդի վերաբերյալ։ Բացի այդ, դատարանը չի կարող ծնողի դեր վերագրել իրեն» («In re Hofbauer»)։

Նորից անդրադառնանք այն օրինակին, երբ ծնողները որոշում էին՝ վիրահատությա՞ն ենթարկել երեխային, թե՞ բուժել հակաբիոտիկներով։ Բուժման յուրաքանչյուր ձևն էլ իր ուրույն վտանգներն ուներ։ Հոգատար ծնողի պատասխանատվությունն է քննել հնարավոր օգուտներն ու վտանգները, ինչպես նաև մյուս գործոնները և որոշում կայացնել։ Այս առնչությամբ դոկտոր Ջոն Սեմյուելսը առաջարկում է ուշադրություն դարձնել «Ուղեցույց դատավորին երեխաների բուժմանը վերաբերող դատական գործերում» աղբյուրին, որը մասամբ ներկայացված է հաջորդ պարբերության մեջ («Anesthesiology News», հոկտեմբեր, 1989 թ.)։

«Բժշկությունը այնքան գիտելիքներ չի կուտակել, որպեսզի բժիշկը հիմք ունենա նախապես վստահությամբ ասելու՝ կապրի իր հիվանդը, թե կմահանա.... Եթե գոյություն ունի բուժման մեթոդի ընտրության հնարավորություն, այսինքն՝ եթե, օրինակ, բժիշկը առաջարկում է բուժման մի ձև, որի հաջողության հավանականությունը 80 տոկոս է, բայց ծնողները հավանություն չեն տալիս դրան, սակայն նրանք չեն առարկում բուժման մեկ ուրիշ մեթոդի դեմ, որի հաջողության հավանականությունը միայն 40 տոկոս է, բժիշկը պետք է սկսի այն բուժումը, որը թեև ավելի վտանգավոր է, բայց ընդունելի է ծնողների կողմից» («Guides to the Judge in Medical Orders Affecting Children»)։

Եթե հաշվի առնենք, որ բժշկական նպատակներով արյուն օգտագործելը բազմաթիվ մահաբեր հետևանքների է հանգեցրել, և որ գոյություն ունեն բուժման այդ ձևին փոխարինող արդյունավետ մեթոդներ, մի՞թե չենք եզրակացնի, որ արյունից խուսափելը նույնիսկ նվազ վտանգավոր է։

Բնական է, որ քրիստոնյաները ծանրութեթև են անում շատ գործոններ, եթե նրանց երեխան վիրահատության կարիք է ունենում։ Յուրաքանչյուր վիրահատություն՝ անարյուն լինի, թե՝ ոչ, կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Ո՞ր վիրաբույժն է հաջող ավարտ երաշխավորում։ Ամենայն հավանականությամբ, ծնողներին հայտնի են դեպքեր, երբ հմուտ բժիշկները հաջողությունների են հասել Վկաների երեխաներին անարյուն վիրահատություն կատարելու հարցում։ Ուստի նույնիսկ եթե բժիշկը կամ հիվանդանոցի ղեկավարներից որևէ մեկը այլ կարծիք ունի, ավելի խոհեմ չի՞ լինի արդյոք, որ նրանք համագործակցեն երեխայի հանդեպ սիրով լեցուն ծնողի հետ՝ սթրես պատճառող և ժամանակ խլող դատական պայքար սկսելու փոխարեն։ Կամ էլ ծնողները կարող են տեղափոխել երեխային մեկ ուրիշ հիվանդանոց, որի անձնակազմը ունի ինչպես նման խնդիրները լուծելու փորձ, այնպես էլ դա անելու ցանկություն։ Փաստորեն, անարյուն բուժումը շատ ավելի արդյունավետ մեթոդ է, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, այն կարող է օգնել ընտանիքին «իրագործել օրենքով թույլատրելի բժշկական և ոչ բժշկական նպատակները»։

[ծանոթագրություն]

a Տես «Արյուն. ո՞ւմ ընտրությունը, ո՞ւմ խիղճը» բժշկական հոդվածը՝ վերատպված այս գրքույկի հավելվածում, էջ 30, 31։

[շրջանակ 18–րդ էջի վրա]

Ազատում պատասխանատվությունից

Միգուցե ձեր մեջ հարց առաջանա, թե ինչու են որոշ բժիշկներ ու հիվանդանոցներ անմիջապես դիմում դատարան, որպեսզի արյան փոխներարկում կատարելու իրավունք ստանան։ Որոշ վայրերում այդ քայլին դրդող հիմնական պատճառը վախն է պատասխանատվության ենթարկվելու հանդեպ։

Սակայն կարիք չկա այդպես մտահոգվելու, եթե Եհովայի վկաները որոշում են, որ իրենց բուժումը պետք է ընթանա առանց արյան օգտագործման։ Ահա թե ինչ է գրում Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում (ԱՄՆ) աշխատող մի բժիշկ. «[Վկաների] մեծ մասը պատրաստակամորեն ստորագրում է Ամերիկյան բժշկական ընկերության կողմից կազմված այն բլանկը, ըստ որի՝ բժիշկներն ու հիվանդանոցները ազատվում են պատասխանատվությունից։ Բացի այդ, շատ Վկաներ իրենց մոտ պահում են բժշկական փաստաթուղթ («Medical Alert»)։ Իսկ «Հրաժարում արյան պատրաստուկներից» կոչվող բլանկը ճշգրտությամբ թվագրվելուց և ստորագրվելուց հետո իրավական ուժ ունեցող պայմանագրի կարգավիճակ է ստանում» («Anesthesiology News», հոկտեմբեր, 1989 թ.)։

Այո, Եհովայի վկաները պատրաստ են համագործակցել և բժշկին կամ հիվանդանոցին ազատել այն բանի համար իրավական պատասխանատվություն կրելուց, որ վերջիններս անհատին բուժել են նրա պահանջած ձևով՝ առանց արյան։ Ինչպես որ խորհուրդ են տալիս բժշկական ոլորտի մասնագետները, յուրաքանչյուր Վկա իր մոտ Բժշկական փաստաթուղթ է պահում։ Ամեն տարի այն նորացվում է և ստորագրվում տվյալ անհատի, ինչպես նաև վկաների կողմից, որոնք սովորաբար իր հարազատներն են։

1990 թ. մարտին Օնտարիոյի (Կանադա) գերագույն դատարանը ընդունեց մի որոշում, որի մեջ հավանության խոսքեր էին արտահայտվում այդ փաստաթղթի վերաբերյալ։ Այնտեղ ասվում էր. «Փաստաթուղթը գրավոր հայտարարություն է անհատի իրավական դիրքորոշման մասին, որը վերջինս կարող է գրավոր արտահայտել բժշկի հետ իր կնքած պայմանագրի մեջ»։ Իսկ պրոֆեսոր Դենիել Անդերսենը գրում է. «Եթե հիվանդը գրավոր ձևով պարզ հայտնում է, որ Եհովայի վկա է և ոչ մի պարագայում չի ցանկանում արյուն ընդունել, ապա այդ ցանկությունը պետք է հարգվի ճիշտ այնպես, ինչպես որ կհարգվեր, եթե նա բանավոր արտահայտած լիներ այն, քանզի հենց սա է նշանակում հարգել հիվանդի կամքի ազատությունը» («Medicinsk Etik», 1985 թ.)։

Վկաները պատրաստ են ստորագրել նաև հիվանդանոցի կողմից ներկայացրած պայմանագիրը։ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկում, օրինակ, գործածության մեջ է մի բլանկ, որում հատուկ տեղ է հատկացված բժշկի գրառումների համար։ Այնտեղ նա նկարագրում է, թե ինչ տեղեկություն է տվել հիվանդին վերջինիս բուժման վերաբերյալ։ Իսկ բժշկի և հիվանդի ստորագրության տողից վերև նշվում է. «Լինելով Եհովայի վկաների կրոնական խմբավորման անդամ՝ ես կտրականապես մերժում եմ ուրիշի արյան կամ արյան բաղադրիչների կիրառումը իմ վիրահատության ժամանակ։ Ես գիտեմ, որ դրանով մեծանում է արյունահոսության հետ կապված բարդությունների առաջացման վտանգը նախապես ծրագրված անհրաժեշտ վիրահատության ընթացքում։ Մասնավորապես այդ մասին հանգամանալի բացատրություններ ստանալուց հետո պահանջում եմ, որ անհրաժեշտ վիրահատությունը կատարվի առանց ուրիշի արյան կամ արյան բաղադրիչների կիրառման» («Herz Kreislauf», օգոստոս, 1987 թ.)։

Իրականում, անարյուն բուժումը նվազ վտանգավոր է։ Բայց այստեղ էականն այն է, որ Վկա–հիվանդները հաճույքով ազատում են բուժաշխատողներին անտեղի մտահոգություններից, որպեսզի նրանք կարողանան գործի անցնել և անել այն, ինչը կոչված են անելու. օգնել մարդկանց վերականգնել իրենց առողջությունը։ Այս համագործակցությունը օգուտ է տալիս բոլորին։ Դա երևում է հաջորդ պարբերության մեջ բերված խոսքերից, որ ասել է դոկտոր Անգելոս Կամբուրիսը «Եհովայի վկաներին արված որովայնային բարդ վիրահատություններ» հոդվածի մեջ։

«Վիրահատությունից առաջ կնքված համաձայնությունը ոչ մի դեպքում չպետք է խախտվի վիրաբույժի կողմից՝ անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա վիրահատության ընթացքում կամ դրանից հետո։ Սա կօգնի հիվանդին դրականորեն վերաբերվել վիրահատությանը, իսկ վիրաբույժի ուշադրությունը իրավական ու փիլիսոփայական բնույթի հարցերից կուղղվի վիրաբուժական և տեխնիկական հարցերի վրա, ինչի շնորհիվ նա ավելի լավ կկատարի իր գործը և լավագույն օգնությունը ցույց կտա իր հիվանդին» («The American Surgeon», հունիս, 1987 թ.)։

[շրջանակ 19–րդ էջի վրա]

«Բժշկական տեխնոլոգիաների չարաշահումը առողջապահության հետ կապված ծախսերի մեծացման գլխավոր պատճառն է։ .... Սա հատկապես վերաբերում է արյան փոխներարկմանը, քանի որ այն շատ ծախս է պահանջում և մեծ վտանգ է ներկայացնում։ Այդ իսկ պատճառով Հիվանդանոցների լիազորագրման ամերիկյան միացյալ հանձնաժողովի կողմից [«American Joint Commission on Accreditation of Hospitals»] արյան փոխներարկումը անվանվել է «շատ միջոցներ սպառող, մեծ վտանգ ներկայացնող և սխալներ գործելու առիթ տվող» մեթոդ» («Transfusion», հուլիս–օգոստոս, 1989 թ.)։

[շրջանակ 20–րդ էջի վրա]

Միացյալ Նահանգներ։ «Հիվանդի համաձայնությունը ստանալը անհրաժեշտ քայլ է, որի հիմքում ընկած է անհատի իրավունքների ճանաչման բարոյական սկզբունքը. մարդու ճակատագիրը որոշող վճիռները պետք է կայացվեն նրա մասնակցությամբ։ Նման համաձայնության համար իրավական հիմք է ծառայում այն հանգամանքը, որ առանց հիվանդի համաձայնության կատարված բուժումը բռնություն է անձի հանդեպ» («Informed Consent for Blood Transfusion», 1989 թ.)։

Գերմանիա։ «Որոշում կայացնելու իրավունքը, որ ունի հիվանդը, շատ ավելի կարևոր է, քան օգնություն ցույց տալու և կյանք փրկելու սկզբունքը։ Ի՞նչ է դա նշանակում. հակառակ հիվանդի կամքի՝ ոչ մի փոխներարկում» («Herz Kreislauf», օգոստոս, 1987 թ.)։

Ֆրանսիա։ «Անհրաժեշտ է հարգել հիվանդի համոզմունքները։ Օրինակ՝ չի կարելի ստիպել նրան ընդհատել հղիությունը լոկ այն պատճառով, որ մենք կարծում ենք, թե դա «լավ» կլինի ընտանիքի և հասարակության առողջության համար» («La Croix», 17 մարտի, 1988 թ.)։

[շրջանակ 21–րդ էջի վրա]

«Ես [Եհովայի վկաների] ընտանիքներում միասնություն և սեր տեսա,— գրում է դոկտոր Լորենս Ֆրանքելը։— Երեխաները կրթված են, ուշադիր ու հարգալից։ .... Նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք խստորեն հետևում են բժիշկների կողմից նշանակված բուժմանը, ինչով ըստ երևույթին ջանում են ցույց տալ, որ չեն մերժում բժշկական միջամտությունն այնքան ժամանակ, քանի դեռ դա չի հակասում իրենց կրոնական համոզմունքներին» («Department of Pediatrics, M. D. Anderson Hospital and Tumor Institute», Հյուսթոն, ԱՄՆ, 1985 թ.)։

[շրջանակ 22–րդ էջի վրա]

Դոկտոր Ջեյմս Ֆլեթչերը նշում է. «Ես մտավախություն ունեմ, որ հազվադեպ չեն այն դեպքերը, երբ մասնագիտական հպարտության պատճառով առողջ բժշկական դատողությունը դուրս է մղվում։ Բուժման այն մեթոդները, որ «այսօր լավագույն» են համարվում, վաղը ենթարկվում են փոփոխության կամ էլ դուրս են գալիս կիրառությունից։ Ո՞վ է ավելի վտանգավոր՝ «հավատացյալ ծնո՞ղը», թե՞ հպարտ բժիշկը, որը համոզված է իր առաջարկած բուժման անփոխարինելիության և անհրաժեշտության մեջ» («Pediatrics», հոկտեմբեր, 1988 թ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը